Ֆեմինիստների և ֆեմինիստական գործելաոճերի` քաղաքական երևակայության ձևավորմանն ուղղված կարևոր գործը Հայաստանում

Տարբեր հեղինակներ արդեն անդրադարձել են այն խնդրին, որ 2018-ի ապրիլ-մայիս ամիսների համաժողովրդական քաղաքական ակտիվության դրսևորումը թեև կարծես ոսկորին հասած դանակին ի պատասխան պոռթկման էր նման, սակայն տարիներ շարունակ հետևողականորեն տարվող քաղաքականապես ակտիվ անձանց, հատկապես կանանց կարևոր աշխատանքի արդյունք էր:[1] Քաղաքական ընդվզման անգամ այն դեպքերը, որոնք որոշ հեղինակներ անվանում են հաջողության չհասած, ծառայել են քաղաքական գիտակցության այս (թվացյալ) պոռթկմանը, որը շատերի կողմից որակվեց որպես թավշյա հեղափոխություն:[2] Արմինե Իշխանյանն (2018) այն անվանում է արժեքների հեղափոխություն, քանի որ վերջինիս հռետորաբանությունում ու պրակտիկաներում կարևորվում են ազատությունը, սերը, համերաշխությունն ու արդարությունը: Ի դեպ, Աննա Շահնազարյանն  ապրիլի 21-ի իր «Համերաշխության հանրությունը» հոդվածում «համերաշխության, սիրո, համագործակցության» մասին գրելիս նկատում է, որ «փողոց դուրս ելած մարդկանց պրակտիկաները ցույց են տալիս այն տարրական քաղաքական կազմակերպման մոդելները, որոնց կարիքը նրանք ունեն՝ սիրո, համերաշխության ու համագործակցության (ոչ թե մրցակցության) վրա հիմնված քաղաքական ու տնտեսական համակարգի»: Կարճ ժամանակ անց պաստառների վրա հայտնվեց «սիրո և համերաշխության հեղափոխություն» արտահայտությունը և հանրորեն լայն կիրառում ստացավ:[3] Մինչև ապրիլի 21-ը «համերաշխությունը» հայտնվել էր Էդուարդ Շարմազանովի` ընդդիմադիրներին ուղղված ապրիլի 18-ի կոչում: Իսկ ապրիլի 16-ին ի պատասխան լրագրողի հարցին («Ի՞նչ եք պատրաստվում անել» ոստիկանության ուժերի տեղադրմամբ) ոստիկանության պետի նախկին տեղակալ Լևոն Երանոսյանը պատասխանել էր` «համերաշխություն»:

2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում թափ հավաքած համաժողովրդական լայնատարած քաղաքական ակտիվության ընթացքում կանանց` տարիներ շարունակ ունեցած քաղաքական ակտիվությունն անտեսվում էր, երբ տարբեր մարդիկ առաջարկում էին, թե 2018-ի ապրիլ-մայիսին կանայք նախադեպը չունեցող ակտիվություն են դրսևորել: 2018-ի ապրիլ-մայիսյան քաղաքական ակտիվության հենքը Հայաստանում կանանց տարած երկարատև աննկուն աշխատանքն ու այդ աշխատանքի հորիզոնական, խաղաղատենչ, ապակենտրոն պրակտիկաներն են:

Այս հոդվածում ուզում եմ անդրադառնալ հատկապես վերջին 10 տարիների ընթացքում կանանց քաղաքական ակտիվության որոշ ստեղծագործ դրսևորումների, որոնք ակտիվորեն կիրառվում էին 2018-ի ապրիլ-մայիսին:[4] Կարևոր է նշել, որ քաղաքականապես ակտիվ ու նախաձեռնող կանայք, որոնց մասին խոսվում է այս հոդվածում, տարբեր հայացքների տեր են: Եվ չնայած նկատելի տարբերություններին ու քաղաքական դիրքորոշումներին՝ կարևորը նրանց՝ քաղաքական գործում փոխկապակցված անարդարությունների նկատմամբ ուշադրությունն ու պահանջատիրությունն է, որն այս հեղինակի տեսանկյունից կարևոր ֆեմինիստական մոտեցում է:[5]

2018-ի ապրիլ-մայիսի համաժողովրդական ակտիվությունն իր գիտելիքի հենքով ի թիվս իշխանությունը հարցադրող այլ խմբերի պարտական է նաև ֆեմինիստ կանանց քրտնաջան, հաճախ անտեսանելի գործին: Սակայն ինչպես տեսանք, նրանք հանրային հարթակներում դիտվեցին որպես աջակիցներ (մեր «կանայք», «քույրերը, դուստրերը»), ոչ թե ակտիվ գործիչներ, անգամ երբ նրանց վերագրվեց քաղաքական ակտիվության շարժիչ ուժ լինելը: Չնայած քաղաքականապես ակտիվ ֆեմինիստ կանանց բազմակողմ մասնակցությանը (ոմանք տեքստեր էին գրում, ոմանք ֆիզիկապես փողոցներ էին փակում ու ոստիկանության բաժանմունքներ էին կաթվածահար անում)՝ մասնագետներ դիտվում էին տղամարդիկ:

Ապրիլ-մայիսին համաժողովրդական լայնատարած քաղաքական ակտիվության մեջ նշանակալից մասնակցություն ունեցած «Մերժիր Սերժին» նախաձեռնության ակտիվ դերակատար Մարիա Կարապետյանն այն քչերից էր, որը հանրային հարթակներից կանանց կարևոր մասնակցությանն անդրադարձավ: Սակայն նախաձեռնության այր ներկայացուցիչների հետ հարցազրույցներն ավելի արագ  տարածվեցին: Դրանցից մեկում նրանք նշեցին, որ համաժողովրդական այս ակտիվությամբ իրենց երազանքի իրավունքն իրացրին (իսկ ու՞ր են կանայք այս պատմության մեջ, մտովի ինձ հիշեցնում է 10-ամյա աղջիկս): Բոլորն, իհարկե, ունեն երազելու և այն իրացնելու իրավունք: Կարևոր է սակայն արձանագրել, որ կանանց երազելու և այդ երազածը, չնայած անտեսվելուն ու թերհավատության արժանանալուն, պրակտիկայի վերածելու երկարամյա, հաճախ անտեսանելի աշխատանքն է, որ բոլորիս քաղաքական երևակայությունը հնարավոր է դարձրել:

2018-ի ապրիլ-մայիսի իրադարձությունների հայալեզու և անգլալեզու անդրադարձներում ակտիվ քաղաքացիները մեծ մասամբ տղամարդիկ են: Այդպիսին էր իրավիճակը նաև այս իրադարձությունների վերաբերյալ տարբեր երկրների սփյուռքահայ համայնքներում իրականացվող առաջին մեծ միջոցառումներում (որոշ բացառություններով):

 

2018-ի մայիսի 15-ին Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի հայկական կազմակերպության «Հայաստանը եղեռնից մինչ հանրապետություն» վերնագրով միջոցառման հայտարարությունը (2018)

 

 

2018 թ. մայիսի 20-ին Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Դորնսիֆի մասնաճյուղի հայագիտության ամբիոնի «Հայաստանը վաղը. քաղաքացիական դիվանագիտությունը գործողության մեջ» վերնագրով միջոցառման հայտարարությունը (2018, էլ. փոստով հեղինակին ուղարկված հայտարարության տեքստից):

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի ներկայիս ժամանակավոր կառավարության կազմում թեև կանանց թիվն աճում է, սակայն նրանք հիմնականում օգնականներ և խորհրդականներ են: Ի պատասխան այս իներցիոն հայրիշխանական թերացմանը` տարբեր հեղինակներ անդրադարձան կանանց (չ)ներկայացվածության (չներկայությա՞ն) և (ան)տեսանելիության կարևորությանը լինի դա կառավարությունում (Ավագյան 2018, Չոլակյան 2018), թե 2018-ի ապրիլ-մայիս ամիսների քաղաքական ակտիվության մեջ (Ռոուչ 2018)` անդրադարձ կատարելով կանանց տոկուն ու անկոտրում ինքնակազմակերպմանը (Մելիքյան 2018), ինչպես նաև այս ժամանակահատվածում սեքսիզմի տարբեր դրսևորումներին (Հակոբյան 2018): Մինչդեռ Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան հարցման 870 օգտատերերի 53% կարծում է, որ նոր ձևավորված կառվարությունում ավելի քան բավարար է կանանց ներկայացվածությունը (Մալխասյան 2018):

Կարևոր է նշել, որ կանանց մասնակցությունն ինքնին չի նշանակում սոցիալական անարդարությունների նկատմամբ զգայունություն, չնայած Հայաստանում լայն տարածում գտած խոսույթների պնդմանը: Կարևոր չէ, թե նրանց քաղաքական գործն իրականացվում է այնպիսի կազմակերպությունների միջոցով, ինչպիսին են Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտը (ՄԻԺԻ), Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, Սևազգեստ կանայք Հայաստան նախաձեռնությունը, Կանանց ռեսուրսային կենտրոնը, Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ), այլ կազմակերպությունների, թե  փորձի փոխանակման դասընթացների կամ ֆեմինիստական հեքիաթների, փերֆորմանսների և այլ նախաձեռնությունների միջոցով. նախաձեռնություններ, որոնց կազմակերպիչների համար միասին և առանց անհատների անունների գործելը սկզբունքի հարց է, որն ավելի է կարևորում  խմբի հավաքական հեղինակային աշխատանքը: Այսինքն` գործելաոճի տարբերություններով ու տարաձայնություններով հանդերձ կարևորն այն է, որ նրանց քաղաքական գործն ուղղված է քաղաքական երևակայություն զարգացնելուն և կիրառում է հորիզոնական ու հավաքական որոշումներ ընդունելու մեթոդներ:

Հայաստանում ֆեմինիստները, չնայած համատարած երկարատև  հուսահատությանը, միշտ պատկերացրել/երևակայել ու իրացրել են այլ իրականություն` մի իրականություն, որում մարդիկ հավատում են իրենց ներքին ուժին ու պահանջատեր են իրենց հետ հաշվի նստելու հարցում:

2012-ի Մաշտոցի պուրակի իրադարձությունների ժամանակ ձևավորված հանրային քննարկումները պատահականորեն չէին հայտնվել: Դրանք տարիներ շարունակ ինքնակրթությամբ զբաղված, իրենց քաղաքական գիտակցության վրա աշխատող մարդկանց աշխատանքի արդյունք էին, որում մեծ ներդրում ունեն Արմինե Առաքելյանն ու նրա հիմնադրած ՄԻԺԻ-ն: Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության շարժիչ ուժը պայքարի ողջ ընթացքում (2007-մինչ այսօր) կանայք են` թե՛ տեղեկատվության հավաքման (2005-2007), թե՛ հասարակական իրազեկման, թե՛ կառավարության շենքի մոտ բողոքի ցույցերի (2008-մինչ այսօր), Հայաստանյան և միջազգային դատական ատյաններում հարցը բարձրացնելու (2009, 2012), ներդրողների վրա միջազգային ճնշում գործադրելու (2008-մինչ այսօր), ինչպես նաև այլընտրանքային տնտեսվարման տարբերակների առաջարկման առումով (2014): 2011-ին Թռչկանի ջրվեժի պահպանման խնդրի շարժիչ ուժը կանայք էին (Պատուրյան և Գևորգյան 2016):[6] Հետծննդյան արձակուրդի վերաբերյալ օրենքի փոփոխության դադարեցմանն ուղղված նախաձեռության կազմակերպիչները բացառապես կանայք էին և՛ 2010-ին և՛ 2014-ին: 2014-ին Աֆրիկյանների տան նախաձեռնութան մասնակից-կազմակերպիչների մեծ մասը նույնպես կանայք են: Հայկական բնապահպանական ճակատի հիմնական ուժը նույնպես կանայք են:

Նորություն ասած չեմ լինի, եթե հիշեցնեմ, թե միջազգային կազմակերպությունները կոռումպացված կառավարություններ լեգիտիմացնելու սովորութուն ունեն: Հիշենք, օրինակ, 2013-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ, Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական ժողովի և Եվրոպական խորհրդարանի հայտարարությունը, որն ընդհատեցին մի խումբ քաղաքացիներ, և նրանցից Լենա Նազարյանը ընթերցեց նախապատրաստած՝ միջազգայինների անպատասխանատու մոտեցումը հանրայնորեն խնդրականացնող տեքստ: 2018-ի հունիսի 8-ին ՀԲՃ-ն ընդհատեց ՄԱԿ-ի գրասենյակում իրականացվող բնապահպանությանը նվիրված միջոցառումը Շվեդիայի դեսպանատան մասնակցությամբ` մերկացնելով Շվեդիայի կառավարության երկակի մոտեցումները, որ մի կողմից ֆինանսավորում է Ամուլսարի հանքի շահագործումը, մյուս կողմից մասնակցում նման միջոցառման:

Երբեմն ընդվզումն ու պահանջատիրությունը դրսևորվել է ԱԱԾ-ի և ոստիկանության ծառայություններից հրաժարմամբ` պահանջելով, որ ֆինանսների նախարարությունն առանձնացնի վերջիններիս հասնող հարկերը և ուղղի դրանք կրթական ոլորտ (Շահնազարյան 2016, Հովսեփյան 2017): Ընդվզումը նաև արտահայտվել է  Բաղրամյան 26 նշանային հասցեն կրող կիսայգում՝ մի քանի հոգով ծառատունկ կազմակերպելով (Տարօրինակելով Երևանը 2014):

Երբեմն ընդվզումը դրսևորվում է պարզապես մարդու իրավունքի իրացմամբ, ասենք` Հանրապետության Հրապարակի շատրվանի մեջ նստելով: Երբեմն այն դրսևորվել է ԱԱԾ-ի շենքի դիմաց իրականացված կարճ փերֆորմանսով (ինչպես 2016-ին), որով մասնակիցները նախանշում էին սիրո, արարելու և կյանքով լի այլ իրականություն, որը տարբերվում է կորուստներով ու վախերով  կազմակերպված ազգ-բանակ մտայնությունից: Այս փերֆորմանսով մասնակիցները շփման գիծը կարծես Հայաստանի սահմաններից տեղափոխում են ոստիկանապետության սիրտը` ԱԱԾ շենքի մոտ` մատնանշելով նաև պետության բռնաճնշումների (խորհրդային և հետ խորհրդային), ինչպես նաև ստեղծագործ ընդվզման պատմական շարունակականությունը (Բոգզ 1977):[7]

«Տարօրինակելով տարօրինակվածը» (2016, Տարօրինակելով Երևանը կոլեկտիվ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երբեմն  այդ ընդվզումը, ինչպես 2014-ի մարտին, նպատակ է ունեցել մերկացնել կառավարության կոռումպացվածությունը և վերջինիս ներգրավվածությունը անդրազգային կորպորացիաների հետ հանքարդյունաբերական գործարքներով: Ի պատասխան հանքարդյունաբերության մեջ ներգրավված կորպորացիաների և կառավարութան անդամների մասնակցությամբ իրականացվող «Պատասխանատու Հանքարդյունաբերություն» վերնագրով գիտաժողովին բնապահպանները կազմակերպել էին հակա-գիտաժողով` Անպատասխանատու հանքարդյունաբերություն վերնագրով (կառավարական շենքերի մոտ և հանքարդյունաբերութան տեղանքներում բողոքի ակցիաներ անցկացնելուն զուգահեռ):

Նրանցից ոմանք նաև ընդհատեցին գիտաժողովը` Բնապահպանության նախարարին առաջարկելով խմել Գեղի գետի (աղբյուրի) ջուրը, որը վերջինիս պնդմամբ աղտոտված չէ հանքարդյունաբերության պատճառով:

 

«Պատասխանատու հանքարդյունաբերություն» գիտաժողովին (2014, Հայաստանի բնապահպանական ճակատի արխիվից)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նման և այլ անսպասելի քայլերով տարբեր ֆեմինիստներ տարիներ շարունակ հանկարծակիի են բերել տարբեր իշխանավորների` իրենց հանրային խոցելիությունը որպես քաղաքական ստրատեգիա օգտագործելով (Butler 2014), ինչը լայնատարած կիրառում ստացավ 2018-ի ապրիլ-մայիսի համաժողովրդական քաղաքական ակտիվության օրերին:

Հայաստանցի ֆեմինիստները «միջոցների իրենց փերֆորմատիվ գործելաոճով» (performative works of means) տարիներ շարունակ բարձրացրել են կոռուպցիային, ռազմականացված ազգայնականությանը, բնական միջավայրի քայքայմանը և ոստիկանապետությանն առնչվող խնդիրներ: Սրանով իսկ հայաստանյան ֆեմինիստները հարցականի տակ են դրել կին քաղաքացուն պարտադրված ազգ-բանակի համար զինվոր արտադրողի դերը` զարգացնելով և խթանելով  քաղաքական երևակայություն և այլընտրանքային քաղաքական ապագա(ներ) (Բալյան և Կաս 2017): Սա ազատություն մատնանշող մոտեցում է` «այլ կերպ լինելու պրակտիկա» (Povinelli 2015),[8] որի միջոցով մարդիկ դիմադրում են իշխանությանը և ձգտում ինքնորոշման (Hardt and Negri 2009, 57):[9]

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես խոսում եմ քեզ հետ, դու ինձ չես լսում» (2017, Արփի Բալյանի արխիվից)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ֆեմինիստները Հայաստանում քաղաքական աշխատանքի իրենց միջոցներով միշտ երևակայել են աշխարհներ, որոնցում կյանքն առանց վախի է ու ստեղծագործականությամբ լի: Ֆեմինիստների` այլ իրականություն պատկերացնելու համառությունը հրաժարում է ընդունել ներկան, ինչպես որ կա: Այն հուսահատությունից հրաժարվելու քայլ է, հուսահատություն, որ նեոլիբերալ և կապիտալիստական ներդրումներով հագեցած ոստիկանա-քրեաօլիգարխիկ-պետության աղուհացն է: Ստեղծագործական մոտեցման լայն կիրառումն այս տարվա ապրիլ-մայիսին կարևոր դեր խաղաց նախկին իշխանություններին հանկարծակիի բերելու հարցում` դժվարացնելով մարդկանց նկատմամբ գերիշխանությունը:

Երբեմն՝ հատկապես 2008-ի մարտի մեկի դեպքերից հետո, ֆեմինիստների ստեղծարար ընդվզումն արտահայտվել է այսպես` ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի առջև Զարուհի Հովհաննիսյանի ջութակ նվագելով` որպես բողոքի ակցիա բռնության մշակույթի դեմ, երբ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին պատկանող ռեստորանի մոտ վերջինիս աշխատակիցների կողմից ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանը հասցված վնասվածքներից մահացել էր: Նման բողոքի ակցիաներ նրանք կազմակերպել են նաև Երևանի քաղաքապետարանի մոտ վերջինիս կոռումպացված պաշտոնյաների դեմ, որը նոր թափ է հավաքել: Եվ նրանցից ոմանց կարող եք հանդիպել «Մերժիր Տարոնին» ապակենտրոն ակցիաների շրջանակներում իրենց կազմակերպած գործողությունների մեջ ինչպես միշտ հիմնավորված ու խորքային հետազոտություններ անելիս, տեքստեր գրելիս, հավաքական ինքնավերլուծության քննարկումներին, բոլոքի տարբեր ակցիաներում:

 

Բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի առաջ` ջութակով և բանաստեղծական ընթերցմամբ (2015, Զարուհի Հովհաննիսյանի արխիվից)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես Զարուհի Հովհաննիսյանն է ասում, ազատագրումը հաճախ գալիս է որևէ անարդարության հանրային կոլեկտիվ բարձրաձայնումից՝ անկախ գաղափարական տարբերությունների: Սեփական ձայնը հոգածությամբ մշակելը հնարավորություն է տալիս ազատագրման գործիքներ արարել, որպեսզի որևէ իշխանության գործիքի չվերածվենք:

 

Հանրային քննարկում 2015-ի հուլիսին «Էլեկտրիկ Երևանի» օրերին (Զարուհի Հովհաննիսյանի արխիվից)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տարիներ ի վեր ֆեմինիստ բնապահպանները փորձի փոխանակման երկարատև, հետևողական աշխատանքներ են տանում Հայաստանի տարբեր վայրերում, որոնք կենտրոնանում են հենց երևակայությունը կարևորելու և անձի սեփական ուժը բացահայտելու վրա: Դեռ 2008-2009-ին, ինչպես նաև այս տարվա ապրիլ-մայիսին տարբեր հանրային հարթակներից  հնչում էր «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դո՛ւ ես» (Փամբուխչյան 2018) կարգախոսը։ Այս դրույթը ֆեմինիստների ամենօրյա պրակտիկա է եղել տարիներ շարունակ` անկախ նրանից՝ այդ պրակտիկան հանրորեն տեսանելի է եղել, թե ոչ:

Հայաստանում, սակայն, ֆեմինիստ քաղաքականությունը պատկերացնում է մի ապագա, որը ո՛չ հայրիշխանական է, ո՛չ ռազմականացված, ո՛չ էլ ազգայնական կապիտալիստական: Այն կյանք սնող իրականությունը, որի համար տարիներ շարունակ պայքարում են ֆեմինիստ կանայք Հայաստանում հենվում է իրար զորակցելու, փոխկապակցված անարդարությունները հավաքականորեն հաղթահարելու կամքի վրա:

Եթե ուշադրություն դարձնենք, ապա կնկատենք, որ ապրիլ-մայիսի համաժողովրդական ակտիվության ընթացքում շրջանառվող հղացքները պայքարողների միմյանց նկատմամբ տածած համերաշխությունից ու սիրուց բացի արդարությունն ու ազատությունն էին: Իսկ սրանք՝ որպես կյանք սնող ու կյանք հաստատող հղացքներ, ինչպես ֆեմինիստ տեսաբան բել հուքսն է ասում, ֆեմինիստական մտածողությունն է մեզ սովորեցնում (հուքս 2000), անգամ եթե մենք ինքներս մեզ ֆեմինիստ չենք համարում:

Ականատես եղանք, թե ինչպես այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին մասնակիցներն իրենց ապակենտրոն ինքնակազմակերպմամբ, փոխօգնությամբ ու ջերմությամբ, ինչպես Աննա Շահնազարյանն է ասում, իրենց ուժն ու իրավունքն էին իրացնում՝ առանց այլոց ճնշելու և ստորադասելու:[10] Սրանք ֆեմինիստական տեսանկյունից խիստ կարևոր են ցանկացած տեսակի գերիշխանությունից ազատագրվելու համար: Այսինքն` ֆեմինիստների համար կարևոր է քաղաքական այն երևակայությունը, որը կյանք հաստատող է, ոչ թե վերացնող կամ ստորադասող: Այլ կերպ ասած` իհարկե հրաշալի է իրացնել երազելու իրավունքը: Սակայն հատկապես կարևոր է արձանագրել ու ճանաչել այն աննկուն ու երկարատև քաղաքական գործն ու երևակայելու ինքնորոշված այն պրակտիկան, որ ֆեմինիստներն իրացրել են տարիներ շարունակ և՛ մենակ, և՛ փոքր խմբերում, և՛ որոնք վերածվեցին լայնամասշտաբ գործողությունների 2018-ին:

Ֆեմինիստական գործի շարժիչ ուժ ու հենք լինելու ճանաչումը կարևոր է, քանի որ սրանով ժխտում ենք անտեսման, չարաշահման և կեղեքման հիման վրա ձեռքբերումներ արձանագրելու պրակտիկան, որի վրա է հիմնված այն գերիշխանությունը, որը մարդիկ վաղուց ցանկանում էին թոթափել: Եթե շատերի համար այս տարվա ապրիլ-մայիսի համաժողովրդական քաղաքական ակտիվությունն ու դրան հաջորդող իշխանափոխությունն իրոք արժեքների հեղափոխություն նախանշեց, ապա (այս տեքստում անդրադարձած) ֆեմինիստ կանանց պայքարը դեռ շարունակվում է, քանի որ այն ուղղված է ցանկացած տեսակի գերիշխանությունից մեր հավաքական ազատագրմանը: Եվ չնայած շատերին չեք հանդիպի հանրային վայրերում, սակայն սիրով, զորությամբ, համերաշխությամբ ու փոխօգնությամբ հանրային բարիքին ու սոցիալական արդարությանն ուղղված քաղաքական գիտակցություն ու երևակայություն կերտող նրանց գործը շարունակվում է` հաճախ առանց բարձրախոսի ու առանց իրենց անունները նշելու:[11] Եվ այս շարունակական պայքարի համար խիստ կարևոր է դառնում կոլեկտիվ հոգատարության խնդիրը, իսկ դրան ուղղված առանձին քայլերից մեկը այլոց քաղաքական աշխատանքը չարաշահելուց (նրանց չվերագրելուց, նրանց կատարածը չգնահատելուց) հրաժարվելն է` ավելի լավ կոլեկտիվ կյանք պատկերացնելու և ապրելու համար:

 

Պատկերը՝ ՏԵ կոլեկտիվի «Ծառատունկ/tree-planting» տեղի ունենալիք (2014, ՏԵ կոլեկտիվի արխիվից)

 

 

Հեղինակ՝ Նելլի Սարգսյան, մարդաբան

 

 

[1]  Այստեղ ներկայիս մշակույթի  նախարար Լիլիթ Մակունցը, որը կարևոր, սակայն հանրորեն անտեսանելի մասնակցություն է ունեցել «Մերժիր Սերժին» ապակենտրոն ակցիաների մեջ, անդրադառնում է  2018-ի ապրիլ-մայիսի համաժողովրդական քաղաքական ակտիվությանը նախորդող կենսափորձի ու մեթոդների կարևորությանը: Այստեղ Վահրամ Սողոմոնյանը (2018) նույնպես անդրադառնում է 2018-ի ապրիլ-մայիսի համաժողովրդական քաղաքական ակտիվությանը՝ որպես «անցած 10 տարիների քաղաքացիական ինքնակազմակերպվող նախաձեռնությունների … տրամաբանական շարունակություն […` դառնալով] վերջիններիս որակական ու քանակական աճի հերթական փուլը՝ կիրառելով պայքարի համանման մեթոդներ և դրանց գումարելով գրագետ ձևակերպված համընդգրկուն քաղաքական օրակարգ»: Այստեղ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը, որը 2018-ի ապրիլ-մայիսի համաժողովրդական քաղաքական ակտիվության տեսանելի դեմքերից էր, նույնպես անդրադառնում է այն հանգամանքին, որ տարիներ շարունակ տարվող ապակենտրոն ու ինքնակազմակերպված ակցիաներն ու շարժումները կարևոր դեր են խաղացել 2018-ի ապրիլ-մայիսի համաժողովրդական քաղաքական ակտիվության համար:

[2] ՀՀ հանրային տարածքներում տարբեր տեսակի ընդվզումները հաճախ որակվում են որպես քաղաքացիական, իսկ քաղաքականը վերապահվում է միայն կուսակցական գործունեությանը: Այս երկատումը համընկնում է քաղաքականի և քաղաքականության՝ Շանթալ Մուֆի (2005) սահմանումներին: Մուֆը քաղաքականը սահմանում է որպես «մարդկային հասարակությունների մասը կազմող …հակամարտության/թշնամանքի (antagonism) չափը», իսկ քաղաքականությունը որպես «պրակտիկաների և հաստատությունների մի շարք, որոնց միջոցով քաղաքականի կողմից տրամադրված կոնֆլիկտայնության համատեքստում մարդու կեցությունը կազմակերպող կարգ է հաստատվում» (2005, 9): Այսինքն` Մուֆի քաղաքականը համընկնում է հայաստանյան քաղաքացիականին, իսկ նրա քաղաքականությունը` հայաստանյան կուսակցականությանը: Մինչդեռ Հաննա Արենդթը սահմանումում է քաղաքականը որպես «ազատության և հանրային մտորման տարածք» (Մուֆ 2005, 9): Այս տեքստում կիրառում եմ Արենդթի մոտեցումը, որ ավելի ընդգրկուն ու դիպուկ կերպով է բացատրում հայաստանյան իրողությունները: Chantal Mouffe, 2005. On the Political. New York: Routledge.

[3] Կարևոր է նշել, որ 2018-ի ապրիլ-մայիսի քաղաքական ակտիվության մասնակիցներից մեկի տեսանկյունից, որը ներկա է եղել այս լոզունգի ստեղծմանն ու պաստառի վերածմանը, պաստառն ու Շահնազարյանի հոդվածն իրար հետ կապ չունեն: Լոզունգը ստեղծել են մի խումբ մարդիկ ապրիլի 23-ի գիշերը Իլիկ սրճարանի պատշգամբում (գլխավոր նախաձեռնողը` ՄոմիկՎարդանյան)` վանկարկելով «կեցցե սիրո և համերաշխության հեղափոխությունը»: Այս վանկարկմանը միացել են անծանոթ անցորդներ: Մի քանի օր անց մի քանի հոգի պատրաստել են այս լոզունգով մի պաստառ, որը մի խումբ մարդիկ երթով տարել են հրապարակ։ Այնուհետև հրապարակի հարթակից նկատվել և յուրացվել է լոզունգը (Գրիգորյան 2018, անձնական նամակագրություն)։

[4] Կանայք բոլոր պայքարներում խիստ ակտիվ են եղել հատկապես 1980-ականների բնապահպանական շարժումից ի վեր:

[5] Այս հոդվածում անդրադառնում եմ հայաստանյան ֆեմինիստների քրտնաջան աշխատանքին ու կոլեկտիվ հոգատարության կարևորությանը: Այս տեքստում և այլուր կիրառում եմ ֆեմինիզմի բել հուկսի սահմանումը` «սեքսիզմին, սեքսիստական չարաշահմանը և կեղեքմանը վերջ տալուն ուղղված մի շարժում», որը ներառում է հայրիշխանության` հաստատականացված սեքսիզմի գերիշխանությունը (հուքս 2000, viii-ix): Այսինքն` շարժումն ինքնին ուղղված է սեքսիզմի, դրա գերիշխանության (և ընդհանրապես գերիշխանության) դեմ, այլ ոչ թե տղամարդկանց դեմ, ինչպես հայրիշխանական գաղափարախոսությամբ ներծծված զանգվածային լրատվամիջոցներն են ապատեղեկացնում: bell hooks, 2000. Feminism Is for Everybody: Passionate Politics. New York: Routledge.

Հնարավոր է, որ քաղաքականապես ակտիվ շատ կանայք Հայաստանում իրենց ֆեմինիստ չհամարեն կամ ինչպես Ռուզաննա Գրիգորյանը նշեց, ֆեմինիստ դառնան քաղաքական ակտիվության ընթացքում (2018, անձնական նամակագրություն): Իմ խնդիրն այս տեքստում ոչ թե ֆեմինիստ ինքնության ընդունման կամ չընդունման պահն ու ընթացքն է, այլ գերիշխանության դեմ (այդ թվում` հայրիշխանական)  կանանց հորիզոնական մեթոդներով շարունակական պայքարի դրսևորումները և դրանց խիստ կարևոր ազդեցությունը քաղաքական երևակայության զարգացման վրա:

[6] Yevgenya Jenny Paturyan and Valentina Gevorgyan, 2016. Civic Activism as a Novel Component of Armenian Civil Society. Yerevan: American University of Armenia.

[7] Օգտագործում եմ «նախանշող» հղացքի Կարլ Բոգզի սահմանումը, որով նա նկատի ունի մասնակիցների կողմից մարմնավորած այն «հասարակական հարաբերությունները, որոշումներ կայացնելը և մարդկային կենսափորձը, որ վերջնանպատակն են» (1977, 100): Carl Boggs, 1977. “Marxism, prefigurative communism and the problem of workers’ control.” In Radical America 6:99–122.

[8] Elizabeth A. Povinelli, 2015. “Transgender Creeks and the Three Figures of Power in Late Liberalism,” differences: A Journal of Feminist Cultural Studies 26(1): 168-187.

[9] Michael Hardt and Antonio Negri, 2009. Commonwealth. Cambridge. Mass.: Harvard University Press.

[10] Տե՛ս այստեղ և այստեղ:

[11] Թեպետ այս տեքստում անդրադարձ է կատարվում բազմաթիվ ֆեմինիստների քաղաքական գործին, տեքստում նշված են ընդամենը մի քանիսի անուններ, որն ինքնին խնդրահարույց է, և որի հաղթահարման մասին շարունակում եմ լրջորեն մտածել:

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22