Քաղաքականությունները պետք է մշակվեն՝ հիմնվելով համակողմանի վերլուծությունների և հետազոտությունների վրա

«Հարգելի պատգամավորներ, գործընկերներ, ներկաներ, իմ ելույթում ցանկանում եմ մի փոքր այլ տեսանկյունից հարցադրումներ հնչեցնել, որոնք, ամփոփում են նաև իմ դիրքորոշումները քննարկվող նախագծի և առհասարակ քաղաքականությունների մշակման սկզբունքների և պրակտիկաների շուրջ։

Ես ողջունում եմ ԱԺ-ում հանրային լսումների այս նախաձեռնությունը, որը, հուսամ, սովորական պրակտիկա դառնալով, հրաշալի հարթակ կդառնա տարբեր շահագրգիռ խմբերի տեսանկյուններն ու գիտելիքները ի մի բերելու համար։ Սակայն մենք չենք կարող զուտ այս ձևաչափի առկայությունը առաջընթաց համարել, քանի որ հանրային քննարկումները գործնական նշանակություններ և հետևանքներ դեռ չեն ունեցել՝ քաղաքական որոշումներում հանրային շահերն արտացոլելու տեսանկյունից։

Իրական փոփոխությունները և առաջընթացը տեղի կունենան, եթե մենք հասնենք որոշումների կայացման մեջ իրական մասնակցայնության, և որ վերջապես ձերբազատվենք քաղաքականությունների հիմքում կառավարության, այս կամ այն նախարարության ինտուիտիվ կամ մասնակի հիմնավորված պատկերացումները դնել։ Կարևոր է, որ վերջապես քաղաքականությունները մշակվեն՝ հիմնվելով համակողմանի վերլուծությունների և հետազոտությունների վրա։ Ներկայացնելով սոցիալական և մարդու իրավունքների հիմնախնդիրների հետազոտման և բարեփոխման ոլորտը՝ ես առաջին հերթին կարևորում եմ նման վերլուծությունների և հետազոտությունների իրականացումը հենց այս ոլորտների հանդեպ զգայունության տեսանկյունից։

ՀՀ սահամանադրությունը անփոփոխ հոդվածով սահմանում է, որ մենք ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն ենք, որտեղ, ուրեմն, քաղաքացիների միջև սոցիալական արդարության և սոցիալական պաշտպանվածության, որն է նաև՝ պետության բարօրության հարցը չի կարող երկրորդվել։ Բացի սահմանադրության պահանջներից, այս պահանջը ձևակերպվել է նաև ՀՀ քաղաքացիների կողմից՝ անցյալ տարի հեղափոխության փողոցային պայքարի ընթացքում։

Հեղափոխական Ազգային Ժողովն, ուրեմն, այլևս այս սահամանադրված և բարձրաձայնված պահանջների իրագործող մարմինն է Հայաստանում, և առաջին շահագրգիռ կողմերից մեկը պետք է լինի, որ ձգտի ձեռք բերել այս կենսական նշանակության քաղաքական-տնտեսական փաստաթղթի համակողմանի գնահատականները։ Հետևաբար, ուզում եմ հարցնել՝ ինչ նման քայլեր են ձեռնարկվել մինչ այժմ։

Արդյո՞ք տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դիմել է իրավասու պետական մարմիններին, մասնավորապես՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կամ այլընտրանքային մարմինների՝ քննարկվող նախագծի սոցիալական ազդեցության գնահատականը ստանալու համար, և եթե ոչ, ապա ինչու՞ չի դիմել։

Արդյո՞ք մեկ շահագրգիռ նախարարության տնտեսական ազդեցության գնահատականները և դիրքորոշումները բավարար են հարկային քաղաքականության մեջ բեկումնային փոփոխությունների նման առաջարկն այսօր քննարկելու համար։

Արդյոք չպե՞տք է հենց տնտեսական հարցերի հանձնաժողովը նախաձեռներ այս բոլոր համակողմանի ազդեցության գնահատականների և վերլուծությունների ստացման գործընթացը, որն էլ մեր այսօրվա և գուցե հետագա քննարկումների համար կարող էր սկզբնակետ հանդիսանալ։

Հարկային քաղաքականության փոփոխությունը ենթադրում է իրական ազդեցություն մարդկանց գրպանի, եկամուտի վրա, ինչն էլ, իր հերթին, չի կարող չազդել սոցիալ-տնտեսական վարքի և ընդհանուր բարեկեցության մակարդակի վրա։ Մենք գիտե՞նք արդյոք, թե առաջակվող նախագիծը գործողության մեջ դնելու դեպքում ինչ ազդեցություն կունենա․ ա․ աղքատության մակարդակի վրա, բ․ ցածր եկամուտ ունեցողների և տնտեսապես խոցելի խմբերի դրության վրա, գ․միջին և բարձր եկամուտ ունեցողների սոցիալ-տնտեսական և ծախսային վարքի վրա, դ․ եկամուտների վերաբաշխման կառուցվածքի վրա։

Կարծում եմ՝ բավարար հիմնավորված կերպով չգիտենք։ Նրանք, ովքեր հետևել են այսօրվա քննարկվող նախագծի ձևավորման պատմությանը, գիտեն, որ եկամտահարկի համահարթ հարկման առաջարկը ի սկզբանե աչքի չի ընկել հետազոտական հիմնավորվածությամբ և փաստարկվածությամբ։ Այնպիսի տպավորություն է, որ նախ ընտրվել է հարկման սկզբունքը, ապա հետո որոշում է կայացվել հիմնավորել այն՝ այն էլ, երևի, տնտեսական ազդեցությունը գնահատելու օրենքի պահանջից ելնելով։ Այս ոչ պատասխանատու մոտեցումը ենթադրում է, որ նախ մենք պետք է իրականացնենք համակողմանի վերլուծություններ, և դրանից հետո առաջարկենք կամ որդեգրենք հարկային նոր մեխանիզմներ։

Ուստի ես կոչ եմ անում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին ձեռնարկել այս հարցերի լիարժեք և համակողմանի պատասխանները տվող տեղեկատվության հավաքագրումը և հետո միայն քննարկման առարկա դարձնել այս նախագիծը, որովհետև հասարակությունը գուցե հանդուրժի մեկ-երկու հակասոցիալական փոփոխություն, բայց իրապես առաջադեմ ռեֆորմների դեպքում դուք կստանաք հասարակության աջակցությունը, ինչպես հեղափոխության օրերին էր»։

Նվարդ Մարգարյան, 

Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպած խորհրդարանական լսումներ

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22