Եկել է քաղաքակրթությունը փոխելու ժամանակը. հարցազրույց Է. Մորենի հետ

-Ահաբեկչություն Փարիզում, արտակարգ դրություն, Ազգային ճակատի (ծայրահեղ ազգայնական կուսակցություն Ֆրանսիայում-Ն.Կ.) ծավալում, միգրացիայի զանգվածային ալիք, գործազրկության աննախադեպ ցուցիչով (բնակչության 10,2 %) խորհրդանշվող տնտեսական և սոցիալական խամրող իրադրություն. Ֆրանսիան ապրում է առանձնահատուկ անհանգստացնող ժամանակաշրջան։ Այս իրադարձությունների
համադրումը երևան է բերում ընդհանուր արմատներ և դրսևորումներ։ Հասարակության իրավիճակի հետ կապված ի՞նչ է այն սովորեցնում։1
-Այս իրավիճակը արտաքին և ներքին գործոնների շաղկապման արդյունք է՝ նման այն գործոններին, որոնք, լինելով մերթ բարենպաստ, մերթ թշնամական, իրենց հերթին սահմանագծում են Ֆրանսիայի դրությունը։ Այն իհարկե անբաժան է համաշխարհայնացման (գլոբալացման – Ն.Կ.) վիճակից, քանի որ մարդկությունն ինքն է ապրում «համամոլորակային ճգնաժամ»։ Իսկ Ֆրանսիան ենթակա է քաղաքակրթական, հասարակական, տնտեսական բազմաձև մի ճգնաժամի, որի առաջին դրսևորումը նույնպես բազմակի վատնումն է՝ սոցիալական, արդյունաբերական, աշխարհագրական, տարածքային ու մարդկային։ Մոլորակը ենթարկված է ամբողջացման ու տրոհման հակադիր գործընթացներին։
Հիրավի ամբողջ մարդկությունը միավորվում է «ճակատագրի համայնքի» մեջ, քանզի կիսում է բնապահպանական ու տնտեսական նույն կորուստները, կրոնական մոլեռանդությամբ կամ միջուկային զենքով պայմանավորված նույն վտանգները։ Այս իրողությունը պետք է որ կոլեկտիվ գիտակցության բերեր և ուրեմն զոդեր, համերաշխեցներ և խաչասերեր։ Այնինչ տիրապետողը հակառակն է. կծկվում ենք, տարանջատվում, հատվածավորվում՝ միջնապատերից ձերբազատվելու փոխարեն, պատսպարվում ենք յուրահատուկ՝ ազգային կամ կրոնական ինքնության հետևում։ Օտարին ընդունելու փոխարեն՝ նրա հանդեպ վախն է գերիշխում (օտարն այստեղ հասկանալով ամենալայն իմաստներով). այն ունի ներգաղթյալի, գնչուի, մաղրեբացու, մահմեդականի, իրաքցի փախստականի դեմք, բայց նաև ընդգրկում է այն ամենը,
ինչը թողնում է անկախությանը, տնտեսական, մշակութային ու քաղաքակրթական ինքնիշխանությանը վնաս հասցնելու հիմնավոր կամ երևակայական տպավորություն։ Ահա թե ինչն է «ստեղծում» համաշխարհային ճգնաժամ և նույնիսկ՝ համաշխարհային տագնապի զգացողություն, քանի որ այն ուղեկցվում է ապագայի հանդեպ հույսի բացակայությամբ: 80-ականների սկզբին Արևմուտքը կարծում էր, թե հաստատուն կանգնած է առասպելական «Փառապանծ երեսուն»-ի երկարաձգմամբ, և հաստատուն համոզված՝ վերելքային հասարակություն կառուցելու գործում։ Սովետական Միությունը և Չինաստանն իրենց հերթին պայծառ հորիզոն էին ավետում։
Կարճ ասած՝ յուրաքանչյուր ոք (կամ գրեթե) կարող էր հավատ ունենալ գալիքի նկատմամբ։ Այդ հավատը հօդս ցնդեց, այդ թվում՝ այսպես կոչված «երրորդ աշխարհի» երկրներում՝ իր տեղը զիջելով անորոշությանը, վախին ու հուսահատությանը։

1 Հարցազրույցը վարել է Դընի Լաֆեն (Denis Lafay)։ Թարգմանությունը՝ ըստ Edgar Morin: “Le temps est venu de changer de civilisation” (2016.02.11). www.acteursdeleconomie.latribune.fr

 

Հարցազրույցն առցանց հրատարակվում է ըստ Փոփոխության որոնումներ գրքի (Ժամակոչյան Ա․, Անդրեասյան Ժ․, Մանուսյան Ս․, Մանուսյան Ա․, 2016, Սոցիոսկոպ ՀԿ):

 

թարգմանիչ՝ Նազարեթ Կարոյան
խմբագիր՝ Նազենի Ղարիբյան

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22