Հրանուշ Թոփչյանի[1] «Հայ կնոջ ձայնը» վերնագրով ծավալուն հոդվածը[2] հրատարակվել է «Տիկին Հրանոյշ» ծածկանվան տակ 1903 թվականին Թիֆլիսում: Հոդվածը հայ կնոջ խնդրի քննարկման հարցում ներմուծում էր մի նոր շրջանակ. այն ոչ միայն կասկածի տակ էր առնում կնոջ հասարակական դերերի մասին արմատացած պատկերացումները, այլև հանդես էր գալիս կնոջ առկա դրությունը բարելավելուն միտված հստակ առաջարկություններով։
Հոդվածը լույս է տեսել Մուրճ հանդեսի էջերում: Թիֆլիսում 1889 թվականին հիմնադրված և իր գոյության ամբողջ ընթացքում մեծ ժողովրդականություն վայելած քաղաքական, հասարակական և գրական Մուրճ ամսագիրն իր ժամանակի կարևոր պարբերականներից էր[3]: Խորհրդային տարիների պատմագրության մեջ Մուրճը բնորոշվել է որպես լիբերալ-բուրժուական օրգան` հայ քաղաքական մտքի զարգացման գործում դրա էական նշանակությունն ընդունելով հանդերձ: Պարբերականի առաջին համարի ուղենիշային առաջաբանում Մուրճի հիմնադիր և խմբագիր՝ տնտեսագետ, հրապարակախոս Ավետիք Արասխանյանը գրում է. «Մինչև այժմ մեր հրապարակախօսութիւնը փակւած է եղել գաղափարների համեմատապէս նեղ շրջանակի մէջ. նորան զբաղեցնող խնդիրները եղած են՝ հայը, որպէս իւր ազգի անդամ, հայը, որպէս կրօնական համայնքների անդամ»: «Ամեն բան, ինչ դուրս է այդ շրջանակից, – շարունակում է խմբագիրը, – հայկական գրականութիւնից սնւողը սովորած է համարել իբր ոչ իւր խելքի բան, իբր ոչ իւր իրաւունքի բան»[4]: Արասխանյանը գտնում է, որ «Մուրճը վրիպած կ’լինի իւր նպատակների մէջ, եթէ չյաջողի նորան ընդարձակել հայ հասարակութեան մտաւոր հօրիզոնը, ներկայացնելով նորան դարուս ոգին՝ իրագործւած այն հաստատութիւնների մէջ, որոնք իշխում են նորա հասարակական, տնտեսական և քաղաքացիական կեանքի վերայ»[5]: Սրանով արձանագրվում է Մուրճի լուսավորական առաքելությունը և տեղական մտքի արդիականացման նպատակը։
Հիմնադիր խմբագիրը Մուրճը տեղակայում է հայ մամուլի զարգացման պատմության հետնախորքին՝ մասնավորապես 19-րդ դարի երկրորդ կեսի արևելահայ լուսավորական շարժման այնպիսի օրգանների հետ հարաբերության մեջ, ինչպիսիք էին Հյուսիսափայլը (1858-1864, Մոսկվա) և Գրիգոր Արծրունու խմբագրման տարիների Մշակը (1872-1892, Թիֆլիս): Ընդգծելով հայ մտքի զարգացման գործում կատարած վերջիններիս անկասկած կարևոր դերը` Արասխանյանը հանձնառում է նաև լրացնել դրանց թույլ տված բացթողումներն ու թերությունները: Ըստ խմբագրի, Հյուսիսափայլի թերացումների շարքում է «ժողովրդական կեանքի անգիտութիւնը, ժողովրդական ոյժերի գնահատման և ուրեմն նոցա ղեկավարելու ընդունակութեան պակասութիւնը և գուցէ այդ ոյժերի նոյն իսկ արհամարումը»[6], իսկ Մշակի դեպքում՝ քննադատական միտք զարգացնելու անընդունակ լինելը[7]: Այսպիսով Արասխանյանն ուրվագծում է նորաստեղծ Մուրճի անելիքները, սկզբունքներն ու նպատակները․ Մուրճը արևելահայ առաջադիմական մտքի շարունակողը և նույն այդ միտքը քննադատաբար զարգացնողը պետք է դառնար:
Մուրճի լուսավորական օրակարգի հարցերից էր կնոջ ազատագրման խնդրի պաշտպանությունը: Այս հարցը քննարկման նյութ էր նույն Արասխանյանի «Կինը հասարակության մեջ»[8] հոդվածում, որտեղ հեղինակը կնոջ ազատագրման խնդիրը դիտարկում է իրավական հարթության վրա: «Կանանց խնդրի վերայ, – գրում է Արասխանյանը, – ճիշդ հայեացք ձեռք բերելու համար, հարկաւոր է ամենից առաջ զտել նորան այն բազմաթիւ առարկութիւններից, որոնցով շրջապատել են և փաթաթել են նորան՝ խնդիրը աւելի բարդացնելու, նորան խճճելու և գուցէ թաղելու, քան թէ նորան պարզելու համար»[9]: Մուրճի հարթակից տարբեր տարիներին, տարբեր խմբագիրների ղեկավարման ներքո այս խնդրին անդրադարձել են բազմաթիվ հեղինակներ՝ հրապարակախոսական (Լեո, «Մեր կյանքից»[10], Սոֆիա Դանիելբեգյան, «Կանանց հարցը և նրա ծագելու պատճառները»[11]), ազգագրական (Հովհաննես Գնունի, «Հին-Նախիջևանի գաւառում. կինը»[12], Ա. Չիլինկարյան, «Մեր կանանց դրությունը»[13]), գրականագիտական (Վրթանես Փափազյան, [Կանանց հարցը…][14]) տեսանկյուններից:
Ամենևին պատահական չէ, ուրեմն, որ Տիկին Հրանուշի հոդվածը[15] ևս տեղ է գտել Մուրճի էջերում: Իր իսկ խոսքերով, հոդվածագիրն օգտվել է դարասկզբի գերմանացի հասարակական-քաղաքական ակտիվ գործիչների՝ Ավգուստ Բեբելի Կինը և սոցիալիզմը[16], Հելեն Լանգեի և Գերթրուդ Բեումերի Կանանց շարժման ձեռնարկ[17] և Էլզե Լյուդերսի Կանանց գերմանական շարժման վիճակը 1902 թ. սկզբին[18] աշխատություններից և հատկապես ամերիկացի գրող և ֆեմինիստ Շարլոտ Սթեթսընի Կանայք և տնտեսությունը[19] գրքից՝ կանանց ազատագրման հարցը քննարկելով գլխավորապես կնոջ տնտեսական դրության տեսակետից:
«Կեանքը կռիւ է, գոյութեան կռիւ». այսպես է սկսում իր հոդվածը Տիկին Հրանուշը: Նշելով կնոջ` տղամարդուց տնտեսապես կախված լինելու իրողությունը, հեղինակը հարց է բարձրացնում՝ «….ի՞նչ իրաւունքով է նա [կինը] ստանում նրանից [ամուսնուց] իր կերակուրը, հագուստն ու բնակարանը»[20]: Այս հարցին պատասխանելու նպատակով հոդվածի հեղինակը վերլուծում է ընտանիքում առկա կնոջ տարբեր դերերը (ամուսնու ընկեր, մայր, տան-տնտեսուհի) ու դրանց հետ կապված նրա գործունեությունը և հանգում է այն մտքին, որ ընտանիքի ներսում կանանց կատարած ցանկացած աշխատանք, հասարակության համար տնտեսական մեծ արժեք ներկայացնելով հանդերձ, չի ազդում կնոջ տնտեսական դրության վրա և այդ աշխատանքը չէ կնոջ՝ ամուսնուց գոյատևման առնվազն տարրական պայմաններ ստանալու հիմքը: Քանի որ ընտանիքից դուրս հասարակական այլ ոլորտներից կինը վտարված է, այդ պատճառով նա իր գոյությունը ապահովելու նպատակով ստիպված է ջանք չխնայել` ամուսնության ակնկալիքով տղամարդուն գրավելու և իր կողքին պահելու համար: Կնոջ համար ամուսնությունը դառնում է «արժանի կյանք» վայելելու գրավականը և նրա բացառապես «սեռական յատկությունների» զարգացման պատճառը, ինչը տեղի է ունենում կնոջ՝ այլ ընդունակություններ մշակելու և ընդլայնելու հաշվին: Տիկին Հրանուշի եզրակացությունն այն է, որ հենց այս «սեռական յատկությունների» համար է, որ տղամարդը կնոջը վարձահատույց է լինում: Այսպես, հեղինակը կնոջ ազատագրության խնդիրը տեսնում է տնտեսական-սեռական հարթության վրա:
Հոդվածագիրը, քննադատելով ամուսնությունը որպես կնոջ «գոյության միակ միջոց», խոսում է այն մասին, որ յուրաքանչյուր անհատ կարիք ունի հասարակական հարաբերությունների, որոնք չեն սահմանափակվում ընտանիքով: Կանայք, ի տարբերություն տղամարդկանց, զրկված են այդպիսի հարաբերություններ հաստատելու հնարավորություններից, որոնց իրագործումը հոդվածագիրը տեսնում է կնոջ համար համապատասխան տնտեսական-հասարակական պայմաններ ստեղծելու մեջ: Չհամաձայնելով, որ կինն է առկա իրադրության մեղավորը` հեղինակը, այնուամենայնիվ, համարում է, որ հենց կինն է, որ ընտանիքի կապանքներից և տղամարդուց տնտեսապես կախված լինելուց ազատվելու համար պետք է ուժեր չխնայի և սկսի իր սեփական աշխատանքով ապրել, քանզի․ «….միայն աշխատանքն է ազնուացնում մարդու մարմինն ու հոգին, միայն նա է ձեր փրկութեան, ձեր ազատութեան ու բարօրութեան իսկական հիմքը: Աշխատեցէ՛ք»:
Հոդվածն արժանանում է էջմիածնական՝ իր ժամանակի պահպանողական Արարատ հանդեսի[21] խիստ քննադատությանը. «Չենք կարող միայն լռութեամբ անցնել «Հայ կնոջ ձայնը» վերնագրով մի յօդուած, որ կցանկանայինք ամենեւին տպուած չլինէր»[22]։ Այսպիսի արձագանքն ընդգծում է Տիկին Հրանուշի կողմից բարձրացրած հարցերի սրությունն ու քայլի համարձակությունը։ Իսկ բարձրաձայնած խնդիրներին հետամուտ լինելու իր հետևողականությունը տեսնում ենք Մուրճի հետագա համարներից մեկում վերոնշյալ քննադատությանը Տիկին Հրանուշի տված պատասխանի մեջ[23]։
Վերահրատարակվող «Հայ կնոջ ձայնը», Արարատ պարբերականում տեղ գտած դրա քննադատությունը և հետագայում քննադատությանը տրված պատասխանը հնարավորություն են տալիս ոչ միայն հասկանալու ժամանակին հայ կնոջ հասարակական դերի շուրջ ծավալված լրջագույն բանավեճը, այլև բացում են այն համատեքստը, որում ընթանում էին հայկական հանրային կյանքի շուրջ անցյալ դարասկզբի առաջադիմականների և պահպանողականների քաղաքական օրակարգերի մշակումներն ու բախումները։
Ավելի քան մեկ դար անց «Հայ կնոջ ձայնը» հնչում է իբրև իր ժամանակի խնդիրների խոսնակ, ահազանգում դրանց գոյության մասին այսօր, բայց որ առավել արժեքավոր է՝ լսելի է դարձնում 20-րդ դարի սկզբին արևելահայ առաջադիմական պայքարի՝ մեզ ոչ այնքան հայտնի ավանդույթը։
Հետազոտող՝ Լուսինե Չերգեշտյան
Խմբագիր՝ Աննա Ժամակոչյան
[1] Հրանուշ Թոփչյանի հոդվածներն հրատարակվել են Թիֆլիսի Արշալույս, Լույս, Տարազ պարբերականներում` «Օր. Հրանոյշ», «Տիկին Հրանոյշ» ծածկանուններով, տե՛ս Հայոց ծածկանունների բառարան, Բախտիար Հովակիմյան (կզմ.) (Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն, 2005): [2] Տիկին Հրանոյշ, «Հայ կնոջ ձայնը», Մուրճ, 1903, թիվ 1, էջ 77-87, թիվ 2, էջ 174-196: [3] Իր գոյության տարբեր տարիների ընթացքում ամսագրի խմբագիրներն են եղել Ավետիք Արասխանյանը (1889-1900), Կոնստանդին Կրասիլնիկյանը (1901-1902), Հովհաննես Սպենդիարյանը (1903-1905) և Լևոն Սարգսյանը (1905-1907), տե՛ս Մատենագիտություն «Մուրճ» ամսագրի. 1889-1907, Կարապետ Քացախյան (կզմ.), Հր. Կոստիկյան, Հ. Դավթյան (խմբ.) (Երևան: Ա. հ., 1977), էջ V: [4] Աւետիք Արասխանեանց, ««Մուրճ» ամսագիրը որպէս հասարակական օրգան», Մուրճ, 1889, թիվ 1, էջ 15: [5] Նույն տեղում, էջ 16: [6] Նույն տեղում, էջ 7: [7] Նույն տեղում, էջ 12: [8] Արասխանեանց, «Կինը հասարակութեան մեջ», Մուրճ, 1891, թիվ 6, էջ 677-687: [9] Նույն տեղում, էջ 679: Պատասխանելով կնոջը իր «սրբազան կոչման» հետամուտ լինելու պահպանողական ուժերի հորդորներին, հեղինակը արձանագրում է, որ կնոջ՝ ընտանիքում կարևոր դեր կատարելը դեռ չի նշանակում, որ մայր և ամուսին լինելը կնոջ միակ «կոչումն է»: Արասխանյանը նաև պնդում է, որ կնոջ և տղամարդու իրավահավասարությունը կապ չունի կնոջ և տղամարդու տարբեր ընդունակությունների հետ, ինչը չեն զլանում շեշտել սեռերի իրավահավասարության դեմ խոսող տարաբնույթ պահպանողականները: [10] Լեո, «Մեր կյանքից», Մուրճ, 1890, թիվ 1, էջ 113-121, թիվ 3, էջ 441-447, թիվ 7, էջ 1026-1036: [11] Սօֆիա Դանիէլբէգեան, «Կանանց հարցը և նրա ծագելու պատճառները», Մուրճ, 1906, թիվ 6, էջ 33-64: [12] Յովհաննէս Գնունի, «Հին-Նախիջևանի գաւառում. Կինը», Մուրճ, 1895, թիվ 11, էջ 1408-1420: [13] Ա. Չիլինկարեան, «Մեր կանանց դրութիւնը», Մուրճ, 1901, թիվ 6, էջ 70-85: [14] Վրթանէս Փափազեան, [Կանանց հարցը…], Մուրճ, 1896, թիվ 7-8, էջ 1072-1077: [15] Հոդվածը լույս է տեսել իրավաբան, մանկավարժ Հովհաննես Սպենդիարյանի (1862-1935) խմբագրման տարիներին: [16] August Bebel, Die Frau und der Sozialismus (Zürich: Dietz, 1879): Ավգուստ Բեբելը (1840-1913) հասարակական գործիչ էր, գրող և հրապարակախոս, գերմանական և միջազգային բանվորական շարժման գործիչ, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիրներից մեկը: Կանանց ազատագրման ջերմ պաշտպան էր: [17] Helene Lange և Gertrud Bäumer, Handbuch der Frauenbewegung (Berlin: W. Moeser, 1901): Հելեն Լանգեն (1848-1930) գերմանացի հրապարակախոս և մանկավարժ էր, հասարակական-քաղաքական գործիչ, միջազգային և գերմանական քաղաքացիական իրավունքների ֆեմինիստական շարժման առանցքային ներկայացուցիչ: Գերթրուդ Բեումերը (1873-1954) գերմանացի հասարակական-քաղաքական գործիչ, սուֆրաժիստ, գրող և մանկավարժ էր: [18] Else Lüders, Stand der deutschen Frauenbewegung im Beginn des Jahres 1902 (Zürich: Th. Schröter, 1902): Էլզե Լյուդերսը (1872[3]-1948) կին քաղաքական գործիչ էր: [19] Charlotte Perkins Stetson, Women and Economics: A Study of the Economic Relation Between Men and Women as a Factor in Social Evolution (Boston: Small, Maynard & Co., 1898): Ամերիկացի ֆեմինիստ, հասարակագետ, վիպագիր, բանաստեղծ, մանկավարժ Շարլոտ Սթեթսընի (նաև Charlotte Perkins Gilman, 1860-1935) հայտնի գործերից է «The Yellow Wallpaper» պատմվածքը։ Իր The Home: Its Work and Influence (New York: McClure, Phillips, & Co., 1903) աշխատությունը, որտեղ հեղինակը խոսում է այն մասին, որ կանայք ճնշված են իրենց իսկ տանը, և այդպիսով վտանգվում է նրանց հոգեկան առողջությունը, ժամանակին արժանացել է բուռն քննարկումների և քննադատության: [20] Տիկին Հրանոյշ, «Հայ կնոջ ձայնը», թիվ 1, էջ 78: [21] Արարատը (1868-1919) կրոնական, պատմական, բանասիրական և բարոյական, Ս. Էջմիածնի հայրապետական աթոռի պաշտոնական ամսագիր էր: Հանդեսի նպատակն էր հայոց կյանքում եկեղեցու դերի ու նշանակության բարձրացումն ու ամրապնդումը: [22] Կ. վ., «Մեր մամուլը», Արարատ, 1903, թիվ 5, էջ 459: Ըստ մեր նախնական հետազոտության, հոդվածի հեղինակն է Կարապետ Տեր-Մկրտչյան վարդապետը, որի անունը հանդիպում ենք պարբերականի այլ հոդվածների հեղինակների շարքում: [23] Տիկին Հրանոյշ, ««Հայ կնոջ ձայնի» քննադատին», Մուրճ, 1903, թիվ 5, էջ 221-224: