2016 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշեց անկախացման կամ երրորդ հանրապետության 25 տարին։ Այդ անկախության հաստատումը ուղեկցվել է բազմաթիվ դրամատիկ իրադարձություններով։ Դրանցից ամենախոշորներն էին 1988 թ. սկսված Ղարաբաղյան շարժումը, Խորհրդային Ադրբեջանում և Հայաստանում միջէթնիկ բռնությունների ու սպանությունների դեպքերը, որոնք հաջորդող տարիներին ԽՍՀՄ փլուզմամբ վերաճեցին պատերազմի։ Թեև Հայաստանը իր անկախության առաջին տարիներից ընկղմվեց Ղարաբաղյան շարժումով և ԽՍՀՄ փլուզումով հարուցված պատերազմի մեջ, նաև շնորհիվ հենց այդ գործոնների այստեղ դեմոկրատական գործընթացներ առաջ եկան։
Առաջին տարիների ընտրություններից (1990 թ. Գերագույն խորհըրդի ընտրություն, 1991 թ. Անկախության հանրաքվե, 1991 թ. ՀՀ առաջին նախագահի ընտրություն) հետո մյուս բոլոր խոշոր ընտրությունները իրենց դեմոկրատականության, հաջորդիվ նաև սահմանադրականության առումներով վիճարկված են քաղաքական ընդդիմության, իսկ վերջին շրջանում՝ նաև նոր ձևավորված քաղաքացիական հասարակության նեղ շրջանակի կողմից։ Իշխող վերնախավից դուրս գտնվող քաղաքացիական հանրությունը անհավասար պայքարում տարիներ շարունակ բախվում է օրինական ճանապարհով Հայաստանում փոփոխությունների գրանցման անհնարինությանը։
Հոդվածն առցանց հրատարակվում է ըստ Փոփոխության որոնումներ գրքի (Ժամակոչյան Ա․, Անդրեասյան Ժ․, Մանուսյան Ս․, Մանուսյան Ա․, 2016, Սոցիոսկոպ ՀԿ):
Հեղինակ՝ Աննա Ժամակոչյան