1891-ին Թիֆլիսի «Արօր» տպարանում լույս է տեսնում Գրիգոր Արծրունու «Էվէլինա. հոգեբանական էտիւդ» հուշագրական բնույթի վիպակը` արտատպված նույն թվականի Մշակի համարներից[1]: Մշակում վիպակի վերնագրի ներքո՝ փակագծերում, գրված է՝ «հայերէն մի անտիպ ձեռագրից»:
Մեզ հայտնի չէ, թե արդյոք Արծրունին վիպակը գրել է ավելի վաղ՝ դեռևս Եվրոպայում ուսանելու տարիներին (1866-1869)՝ Էվելինայի հետ հարաբերությունների անմիջական ազդեցության ներքո, թե ավելի ուշ՝ իր գործունեության հասուն շրջանում: Սակայն ոգին, որով գրված է վիպակը, թույլ է տալիս ենթադրել, որ Արծրունին իր երիտասարդության շրջանի ռոմանտիկ ապրումներին առնվազն վերադարձել է և այն վերաշարադրել հրապարակախոսական երկարամյա գործունեություն ծավալելուց հետո՝ իբրև իր վաղ, մասնավոր կյանքի հետահայաց անդրադարձ։ Արդյունքում, վիպակը վերապատմում է անցյալն այնպես, որ այն ներդաշնակում է արդեն հայտնի հրապարակախոս Արծրունու գործունեությանը՝ քաղաքականացնելով իր վաղ անձնական կյանքը:
Չնայած Արծրունու մեծածավալ հրապարակախոսական ժառանգության հանդեպ մեծ ուշադրությանը՝ «Էվելինա»-ն, որ նրա քիչ գեղարվեստական գործերից է, բավարար ուսումնասիրության չի արժանացել ո՛չ գրականագետ, ո՛չ հասարակագետ հետազոտողների կողմից. այն առավելապես դիտարկվել է իբրև ինքնակենսագրական կամ հուշագրական բնույթի ռոմանտիկ ստեղծագործություն, որ պատմում է հեղինակի առաջին սիրո մասին և իբրև այդպիսին համարվում է մասնավոր կյանքին վերաբերող մի հուշ:
Այս ուսումնասիրությունն, ընդհակառակը, նպատակ ունի բացահայտելու և կանխադրելու Արծրունու երիտասարդական վաղանցիկ սիրո և այդ սիրո միջավայրի քաղաքական-հասարակական նշանակությունը և խոր, թեև նախնական ազդեցությունը ապագա հրապարակախոսի հայացքների, գործունեության և մասնավորապես «կնոջ հարցի» նրա քաղաքական ընկալման վրա: Մյուս կողմից ինքը վիպակն արդեն փորձառու Արծրունու քաղաքական հայացքների, մասնավորապես՝ «կնոջ հարցի» շուրջ դիրքորոշումների ընթերցման հնարավորություններից մեկն է։
Կնոջ հարցի ձևակերպման նախապայմանները
Գ. Արծրունին hայ հրապարակախոսական մտքի պատմության մեջ թերևս առաջինն էր, որ հետևողականորեն ձևակերպեց «կնոջ հարցը» և կնոջը դիտարկելով իբրև սուբյեկտ՝ հարցն ուսումնասիրեց ազգի քաղաքակրթման գործընթացի մեջ[2]: 1870-ական թվականներին Արծրունու խմբագրությամբ լույս տեսնող Մշակ պարբերականը հայ կնոջ դրությունը ժամանակի սոցիալ-տնտեսական, քաղաքական, ընտանեկան և կրթական խնդիրների ուղեծրում քննողների առաջամարտիկներից էր:
Իհարկե, չենք կարող հաշվի չառնել, որ առաջադեմ Արծրունու ու իր Մշակի գործունեության համար կային պայմաններ: 19-րդ դարի 50-ականներից Ռուսահայաստանում արդեն սկսել և մեծ ծավալում էր ստացել եվրոպական լուսավորականությունից ազդված և ռուսական լուսավորականությամբ միջնորդավորված հայ ազգի քաղաքակրթման տեսլականը, որի բարեհաջող իրականացման գործում հայ կնոջ վրա ուրույն դեր էր դրվում: Իհարկե, այդ դերը տարբեր կերպ էին տեսնում ժամանակի հասարակական-քաղաքական հոսանքների ներկայացուցիչները, որոնց լայն իմաստով կարող ենք պայմանականորեն բաժանել «կղերապահպանողականներ»-ի և «առաջադիմականներ»-ի: 1850-ականներից արդեն ձևավորվում էր գրական միջավայրը. հայտնվել էին Սայաթ-Նովայի դեռևս չբացահայտված երգերը[3], հրատարակվել էին Ռաֆայել Պատկանյանի Գամառ-Քաթիպա բանաստեղծությունների ժողովածուները, Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստան»-ին և Միքայել Նալբանդյանի բանաստեղծությունները Հյուսիսափայլի էջերում[4]:
Մոսկվայում ուսանելու տարիներին Ռ. Պատկանյանը մտերմացել էր Գևորգ Քանանյանի և Մնացական Թիմուրյանի հետ: Ընկերների հետ համատեղ Ռ. Պատկանյանը 1854-ին հիմնում է գրական ընկերություն, որ նպատակ ուներ տարածելու լուսավորություն, կրթելու ազգը: Պատկանյանը աշխարհաբարով գրականություն գրելու հրամայական ուներ: Ընկերության անունը կազմվում է ընկերների անունների և ազգանունների սկզբնատառերից: Գամառ-Քաթիպայի առաջին տետրակում Պատկանյանը հռչակում է ընկերության մանիֆեստը. «Երգերս թող պարունակեն իրանց մեջ հուսահատություն, կասկածանք (սկեպտիցիզմ), կյանքից զզվումն` քան թե բնության և աստծո ողորմությունը, բարոյականության հաղթանակի: Թող հայ աղջիկը սիրե քաջություն, քան թե բարոյական առաքինություն, սև և խուճուճիկ մազեր, զգայուն հոգի, տռփոտ (страстный) աչքեր, քան թե փայլուն ուսադիրներ, հարուստ կամ աստիճանավոր փեսա: Գիտեմ` մեզ կհայհոյեն, անբարոյական կանվանեն, խելացնոր կկարծեն, բայց մենք եթե չի հասնենք էլ մեր նպատակին, գոնե կմոտենանք, հնար չի կա, որ հետևողներ չունենանք»[5]:
Հին և նոր գրականության, գրաբարի և աշխարհաբարի պայքարի և այդ գրական պայքարում կնոջ մասին մտածելու և գրելու պայմանների որոշարկման գործում իր հերթին հարկ է առանձնացնել Գաբրիել Պատկանյանի (որ Ռ. Պատկանյանի հայրն էր) նշանակալի դերակատարումը։ Նա մեծ ազդեցություն է թողել 19-րդ դարի սկզբի վերոնշյալ արևելահայ գրական գործիչների վրա, այդ թվում՝ կնոջ հարցի ձևակերպման և ուսումնասիրման հնարավորության առումով:
Դեռևս 1810 թ. Աստրախանում Նիկողայոս Աղաբաբյանի օժանդակությամբ հիմնված հայկական «Աղաբաբյան վարժարանը» նշանավորել է Արևելահայաստանի կրթական գործի սկիզբը, որի առաջին տեսուչը Սերովբե Պատկանյանն էր: Ս. Պատկանյանին հաջորդում է որդին՝ Գաբրիել Պատկանյանը, որ իր ժամանակին պայքարել է կղերականների, սխոլաստիկ մանկավարժների դեմ։ Գ. Պատկանյանը լինելով ժամանակի կրթված մարդկանցից՝ լավատեղյակ էր եվրոպական լուսավորական շարժմանը։ Նա իր մանկավարժական գործունեության[6] մեջ աշխարհաբարի ուսուցանման առաջամարտիկներից էր դեռևս 1820-ական թվականների վերջերին։ Գ. Պատկանյանի այս ջանքերն էին, որ հետագայում Աբովյանը դարձնելու էր առավել համակարգային։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվում է կարևոր մի փաստաթուղթ, որ ստորագրված է Մինասիրյան ազգանվամբ (հեղ.՝ Գ. Պատկանյանի ծածկանուններից մեկը)[7]: Ձեռագիր այս փաստաթուղթը վերաբերում է եկեղեցու «հաս և չհաս» օրենքին: Գ. Պատկանյանին վրդովեցնում է եկեղեցու այն կարգը, որով օրենքները տարբեր են հասարակության տարբեր խավերի համար։ Այս օրենքի համաձայն՝ հարուստի համար 3 պորտից հետո հաս (հեղ.՝ ազգականության այնպիսի աստիճան, որ թույլատրում է երկու երիտասարդների ամուսնություն) է համարվում ամուսնությունը, իսկ հասարակ, չքավոր ժողովրդի համար 5 պորտից հետո դեռ չհաս է: Ըստ Գ. Պատկանյանի՝ հենց այսպիսի օրենքներն են առաջ բերում հասարակական չարիքներ, ինչպիսին է, օրինակ, կնոջ առևանգումը։
Այս շրջանում արևելահայ գեղարվեստական արձակի մեջ դեռևս քիչ են վիպական ստեղծագործությունները, հատկապես՝ արկածային բնույթի։ Այս տեսանկյունից կարևոր է 1860-ին աշխարհաբարով գրված Գ. Պատկանյանի վեպը, որ կոչվում է «Վարդանամակ» կամ «Արկածք Վարդանա»։
Գ. Պատկանյանի կյանքի և գործունեության հետազոտող Շուշանիկ Նազարյանի աշխատությունից[8] իմանում ենք, որ «Վարդանամակ» վեպը արևելահայ գեղարվեստական արձակի առաջին ստեղծագործություններից է, որի մեջ արտացոլվել է Ռուսաստանի հայաշատ մի քանի քաղաքների պատմական կյանքը և բնակիչների կենցաղը՝ Աստրախանի, Կազանի, Ղզլարի, Նոր-Նախիջևանի և այլն։
Վեպի հերոսուհին իտալուհի Ռոզալիան է, որին, ըստ Նազարյանի, Գ. Պատկանյանը ձգտում է դարձնել նորատիպ մի հայուհի (Վարդանը և Ռոզալիան վճռում են հայկական եկեղեցում ձևակերպել իրենց ամուսնությունը): Ռոզալիայի և Վարդանի կերպարների և ռոմանտիկ սիրո պատմությամբ Գ. Պատկանյանը ընդդիմախոսում է ժամանակի ռեակցիոն, կղերական հայացքներին։ Նա պաշտպանում է ազատ, փոխադարձ սիրո գաղափարը, բողոքում է բռնի ամուսնության դեմ: Ըստ նրա, ամուսնությունը պետք է տեղի ունենա միայն ամուսնացողների սիրո, փոխադարձ համաձայնության պայմաններում: Վեպը սևագիր է և անավարտ։ Սակայն գործչի գործունեությունը շարունակություն է գտնում նոր գրականության կերտողների կողմից։
«Հայոց նոր գրականութիւնը» հոդվածում (Մշակ, թիվ 242, 1882), որի ստեղծման առիթը հայ նոր գրականության 25-այմա հոբելյանի տոնումն էր Թիֆլիսում, Արծրունին այսպես է նկարագրում 20-րդ դարի 50-60-ականների գրական-լուսավորական դրությունը. «Քառասներորդ թւականների հզօր գրականական շարժումը Ռուսաստանում իր ներգործութիւնն ունեցաւ քիչ ժամանակից յետոյ և հայերիս մտաւոր շարժման վրա։ Մեր ամբողջ նոր գրականութիւնը սկսվում է յիսուներորդ թւականների վերջերից։ … Այդ ժամանակներն է, մօտաւորապէս, յայտնվում է Աբովեանց, 1856 թւին յայտնվում է Ռաֆայէլ Պատկանեան, 1858 թւին սկսվում է հրատարակվել Մօսկվայում «Հիւսիսափայլը», իսկ Թիֆլիսում «Մեղուն», 1857 թւին տպվում է «Արծիւ Վասպուրականի» մէջ Մէլիք-Յակոբեանի (Րաֆիի) առաջին բանաստեղծութիւնը «Հայրենասէրի ողբը» վերնագրով, այնուհետև 1858 թւից սկսվում են տպվել նոյն ամսագրի մէջ նրա նամակները Պարսկաստանից իսկ յետոյ «Հիւսիսափայլում» նրա «Աղթամարայ վանքը» վերնագրով ճանապարհորդութիւնը թիւրքաց Հայաստանում։ Յիսուներորդ թւականների վերջը յայտնվում է և Պերճ Պռօշեանց, որի «Սոս և Վարթիթեր» վէպը տպվում է «Կռունկ» մէջ արդէն 1860 թւին, ուրեմն գրված է լինում նոյնպէս յիսուներորդ թւականներում»։
Չմոռանանք, սակայն, որ «հայոց նոր գրականությունը» ձևավորվում էր մի ժամանակ, երբ արևելահայ հասարակության մեծամասնությունը դեռևս անգրագետ էր[9], խիստ կրոնական և լի նախապաշարումներով։ Արծրունին չի զարմանում, որ Հյուսիսափայլը, որ ստեղծվել էր Մեղվի հետ գրեթե միաժամանակ, ունեցավ ավելի կարճ կյանք, «խեղդվեցաւ մեր հայ հասարակութեան մասամբ մոլեռանդութեան, մասամբ անտարբերութեան ճնշման տակ»[10]։ Արծրունին մի տեսակ մահախոսականի ոգով է գրում Թիֆլիսում հայ նոր գրականության 25-ամյա հոբելյանի տոնումը, որի նշանավորման համար ընտրվել էին ոչ թե Արծրունուն հարազատ առաջադիմության «զինվորները», այլ առավել կղերապահպանողականները՝ Ս. Մանդինյանը, Պ. Սիմոնյանը (հեղ.՝ այս երկուսը «Մեղու Հայաստանի»-ի խմբագիրներն էին սկսած 1863-ից), այլք։ Արծրունին այդ օրը նկարագրում է իբրև խավարի, հետադիմության, ֆանատիկոսության, նախապաշարմունքների դրոշակակիրների հաղթանակի օր։
Մշակի և Արծրունու գործունեությունն, ուրեմն, 70-ականներին վերակենդանացնում է Ռուսահայաստանի անքակտելի կապերով հյուսված գրական, հասարակական և քաղաքական կյանքը (որ 60-ականներին հետընթաց էր ապրում)[11]՝ հրապարակ բերելով Րաֆֆիին, Ղազարոս Աղայանին, Պերճ Պռոշյանին, Գաբրիել Սունդուկյանին, Վրթանես Փափազյանին և այլոց, որոնց գրչով ստեղծվում էին ժամանակի առաջադեմ գեղարվեստական գործերը՝ լուսավորական օրակարգի հեռանկարի մեջ քննելով հայ կնոջ կրթության հարցը, նրա դրությունը ընտանիքում, հասարակության մեջ և սիրային հարաբերություններում։ Ժամանակի կարևորագույն հարցերից մեկը՝ հայ կնոջ դրությունը, հեղինակները փորձ էին անում քննել սոցիալ-պատմականորեն՝ իբրև մահմեդական քաղաքակրթության տիրապետության հետևանք, «ասիական», սնոտիապաշտական մշակույթի ժառանգություն։ Մահմեդականությունն Արծրունու համար ստրկության հոմանիշ է, առավելապես, եթե խոսքը կնոջ վիճակի մասին է, իսկ քրիստոնեության սկզբունքն, ընդհակառակը, մարդկային ազատության սկզբունքն է: Արծրունուն մտահոգում էր, որ չնայած հայերի՝ եվրոպական քաղաքակրթության մաս լինելուն, այն պատմականորեն ազդվել և կիսել է մահմեդական մշակույթի «հակումները»[12]:
Վերը շարադրած հասարակական-քաղաքական պայմաններից զատ՝ Արծրունին ուներ մի «ներքին» փորձառություն՝ Եվրոպայում ապրելու և ուսանելու տարիները, Եվրոպայի՝ ժամանակի առաջադեմ-լուսավորական մտքին հաղորդ լինելը, այնտեղ սիրելի կնոջ հետ հարաբերվելու դրամատիկ փորձառությունը, որոնք մեծապես նպաստել են սիրո և կնոջ հարցի նկատմամբ նրա քաղաքական օրակարգին: Եվրոպական (մասնավորապես Ցյուրիխի) համալսարաններում այդ շրջանում նոր-նոր էին ի հայտ գալիս կին ուսանողները: Ցյուրիխի համալսարանում դրանք երկու ռուս կանայք էին, որոնց Արծրունին նկարագրում է իբրև «կանանց բարձրագոյն կրթութեան մարմնացած կարապետներ…»[13]:
Կրթության առաջամարտիկ այս կանայք Արծրունու համար հասարակական նոր իդեալներ առաջադրողներ էին, որոնց շուրջ համախմբվում էին այլ ազգերի ուսանողները, այդ թվում՝ ինքն Արծրունին:
Սիրո դրաման և դրա քաղաքական ազդեցությունները
Արծրունին հանդիպում է երիտասարդ դաշնակար Էվելինային Նիցայի իր ծանոթներից մեկի տանը:
«…Դ-ի տունը մի ճակատագրական ներգործութիւն պիտի ունենար իմ ամբողջ կեանքիս վրա. այդտեղ ամեն օր հաւաքվում էին ամեն ազգութիւններին պատկանող գեղարւեստագէտներ՝ նկարիչներ և երաժիշտներ, այդտեղ ես ծանոթացայ ֆրանսիացի նկարիչ Մ-ի հետ, ռուս նկարիչ-բանաստեղծ Իւմասօվի հետ, այդտեղ ես առաջին անգամ հանդիպեցի օրիորդ Էվէլինա Պ-ին…»[14]:
Հանդիպման հաջորդ օրը Արծրունին լսում է Էվելինայի՝ Մենդելսոնի, Շումանի, Վագների և Շոպենի գործերի կատարումը: Արծրունին առաջին անգամ էր առհասարակ լսում կին երաժիշտի: Կնոջ հմուտ կատարումը Արծրունին բնորոշում է իբրև տղամարդկային:
«… Դա կանացի ածելը չէր, այլ տղամարդու ածելն էր»[15]:
Վիպակում Արծրունու և Էվելինայի միջև ռոմանտիկ կապն ու այդ կապի՝ նրանց համար ունեցած նշանակությունը բացվում է երկուսի գործնական կյանքում: Էվելինայի՝ Շոպեն նվագելու ձախողումը ժամանակի քննադատները (և ինքն՝ Արծրունին) կապում էին ինչպես նրա երիտասարդ տարիքի հետ, այնպես էլ՝ սիրելու և, հետևաբար, տանջվելու փորձի բացակայության հետ: Շոպենը սիրո բացակայությամբ հնչում էր թույլ և անկենդան:
Արծրունին իր հերթին բախվում է Պրուդոնի[16] բազմահատոր աշխատություններում Աստծո գաղափարի տեսությունը հասկանալու բարդություններին: Ինքն իր հանդեպ արհամարհանքի զգացումով՝ Արծրունին հրաժարվում է կարդալ Պրուդոնին: Հետագայում, սակայն, վեպի իր հուշերում մենք տեսնում ենք արդեն սերը փորձառած և Շոպենին այլևս հմտորեն կատարող Էվելինային և Արծրունուն, որ ազդված Էվելինայի նվագով՝ կարծես թե մի պայծառացմամբ ըմբռնում է Պրուդոնի՝ Աստծո տեսությունը:
Երաժշտությունը, փիլիսոփայությունը և սերը Արծրունու համար ներհակ հոգեկան ուժեր են, սակայն դրանք փոխադարձ ներգործությամբ դյուրացնում, բացատրում են ինչպես բարդ փիլիսոփայական միտքն, այնպես էլ բազմաշերտ երաժշտությունը։
Սիրո այս ներգործությամբ է նաև, որ Արծրունին խոստովանում է, որ գտել է հրապարակագիր լինելու իր կոչումը։ Կարևոր է նկատի առնել, որ չնայած իր ժամանակի առաջադեմ մտքի շրջանակներում, այնուամենայնիվ, կինն իբրև տղամարդու սիրո առարկա իր «բարձր կոչումը» ստանում է տղամարդուն իբրև ներշնչանքի աղբյուր կամ ապավեն ծառայելով։
«… Այսուհետև իմ կոչումը որոշված է. ձեր սիրոյ ներգործութեան տակ ես վերջնականապէս հասկացայ թէ իմ կոչումն է՝ լինել հրապարակագրող. և ներշնչվելով ձեզնով, պիտանի լինել իմ ազգին՝ ահա իմ ամենաջերմ տենչանքս…»[17]։
Կին-տղամարդ հարաբերությունների այս դասավորվածության պայմաններում է նաև, որ Արծրունին տղամարդկային մի բարի ժեստով իր փափագն է հայտնում աշխատել և մեկընդմիշտ հոգալ Էվելինայի բարեկեցությունը, որպեսզի Էվելինան՝ որպես իր սիրո և ներշնչանքի առարկա, վայելի անդորր կյանք և նվիրվի իր միակ զբաղմունքին՝ Արծրունուն դեպի իր սիրած գործունեությանը ոգևորելուն։
Էվելինայի կերպարի միջոցով ակներև է դառնում Արծրունու՝ կնոջ իդեալը. նա կրթված է, բայց միաժամանակ հարցասեր ու լայնախոհ, ինչպես մի իսկական բողոքական (Արծրունուն հարազատ չեն կաթոլիկների կրոնականությունն ու կրոնական բարոյականությունը) չի բավարարվում միայն սեփական քաղաքակրթության ուսումնասիրությամբ, նրան հետաքրքիր են այլ մշակույթները ևս, նա տիրապետում է օտար լեզուների։ Նա իր մեջ համակցում է ֆրանսուհու գրավիչ բնավորությունը, գերմանուհու լրջությունը և անգլուհու աշխատասիրությունը։ Բայց որ ավելի կարևոր է, նա ձգտում է դեպի խաղաղ ընտանեկան կյանք, սակայն չի անտեսում հանրայինը՝ գործնականը: Սրան ականատես ենք լինում մի դրվագում, երբ Արծրունին Էվելինայի համար ընթերցում է Պելտանի «La mère» գրվածքը[18]։
Վիպակի՝ սիրո դրամայի փուլում հանդիպում ենք մի հետաքրքրաշարժ կերպարի՝ Ալեքսանդր Յումասովին, որին Արծրունին ներկայացնում է իբրև իր մտերիմ բարեկամ։
Ապրումակցելով Արծրունուն, որ արդեն զգում էր Էվելինայի՝ իր հանդեպ զգացմունքների մարումը՝ Յումասովը սիրո և կնոջ հանդեպ դիրքորոշման մի նոր հեռանկար է բացում Արծրունու առջև։ Այս հեռանկարում սիրելը և սիրուց տանջվելը պիտի ծառայեցվեն հասարակական գործին։ Կորած սերը դառնում է մի իսկական դարբնոց հրապարակախոսի և քաղաքական գործչի գրչի համար, որտեղից նա կարող է ոչ միայն ուժ ստանալ՝ հասարակական խնդիրներին առերեսելու համար, այլև դրանք իրենց էության մեջ հասկանալու, դրանց տրվելու համար։
Սիրելի մարդուց, բայց այս պարագայում հատկապես սիրելի կնոջից մերժվելը տղամարդու համար հասարակական կամ, ավելին՝ մարդկության խնդիրներին ցավակից դառնալու ընդունակության ձևավորման ուղիղ ճանապարհն է, հատկապես եթե այդ [տղա]մարդը իրեն տեսնում է հասարակական-քաղաքական եռուն կյանքի հարթակում։ Սիրո դրաման պահանջում է սփոփանք։ Մարդկային հոգու տանջանքը վեհացնում է նրան, իսկ սփոփանքը գտնվում է ավելի թույլին, ավելի դժբախտին օգնության ձեռք մեկնելու բարոյականության մեջ։ Արծրունու ընկերն այս բարոյականության գործադրողն է իր կյանքում. Նիցայի տանը նա հյուրընկալում է ծանր կացության մեջ գտնվող ռուս միգրանտների և հոգ է տանում նրանց մասին՝ «մի անասելի բարոյական բաւականութիւն»[19] պատճառելով իր հոգուն։ Սեփական խնդիրներն առավել տկարների դժբախտությամբ ամոքելու այս սկզբունքին նա առնչակից է դարձնում նաև Արծրունուն՝ նրան միայնակ թողնելով իր թոքախտով հիվանդ հյուրի կողքին՝ իբրև մարդկային տանջանքի հանդիսատես։
Այս կոնկրետ փորձառությունն ու սեփական տառապանքը առավել մեծ տառապանքով կամ հասարակական տառապանքով հաղթահարելու բարոյականությունն ունենում է իր գործնական, հակասությամբ հյուսված ազդեցությունը Արծրունու վրա։ Վերադառնալով Հայդելբերգ՝ նա վերագտնում է ուսանելու և ապագայում ստացած գիտելիքները իր հասարակությանը ծառայեցնելու եռանդը՝ մի չափով հաղթահարելով Էվելինայի հանդեպ ռոմանտիկ սերը։ Եվ այստեղ, ահա, Արծրունին ստանում է մի շնորհավորական նամակ Էվելինայից, ով իմացել էր, որ Արծրունին ստացել է դոկտորի կոչում Հայդելբերգից, որին պատասխանում է. «… Համոզվեցայ, որ ոչ մի կին չէ կարող ինձ սիրել անսահման և յարատև կերպով… Եւ ցամաքած սրտիս մէջ ամփոփված սիրոյ վերջին բեկորները ես այսուհետև, մինչև մահս, պէտք է նուիրեմ ոչ թէ կնոջ զգացմունքին փոխադարձը տալուն, այլ միմիայն իմ ազգի քաղաքակրթական գործի առաջադիմութեան ծառայելուն»[20]։ [21]
Վիպակում նրբորեն, սակայն հստակ երևում է Արծրունու՝ կնոջ դրության սոցիալական ըմբռնումը։ Այս ըմբռնումն արտահայտվում է հատկապես սիրո դրամայի փուլում, երբ հայտնվում է հարուստ մի իսպանացի նկարիչ, որի, ըստ էության, բարեկեցիկ և կայուն վիճակն է, որ գրավում է Էվելինային։ Էվելինան, փաստորեն, դառնալով մի հարուստ տղամարդու կին, արդեն ոչ թե «ստիպված» կլինի նվագել՝ գումար վաստակելու համար, այլ «կծառայի» իր սիրած գործին՝ մարդկանց անվճար տալով երաժշտության կրթիչ, հոգին մեղմացնող ուժը[22]։ Այս ուժն ինքին ժամանակի առաջադեմ մտածողները վերագրում էին կնոջը, այդ ուժի՝ տղամարդկանց և սերունդների վրա գործադրումը կնոջ ուրույն դերն էր դառնում ազգի լուսավորման և քաղաքակրթման տեսլականի մեջ։
Արծրունին որքան էլ դժվարությամբ, սակայն հաշվի է նստում կնոջ այսպիսի սոցիալական վիճակի հետ, որը դրդում է նրան ամուսնանալ՝ հասարակական կայունություն ու դիրք ստանալու համար։ Կնոջ հարցի այս սոցիալական ըմբռնումը, որ հայտնվում է վիպակի ժամանակագրական թնջուկում, կերպարները, որոնց միջոցով բացվում է խնդրի սոցիալականությունը (բարեկամ Յումասովը, որ Արծրունուն հաղորդակից է դարձնում անձնական թշվառությունը հանրային գործին ի նպաստ դնելու արվեստը), էապես ամրապնդում են ուրվագծված այն ենթադրությունը, որ Արծրունին վերաշարադրել է ռոմանտիկ այս պատմությունը հետագայում՝ արդեն կնոջ հարցը ժամանակի ազատական Մշակում հետևողականորեն քննելիս` գեղարվեստորեն ներկայացնելով էապես քաղաքական տեքստը։
Պատկերը՝ Կոլաժ Մշակի 1891 թ. N109 թողարկման առաջին էջի հատվածներից
Հեղինակ՝ Արփի Մանուսյան
[1] Վիպակը տպագրվել է Մշակի 1891 թ. 109-117 համարներում: Մշակի համարները հասանելի են http://tert.nla.am/mamul/mshak/1891.html կայքում: Այն 1894-ին հրատարակվել է նաև Բաքվում ռուսերեն թարգմանությամբ:
[2] Այս միտքը ձևակերպում է Լուսինե Չերգեշտյանը՝ հայ մամուլի իր դեռևս անտիպ ուսումնասիրության մեջ:
[3] Սայաթ-Նովայի երգերը («Դավթարը») առաջին անգամ հայտնաբերել և հրատարակել է Գեորգ Ախվերդյանը 1852-ին Մոսկվայում։ Ախվերդյանն ավարտել է Լազարյան ճեմարանը 1834-ին, ապա շարունակել ուսումը Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում: Ուսումնառության ընթացքում Ախվերդյանը սովորում է ֆրանսերեն, գերմաներեն և լատիներեն, որոնց իմացությունը հնարավորություն է տալիս նրան կարդալ և տոգորվել եվրոպական լուսավորական մտքով: Մեծ է Ախվերդյանի դերը լեզվի արդիականացման՝ աշխարհիկացման գործում: Մեծ նշանակություն տալով ժողովրդական լուսավորության գործին՝ Ախվերդյանը հետամուտ է լինում պատանի տղաների ու աղջիկների կրթության գաղափարի իրագործմանը։ «Դավթար»-ում նա գտել է հայատառ գրված ադրբեջաներեն երգեր, վրացական տառերով գրված հայերեն երգեր և վրացերեն որոշ երգեր: Ախվերդյանը հայերեն երգերի համար մշակել է հնչյունային տառադարձման հատուկ համակարգ։ Ախվերդյանի գրվածքները պատրաստել և նրա վերաբերյալ ուսումնասիրություններ է իրականացրել Արփիկ Ավետիսյանը։ Տե՛ս՝ Ախվերդյան Գ., Նամակներ / Տեքստը պատրաստեց և ծանոթագր.՝ Ար. Ավետիսյան; Ավետիսյան Ար.,Գևորգ Ախվերդյան: [Կյանքն ու գործունեությունը] :
[4] 1850-ականների հասարակական-քաղաքական դրության և գործընթացների, ինչպես նաև գրական միջավայրի մասին մանրամասնորեն տե՛ս՝ Հովհաննիսյան Ա. (1955), Նալբանդյանը և նրա ժամանակը, հտ. 1, Հայպետհրատ, Երևան:
[5] Պատկանյան Ռաֆայել (2014) Ազնվահոգի բարեկամ Քանանյան։ Հուշեր, Ճառեր և նամակներ գրքից։ 2018.04.01 դրությամբ հասանելի է այստեղ՝ http://eanc.net/EANC/library/Fiction/Original/Patkanyan_Rafael/Memoirs.htm [6] Գ. Պատկանյանի սիրելի և մտերիմ աշակերտներից էր Մ. Նալբանդյանը։ Եվ չնայած Գ. Պատկանյանի ուսյալությանը և կղերական խավի դեմ նրանց ընդհանուր պայքարին՝ վերջինս մնում էր պահպանողական, սակավ հետևողական ու սկզբունքային իր պայքարում։ Այնինչ Նալբանդյանի պայքարը՝ եկեղեցական շահագործող խավի դեմ, ելնում էր խնդրի դասակարգային ըմբռնման դիրքերից, և ժամանակի հետ քաղաքական այլ ուղի բռնեց։ [7] Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Գ. Պատկանյանի արխիվ, թիվ 28(3), էջ 63-64[8] Նազարյան Շ. (1956), Գաբրիել Պատկանյանի կյանքն ու գրական-հասարակական գործունեությունը (1830-1860-ական թթ.) // Բանբեր Մատենադարանի//, Երևան, N3
[9] Աշոտ Հովհաննիսյանը, հղելով Ալ. Երիցյանին, նշում է, որ «ուսումնական և գրագետ կոչված հայերը կազմում էին աննշան քանակ միայն»։ Երիցյանի վկայությամբ 1850-ին ռուսաց հայոց մեջ հազիվ 20-30 անձ լիներ, որ համալսարանական կրթություն ուներ, մի հարյուր անձ էր այն հայերի թիվը, որ երբեմն-երբեմն պատրաստ էր գիրք առնել և մոտ երկու այդքան մարդ էլ սովոր էր ուրիշներից փոխառնելով գիրք ընթրեցել։ Տե՛ս Հովհաննիսյան Ա. (1965) 19-րդ դարի 50-60-ական թվականների արևելահայ հասարակական-քաղաքական հոսանքները։Պատմա-բանասիրական հանդես (N4), էջ 63
[10] Մշակ, թիվ 242, 1882. Հայոց նոր գրականութիւնը[11] Բնութագրելով 60-ականների այդ շրջանը՝ Ղ.Աղայանը գրում է. «Մեռավ Կոմս Էմմանուելը, լռեց Գամառ-Քաթիպան: Լռությունն ընդհանուր էր: Այս այն ժամանակ էր, երբ դուրս եկավ Պ.Շահազիզյանի «Լևոնի վիշտը» և սառն ընդունելության հանդիպեցավ ուսանողների կողմից: Գամառ-Քաթիպան, որ գիտեր միշտ ժամանակի հետ երթալ, յուր քնարը պատից կախեց, գրիչ առավ ձեռքը, սկսեց բառարան շինել, լրագիր հրատարակել: Լռեց այնուհետև Շահազիզյանը ևս, և երկար ժամանակ մենք մի նոր բանաստեղծ չունեցանք…»: Աղայան Ղ., Երկերի ժողովածու, Հտ. 3, «Բանաստեղծություններ» Հովհաննես Հովհաննիսյանի, էջ 185
Աղայանն այս շրջանը բնութագրում էր իբրև ռեալիստական և իդեալիստական գրական ուղղությունների մեծ բանավեճի մի փուլ, երբ ռուսաց գրականությունը մեծ հափշտակությամբ թարգմանում էր եվրոպական գրականություն՝ առանց հասցնել մարսելու և ոտնատակ անելով երբեմնի ռուս սրբացված հեղինակների, ինչպիսիք էին Պուշկինը, Լերմոնտովը։ Աղայանի խոսքերով, հայոց գրականությունը, լինելով ռուսաց գրականության ամենահլու հպատակը, նրա մտերիմ արբանյակը՝ ենթարկվեց այս ազդեցությանը:
[12] Մշակ, թիվ 99, 1891. Մահմետական և քրիստոնէական քաղաքակրթութեան սկզբունքները
[13] Արծրունի Գ., (1891) Էվէլինա. հոգեբանական էտիւդ. Արօր։ Երևան, էջ 10
[14] Արծրունի Գ., (1891) Էվէլինա. հոգեբանական էտիւդ. Արօր։ Երևան, էջ 4
[15] Նույն տեղում, էջ 6
[16] Պիեր-Ժոզեֆ Պրուդոնը (1809-1865) ֆրանսիացի քաղաքական գործիչ, փոխադարձականության (mutualism) փիլիսոփայության հիմնադիրն է։ Իրեն համարելով անարխիստ՝ Պրուդոնին մշտապես հուզել է սեփականության հարցը։ Նշանակալի է Պրուդոնի Ինչ է սեփականությունը. հետազոտություն իրավունքի և կառավարման սկզբունքի շուրջ. 1840 աշխատությունը, որով նա գրավել է ինչպես ֆրանսիական իշխանությունների, այնպես էլ Կարլ Մարքսի ուշադրությունը։ Այս երկուսի միջև սկսել է նամակագրություն, նրանք նաև հանդիպել են Փարիզում։ Տարված քրիստոնեությամբ և Աստծո հիմնահարցով՝ Պրուդոնը գրել է այն ինստիտուտների մասին, որոնք ձևավորվել են «Աստծո [գոյության] վարկածի» նարատիվի շուրջ Տնտեսական համակարգի հակասությունները կամ աղքատության փիլիսոփայություն. 1846։ Ենթադրում ենք, որ Արծրունին կարդացել է Պրուդոնի հենց այս աշխատությունը։
[17] Արծրունի Գ., (1891)Էվէլինա. հոգեբանական էտիւդ. Արօր։ Երևան, էջ 26 [18] Ուժեն Պելտանը (Eugène Pelletan) 19-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիացի գրող, լրագրող և քաղաքական գործիչ էր, որ իր գործերում առաջադրում էր տղամարդու և կնոջ միջև ամուսնական հարաբերությունների մի նոր տեսակ, որտեղ կինը կհարգվի և հնարավորություն կունենա ստանալու աշխարհիկ կրթություն։ Մնալով ընտանեկան կյանքի ջատագով՝ Պելտանը համարում էր, որ կնոջ տեղը տանն է՝ ընտանիքում՝ իբրև «ներքին գործերի» վարչարար։ Պելտանը, կարծում էր, որ կանանց պետք է հասու լինի աշխարհիկ գիտելիքն իր բազմազանությամբ, որպեսզի նա լավագույնս կատարի իր «բնական» դերն ու պարտականությունները, այն է՝ լինել կին և մայր։ Պելտանը ջատագովում էր նաև կնոջ ընտրելու իրավունքը (suffrage): [19] Արծրունի Գ., (1891)Էվէլինա. հոգեբանական էտիւդ. Արօր։ Երևան, էջ 75 [20] Նույն տեղում, էջ 100 [21] Հետագայում Արծրունին Թիֆլիսում ամուսնանում է Մարիամ Մելիք-Աղամալյանի հետ, ով ամուսնու մահից հետո կդառնար Մշակի խմբագիրը, եթե գրաքննական կոմիտեն չմերժեր նրա հայտը։ [22] Նույն տեղում, էջ 40