Ինչու՞ պատերազմ․ Մաս 1

Պատերազմի պատճառների ու խաղաղության հնարավորության մասին Զիգմունդ Ֆրոյդի հետ  նամակագրությունը Ալբերտ Այնշտայնը նախաձեռնել էր 1932թ․՝ Ազգերի լիգայի[1] ներքո գործող Մտավոր համագործակցության միջազգային ինստիտուտում իր գործունեության շրջանակներում։ Նամակագրությունը «Ինչո՞ւ պատերազմ» վերնագրմամբ 1933թ գարնանը հրատարակվեց միաժամանակ գերմաներեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։ Գերմանիայում դրա շրջանառությունն արգելվեց, քանի որ նույն տարում արդեն իշխանության եկավ Ադոլֆ Հիտլերն իր նացիստական կուսակցությամբ (իսկ Այնշտայնը ԱՄՆ հերթական այցից հետո այլևս չվերադարձավ Գերմանիա՝ հաշվի առնելով իր հրեական ծագումը)։ Նյութը բավարար հայտնի չէ թերևս այս հանգամանքի, ինչպես նաև փոքր տպաքանակի բերումով։ Նամակը մի կողմից արտացոլում է Առաջին համաշխարհային պատերազմի թողած ազդեցությունը նրանց մտորումների վրա, մյուս կողմից՝ ահագնացող նոր միջազգային լարման նախանշանները։ Այնշտայնը և՛ ֆիզիկայում իր մշակումներով, և՛ ԱՄՆ-ի՝ ատոմային զենք մշակելու քաղաքական որոշման վրա իր ազդեցությամբ ավելի քան մոտ էր կանգնած միջուկային սպառնալիքին և մյուս կողմից՝ բազմիցս գնահատվել է խաղաղությանն ուղղված իր ջանքերի համար. ինչ-որ տեղ նրա կերպարը խորհրդանշում է միջուկային զենքի հակասական դերը պատերազմների վարման և զսպման գործում։

Պետք է ասել, որ թեև Այնշտայնն իր տողերում բավական գիտական կշիռ է տալիս Ֆրոյդի տեսությանը պատերազմի պես բարդ խնդիր հասցեագրելու գործում, իրականում նա ոգևորված չէր հոգեվերլուծությամբ, իսկ առհասարակ երկու ինտելեկտուալների փոխադարձ վերաբերմունքները երկակի են եղել (դրանց նվիրված ողջ վերլուծություններ կան)։ Մի առիթով մեթոդին իր թերահավատությունն արտահայտելու համար նա ասել է «(…)Մեր քայլելուն կօգնե՞ր արդյոք, եթե վերլուծեինք մեր ոտքերը և իմանայինք ամեն մկանի ստույգ դերն ու դրանց աշխատանքի հաջորդականությունը»։ Այդուհանդերձ, նամակը արժեքավոր է որպես ժամանակի երկու ազդեցիկ ինտելեկտուալների բովանդակային քննարկում, որտեղ նրանք կիսվում են սեփական հոռետեսությամբ՝ միաժամանակ փորձ անելով հաղթահարել այն։ Նրանք մի քանի ջերմ նամակ են փոխանակել նաև հետագա տարիներին։

Թարգմանության այս մասում ներկայացվում է Այնշտայնի՝ սեփական մտորումներով շաղախված հարցումը Ֆրոյդին, իսկ երկրորդ մասում ընթերցողին կներկայացվի Ֆրոյդի ծավալուն պատասխանը։ Նամակը թարգմանվել է անգլերեն տարբերակից՝ գերմաներեն բնագրի հետ մանրակրկիտ համեմատությամբ։

Ս․ Մ․

27 մարտի, 2020

 

 

ԻՆՉՈ՞Ւ ՊԱՏԵՐԱԶՄ[2]

Կապութ Պոտսդամի մոտ, 30-ը հուլիսի, 1932

Թանկագին պարոն Ֆրոյդ

Ազգերի լիգայի և դրա՝ Փարիզում Մտավոր համագործակցության միջազգային ինստիտուտի նախաձեռնությունը (որ ես իմ հայեցողությամբ որևէ մեկին իմ ընտրած որևէ խնդրի շուրջ ազատորեն մտքեր փոխանակելու քննարկման հրավիրեմ) ինձ եզակի և ուրախալի հնարավորություն է ընձեռում՝ Ձեզ հետ խորհրդակցելու մի այնպիսի հարցի շուրջ, որը ներկայումս կարծես կարևորագույնն է քաղաքակրթության համար։ Հարցը հետևյալն է․ կա՞ արդյոք որևէ ուղի՝ մարդկությունն ազատելու պատերազմի աղետից։ Արդեն հանրահայտ է, որ արդի տեխնիկական առաջընթացի հետ այս խնդիրը գոյության հարց է դարձել մարդկային քաղաքակրթության համար։ Ողջ եռանդով հանդերձ, սակայն, դրա լուծմանն ուղղված բոլոր ջանքերը մինչ այժմ սոսկալիորեն ձախողվել են։

Կարծում եմ, որ շատերը, ովքեր գործի ու մասնագիտության բերումով այս խնդրով են զբաղվում, սեփական անկարողության աճող գիտակցումից դրդված՝ նույնպես աշխույժ ցանկություն ունեն՝ իմանալու այն մարդկանց տեսակետը, ովքեր իրենց գիտական գործունեության բերումով հեռուն են գնացել կենսական հարցերի իմացության մեջ։ Անձամբ իմ մտքի բնականոն ուղղվածությունը թույլ չի տալիս որևէ կերպ ներհայելու դեպի մարդկային ցանկությունների ու զգացմունքների խորքերը։ Ուստի մտքերի այս փոխանակման մեջ չեմ կարող անել ավելին, քան փորձել հստակեցնել հարցադրումը` կանխավ դաշտն ազատելով խնդրի առավել մակերեսային լուծման փորձերից ու Ձեզ հնարավորություն տալ՝ լույս սփռել խնդրին մարդու բնազդային կյանքի վերաբերյալ Ձեր խորքային գիտելիքի դիրքերից։ Դուք, համոզված եմ, կկարողանաք մատնանշել ուսանելի ձևեր, որ քիչ թե շատ դուրս են քաղաքականությունից և ի վիճակի են վերացնել այն հոգեբանական խոչընդոտները, որոնք հոգեբանությունից անտեղյակ մարդը կարծես կռահում է, բայց անկարող է գլուխ հանել դրանց բոլոր փոխառնչություններից ու փոխակերպումներից։

Անձամբ ինձ՝ որպես ազգային զգացումներից զերծ մեկին, խնդրի արտաքին՝ կազմակերպչական կողմը պարզ է թվում։ Դա այնպիսի օրենսդրական և դատական մարմնի ստեղծումն է՝ միջազգային համաձայնության վրա հիմնված, որը կոչված կլինի հարթել պետությունների միջև ծագող յուրաքանչյուր կոնֆլիկտ։ Յուրաքանչյուր պետություն կպարտավորվեր ենթարկվել այս օրենսդրական մարմնի սահմանած օրենքներին, ցանկացած վեճում դիմել դրա դատավարմանը, անվերապահորեն ընդունել դրա վճիռները, ինչպես նաև ձեռնարկել բոլոր մյուս միջոցառումները, որոնք ատյանն անհրաժեշտ կհամարեր իր որոշումների իրականացման համար։ Սակայն հենց այստեղ ես դեմ եմ առնում առաջին դժվարությանը․ դատական ատյանը մարդու ստեղծած հաստատություն է, և որքանով տրամադրության տակ եղած իշխանությունն է անբավարար իր որոշումները պարտադրելու գործում, այնքանով այդ որոշումները ենթակա են արտաիրավական ազդեցություններին։ Կա մի փաստ, որի հետ պետք է հաշվի նստել․ իրավունքը և ուժը անքակտելիորեն կապված են, և որևէ դատական օրգանի վճիռներն այնքանով են մոտենում համայնքի պահանջած իդեալական արդարադատությանը (այն համայնքի, որի անունից և շահերից այդ իրավունքը խոսում է), որքան ավելի այդ համայնքն ազդեցություն ունի՝ իր դատական իդեալի հանդեպ հարգանք պարտադրելու։ Սակայն ներկայումս մենք հեռու ենք որևէ այդպիսի վերազգային կազմակերպություն ունենալուց, որն իրավազոր կլիներ կայացնելու անվիճելի հեղինակություն ունեցող դատավճիռներ և պարտադրելու բացարձակ ենթարկում դրանց։ Այսպիսով, ես վերադառնում եմ իմ սկզբնական պնդմանը․ միջազգային անվտանգության տանող ճանապարհն անցնում է յուրաքանչյուր պետության կողմից իր գործողությունների ազատությունը, ասել է թե՝ ինքնիշխանության որոշ մասն անպայմանականորեն զիջելու միջով․ կասկածից վեր է, որ անվտանգության տանող այլ ուղի չկա։

Նախորդ տասնամյակում այս նպատակին հասնելուն ուղղված բոլոր ջանքերի ձախողումը՝ չնայած դրանց վստահաբար անկեղծ մտադրությանը, պարզորոշ ցույց է տալիս, որ այստեղ գործում են այդ փորձերը կաթվածահար անող ազդեցիկ հոգեբանական ուժեր։ Այս գործոնների մի մասը պետք չէ հեռու փնտրել։ Իշխանության փափագը, որ բնորոշ է ամեն ազգի տիրապետող խավին, ոխերիմ է պետության ինքնիշխանության ցանկացած սահմանափակման։ Եվ այդ քաղաքական իշխանաքաղցը սովոր է սնվել հասարակության մեկ այլ, այն է՝ զուտ նյութական, տնտեսական նկրտումներ ունեցող խավի գործունեությունից։ Նկատի ունեմ հատկապես յուրաքանչյուր ազգում ակտիվ գործող այն փոքրաթիվ, բայց վճռական խումբը, որը կազմում են սոցիալական նկատառումներին ու սահմանափակումներին անտարբեր անհատներ, որոնք պատերազմը, զենքի արտադրությունն ու վաճառքը դիտում են պարզապես որպես անձնական շահեր կորզելու և սեփական ազդեցությունն ընդլայնելու առիթ։

Այս ակնառու փաստի ճանաչումը, սակայն, ընդամենն առաջին քայլն է իրերի փոխառնչությունները հասկանալու գործում։ Սրան անմիջապես հետևում է մեկ այլ հարց․ ինչպե՞ս է ստացվում, որ վերը նշված փոքր խմբակը կարողանում է իր նկրտումներին ի ծառայություն կռել մեծամասնության կամքը, ովքեր պատերազմից միայն կորցնելու և տառապելու են: (Մեծամասնության մեջ, ի դեպ, ես ներառում եմ նաև բոլոր աստիճանակարգերի զինվորականներին, որոնք ռազմն ընտրել են որպես մասնագիտություն՝ հավատացած, որ ծառայում են իրենց ժողովրդի բարձրագույն բարիքի պաշտպանությանը, և որ հարձակումը հաճախ լավագույն պաշտպանությունն է:) Այս հարցի ամենամոտ պատասխանը կարծես այն է, որ փոքրամասնության՝ ներկայիս իշխող խավի ձեռքի տակ են դպրոցները, մամուլը և մեծամասամբ նաև կրոնական կազմակերպությունները։ Այս միջոցներով այն կառավարում և ուղղորդում է զանգվածների հույզերը, դրանք դարձնում իր կամազուրկ գործիքը։

Սակայն նույնիսկ այս պատասխանը լիարժեք պատկեր չի ստեղծում, և առաջ է բերում մեկ այլ հարց․ ինչպե՞ս է ստացվում, որ նշված միջոցները կարողանում են զանգվածներին բորբոքել ու հասցնել մինչև մոլեգնություն և ինքնազոհաբերում։ Պատասխանը միայն մեկը կարող է լինել․ մարդն իր մեջ ատելության ու ոչնչացման մղում ունի։ Բնականոն ժամանակներում այս հակումը ծածկընթաց է, և գլուխ է բարձրացնում միայն ոչ նորմալ հանգամանքներում, սակայն այն արթնացնելն ու մինչև կոլեկտիվ մտագարություն հասցնելը դժվար չէ։ Այստեղ է թաքնված, թերևս, մեր քննարկած փոխկապված գործոնների հանգուցային խնդիրը, որ կարող է պարզաբանել միայն մարդկային մղումների մեծ գիտակը։

Եվ ահա գալիս ենք մեր վերջին հարցին․ hնարավո՞ր է արդյոք մարդու հոգեկան զարգացումն ուղղորդել այնպես, որ նա դիմադրողական դառնա ատելության և կործանման փսիխոզներին։ Ըստ որում ես ոչ մի դեպքում նկատի չունեմ միայն այսպես կոչված «անկիրթ զանգվածներին»։ Իմ կենսափորձից ելնելով՝ հենց այսպես կոչված «ինտելիգենցիան» է, որ առավել հակված է տրվելու այս աղետաբեր կոլեկտիվ ներշնչանքներին, որովհետև նա սովոր է ոչ թե անմիջականորեն փորձառել իրական կյանքը, այլ առնչվել դրան ամենահարմարավետ ձևով՝ տպագիր էջերից։ Եվ վերջում մի բան էլ․ մինչ այժմ ես խոսում էի միայն պետությունների միջև ընթացող կամ այլ կերպ ասած՝ միջազգային կոնֆլիկտների մասին։ Սակայն ես լավ գիտեմ, որ ագրեսիվ բնազդը գործում է այլ ձևերի ներքո և այլ հանգամանքներում ևս (օրինակ՝ քաղաքացիական պատերազմները, որոնք ավելի վաղ կրոնական հիմքով էին, իսկ մեր օրերում՝ սոցիալական, կամ ազգային փոքրամասնությունների հետապնդումները)։ Սակայն ես գիտակցաբար եմ  կանգնում մարդկային հանրությունների միջև կոնֆլիկտի ամենատիպական, ամենակորստաբեր ու անսանձ ձևի վրա, քանի որ դրանց պատկերավոր օրինակով լավագույնս կարող ենք գտնել ռազմական կոնֆլիկտներից խուսափելու ուղիները։

Գիտեմ, որ Դուք Ձեր գրվածքներում ունեք մեզ հետաքրքրող այս հրատապ խնդրին առնչվող բոլոր հարցերի պատասխանները՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն։ Սակայն խիստ օգտակար կլինի, եթե Դուք ներկայացնեք համաշխարհային խաղաղության խնդիրը Ձեր ամենաթարմ բացահայտումների լույսի ներքո, քանի որ այդպիսի ներկայացումը միանգամայն կարող է արահետ բացել հետագա արգասաբեր ջանքերի համար։

Ջերմորեն՝

Ձեր Ա․ Այնշտայն

 

[1] Առաջին  միջազգային կազմակերպությունը, որը խաղաղության պահպանման և պատերազմների կանխման նպատակով ստեղծվեց 1919թ՝ առաջին աշխարհամարտից հետո, և որին երկրորդ աշխարհամարտից հետո փոխարինելու եկավ ՄԱԿ-ը։

[2] Թարգմանությունը՝ Սոնա Մանուսյանի, ըստ՝ Einstein, A. – Sigmund, F. (1933). Why War? (Stuart Gilbert, Trans.). International Institute of Intellectual Co-operation (League of Nations) և համեմատվել գերմաներեն բնագրի հետ ըստ` Einstein, A. – Sigmund, F. (1933). Warum Krieg? Internationales Institut für geistige Zusammenarbeit (Völkerbund)` օգտվելով հետևյալ էլեկտրոնային հրապարակումից․ https://bit.ly/2xut2Cj։

Նկարի համար սկզբնաղբյուր են ծառայել preining.info և fromthegrapevine.com կայքերը։

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22