2016 թվականի հունվարին Սոցիոսկոպը հրապարակեց իրավապաշտպանների և ակտիվիստների հանդեպ առցանց մեդիայի հանդուրժողականության ինդեքսի 2015 թվականի չափման տվյալները: Դրանց համաձայն՝ հանդուրժողականության բացահայտ դրսևորումները հայաստանյան առցանց մեդիադաշտում սակավ էին: Այս առումով ուսումնասիրված տասը լրատվամիջոցներից առանձնանում էր միայն Իրավունքը, որի խմբագիրը, Media.am-ի հետ հարցազրույցում բացեիբաց հպարտանում է նման դիրքորոշմամբ: Մեջբերենք մի խիստ բնութագրական հատված այդ հարցազրույցից.
-Անհանդուրժողական, ծայրահեղ ազգայնական մոտեցումները թերթի վաճառքին նպաստու՞մ են. լսարանի որևէ հատված կա՞, որն այդպիսի տեղեկատվություն է ուզում:
-Բնականաբար: Բաներ կան, որ մեր ժողովուրդը չի սիրում: Մեր հանրությանը խորթ է սուտ հանդուրժողականության տիրույթը, դա չի ընդունում մեր հանրությունը: Անշուշտ, այլ տերմինաբանությամբ նույն հարցերը կբնորոշեի…
-Որտեղի՞ց գիտես, թե ո՛րն է սուտը, ո՛րը՝ անկեղծը, կամ ի՛նչ է ընդունում մեր հանրությունը և ինչ չի՛ ընդունում:
-Հետադարձ կապը կա:
-Այսինքն՝ այդ գաղափարները ոչ թե քո ինքնահամոզումն են, այլ տուրք ես տալիս հետադարձ կապով եկած կարծիքին:
-Իմ համոզումն է, որ ազգային սեփական դեմքը պիտի պահենք: «Սոցիոսկոպ» կառույցը անհանդուրժողականության ցուցանիշով ճանաչել է առաջատար «Իրավունք» թերթը: Բայց հանդուրժողականության և ոչ հանդուրժողականության ցուցանիշները, որոնցով արվել է ուսումնասիրությունը, մեզ համար «ներմուծողի» անընդունելի ցուցանիշներ են»[1]:
Իհարկե, հաշվի առնելով, որ Իրավունքն այս պարագայում սպիտակ ագռավ է ուսումնասիրված մնացյալ ինը առցանց լրատվամիջոցների ֆոնին, կարելի է կարծել, թե իրավիճակն այդքան էլ վատ չէ: Այս փաստը, սակայն, ոչ այնքան վկայում էր մեդիադաշտում իրավապաշտպանների և ակտիվիստների հանդեպ անհանդուրժողականության՝ ոչ ակտուալ լինելու մասին, որքան ցուցանում խնդիրների ավելի խորքային հասկացման անհրաժեշտությունը:
Հանդուրժող լինելն այն կոչն է, որով կարծես ամենքս անընդհատ դիմում ենք մեկմեկու: Ընդ որում՝ հանդուրժողականությունն այստեղ դիտարկելով բացառապես դրական իմաստով: Իրականում հանդուրժողականությունը խնդրահարույց եզրույթ է, որ միավորելուն կոչված լինելով՝ առավելապես սահմանազատում է հանդուրժողին ու հանդուրժվողին: Այլ կերպ ասած, հանդուրժել բառն իսկ ելնում է այն դրույթից, թե կա տարբեր որևէ մեկը, որին մենք պետք է հանդուրժենք: Այս հարաբերությունը անհամաչափ է, որտեղ հանդուրժողը գերակայող դիրքից տարբերվողին շնորհում է իր հետ համատեղ գոյության/կեցության իրավունք: Հարաբերության շրջանակներում հանդուրժվողը միայն կրողի դիրքում է՝ դրան արձագանքելու անհնարինությամբ: Այսպիսով, առաջին հայացքից կարծես թե այնքան դրական եզրույթը լեգիտիմացնում է արդի հասարակարգում իրերի դրությունը՝ քողարկելով իրականում անհավասար հարաբերությունները հանդուրժողականության ներքո:
Խնդիրը քաղաքական է և պատմական արմատավորվածություն ունի: Մասնավորապես, հանդուրժում՝ տոլերացիա եզրի՝ հայտնի առաջին գործածումն էլ վերաբերում է քաղաքական հանդուրժման դեպքին՝ բնութագրելով իշխանություններից համապատասխան թույլտվություն ունենալու իրավիճակը դեռևս 14-րդ դարում:
Իհարկե, այս քննարկումը հարուստ պատմություն ունի՝ մի շարք տարաժամանակ ու զուգահեռ հետաքրքիր բանավեճերով: Նշված քննարկման շրջանակներում է, որ առաջ է քաշվել այլ՝ ընդունում եզրը՝ դրա տակ հասկանալով հանդուրժելուց մեկ քայլ առաջ գնալը՝ դիմացինին իբրև հավասարի ընդունելը:
Այնուամենայնիվ, թե հանդուրժողականության, թե ընդունման պարագայում այդ եզրույթների ճանաչողական ներուժը մնում է սահմանափակ՝ կաշկանդվելով թե՛ քաղաքական շրջանառության ավանդույթներով և կաղապարներով, թե՛ սոցիալական հարաբերությունների՝ խիստ կոնկրետ տեսանկյունից պատկերացմամբ: Խոսքն այն մասին է, որ հանդուրժողականության գաղափարն իսկ առաջ է գալիս հանդուրժվելու կարիք ունեցողների առկայությունից, սակայն զարմանալիորեն սահմանվում է մի եզրով, որում իր՝ թիրախ լինելն առավելապես կարծեցյալ է: Այսինքն՝ հանդուրժողականություն/անհանդուրժողականությունը, ինչպես և ընդունում/չընդունումը բնութագրում է հանդուրժողին/ընդունողին, որը կարծես թե առանց այդ էլ հասարակական հարաբերություններում և իրադրությունում առավել նպաստավոր տեղ է զբաղեցնում: Ուստի, կոչված լինելով բարձրացնել չհանդուրժվողի ու չընդունվողի խնդիրը, հանդուրժողականությունը/ընդունումը քողարկում է այն:
Սա է պատճառը, որ մեդիայում հանդուրժողականության չափման առանցքի փնտրտուքներում Սոցիոսկոպը հարմար գտավ հարցը դիտարկել հենց այն մարդկանց դիտանկյունից, որոնց վերաբերմամբ էլ հրատապ ու արդիական է հնչում ընդունման և հանդուրժման կոչը: Այս տրամաբանությամբ հանդուրժողականությունը հստակ սահմանվում է իբրև թիրախի խոցելիություն: Խոցելիության ներքո այս պարագայում հասկանում ենք ակտորի հնարավորությունները. ինչքանով տվյալ ակտորը տվյալ հանրույթում ունի ինքնադրսևորման, ինքնապաշտպանության և արժանապատվության հնարավորություններ, ինչքանով և ինչպես են դրանք սահմանափակված, ինչպես է դրսևորվում այդ սահմանափակումը և ինչպես է հաղթահարվում, եթե իհարկե հաղթահարվում է:
Այլ կերպ ասած՝ հանդուրժողականության և/կամ ընդունման ուղղակի հետևանքը պետք է լինի որպես այդ վերաբերմունքի կրող հանդես եկող մարդկանց խոցելիության նվազումը հասարակական հարաբերություններում՝ ընդլայնելով վերջիններիս սոցիալական հնարավորություններն ու կապիտալը տվյալ հանրույթում: Անհանդուրժողականությունն էլ ցուցանում է խոցելիության բարձրացում՝ այդ ակտորների ինքնադրսևորման, ինքնապաշտպանության, ընդհուպ՝ գոյության հնարավորությունների սահմանափակում:
Մեդիայում հանդուրժողականության չափումը հասկանալով իբրև մեդիայի կողմից թիրախավորվող ակտորների խոցելիության չափում՝ հնարավոր է դառնում մեդիայի բարձրագոչվող հանդուրժողականության պարագայում հասկանալ կիրառվող ռազմավարության իրական հետևանքները լուսաբանվող և կամա թե ակամա թիրախավորվող ակտորների վերաբերմամբ: Ինչքանո՞վ է մեդիայում լուսաբանումը նպաստում այդ ակտորների խոցելիության բարձրացմանը և կամ նվազմանը. սա է, որ մեդիահանդուրժողականության չափում է ապահովում, քանի որ թույլ է տալիս հասկանալ իրական մեդիառազմավարություններն ու դրանց ազդեցությունները՝ բացահայտ անհանդուրժող դիրքորոշումների չարտահայտման պարագայում:
Այս մոտեցումը թվում է առավել հիմնավորված՝ առցանց մեդիադաշտում 2016-ին իրավապաշտպանների/ակտիվիստների լուսաբանումը առավելապես առանձին անհատների և խմբերի թիրախավորման միջոցով իրականացնելու ֆոնին:
[1]Հայաստանի թերթերի ապագան. Իրավունք: Վերցված՝ http://www.media.am/Hovhannes-Galajyan-Iravunk-Newspaper
Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան