Ղարաբաղյան կոնֆլիկտի հետհեղափոխական հռետորաբանությունը․ կոչ-հորդորներ և հանրային հաղորդակցության խզումներ

Հոդվածաշարի մասին

Հեղափոխությունից հետո տարբեր հակաժողովրդավար խմբավորումների գործունեությանն անհամարժեք գնահատականները և արձագանքները պետական հաստատությունների կողմից, քաղաքացիական հասարակության թիրախավորումները և անպաշտպանությունը, առաջադեմ բարեփոխումների ձախողումները և զգայուն հարցերի առնչությամբ քաղաքական պատասխանատվություն ստանձնելու դժկամությունը, Covid-19 համավարակի, անվտանգության, պատերազմի և խաղաղության հարցերի շուրջ անհետևողական, հակասական հռետորաբանությունը և գործողություններն այն հիմնական շրջանակն են, որում  երևան  են գալիս հետհեղափոխական կառավարության՝ հասարակության հետ կարևոր և բարդ հարցերի հաղորդակցության բացերը և խզումները։ Դրանց ուսումնասիրության գաղափարը սկսեց խմորվել հեղափոխությունից կարճ ժամանակ անց, իսկ Ղարաբաղյան երկրորդ պատերազմն է՛լ ավելի բյուրեղացրեց հաղորդակցության, տեղեկացվածության և գիտելիքի այն անջրպետը, որը տարիներ շարունակ գոյություն է ունեցել հասարակության և քաղաքական գործիչների միջև։
Չնայած հեղափոխության ժողովրդականությանը և Ղարաբաղյան կոնֆլիկտի հանգուցալուծման ակնկալիքին՝ թե՛ ղարաբաղյան, թե՛ հայաստանյան հասարակություններն անհաղորդ մնացին կոնֆլիկտի բանակցային գործընթացին, դրա քաղաքական բովանդակությանը՝ բախվելով անելանելի պատերազմին։

Այսպիսով, հոդվածաշարը նպատակ ունի վերհանել պատերազմի և խաղաղության քաղաքական դիսկուրսները և հանրության հետ դրանց հաղորդակցման մեխանիզմները 2018 թ․ հեղափոխությունից հետո։ Այն կենտրոնանում է ոչ միայն քաղաքական հռետորաբանության բովանդակության, այլև դրա՝ հանրային հաղորդակցման տրամաբանության վրա՝ երևան բերելով հարցի քաղաքական շրջափուլերի և հաղորդակցման փոխակերպումների սերտ կապը։

Հեղափոխությունը փոխեց նաև ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ պաշտոնական լեզուն և տեղեկատվության բովանդակությունը՝ առաջ բերելով դրա ներկայացման և հաղորդակցման փոխակերպված մոտեցումներ։ Հեղափոխությունից հետո այն դարձավ ներքաղաքական խմորումների առանցքը և շարունակում է մնալ այդպիսին՝ պատերազմից հետո։

Պատերազմի և խաղաղության հանրային-քաղաքական ըմբռնումները, այլևայլ հարթակներում դրանց շուրջ բանավեճերը և քննարկումները ենթարկվել են շարունակական փոփոխությունների՝ պայմանավորելով ինչպես հասարակության և հայաստանյան ու ղարաբաղյան քաղաքական ուժերի արձագանքները, այնպես էլ՝ պայմանավորվելով դրանցով։

Այսպիսով, հոդվածաշարը հիմնված է՝

  1. ՀՀ կառավարության՝ մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական ելույթների, ԱԳ և ՊՆ մամուլի հաղորդագրությունների, նախարարների հայտարարությունների;
  2. Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ելույթների և  հայտարարությունների;
  3. Առցանց ԶԼՄ-ներում, ինչպես նաև ֆեյսբուքում վերոնշյալ անձանց ու կառույցների և նրանց մասին գրառումների, հոդվածների;
  4. Առցանց ԶԼՄ-ներում պատերազմի և խաղաղության դիսկուրսը շրջանակող հոդվածների, հրապարակախոսությունների, քաղաքական այլ ուժերի կողմից մեկնաբանությունների;
  5. ՀՀ Կառավարության ծրագրերի և դրանց զեկույցների մանրակրկիտ հավաքագրման և վերլուծության վրա։

Հոդվածաշարը մեկնարկող այս հոդվածը  կանգ է առնում 2018 թ․ մայիսի 8-ից մինչև 2020 թ․ հուլիսյան բախումները պատերազմի և խաղաղության քաղաքական նարատիվների և դրանց շուրջ հանրության հետ երկխոսության հարցի վրա։

Հոդվածը վերլուծում է այն լեզուն, մեխանիզմները և տրամաբանությունը, որոնցով ղարաբաղյան կոնֆլիկտը ներկայացվել է հասարակությանը նշված ժամանակահատվածում։ Հոդվածն անդրադառնում է նաև այն գործոններին, որոնք պայմանավորել կամ ազդել են այդ լեզվի փոխակերպումների վրա։

Ղարաբաղյան կոնֆլիկտը՝ «եռամիասնության» և «համահայկականության» համատեքստում

Ե՛վ ներքին, և՛ արտաքին հաղորդակցության տեսակետից հեղափոխությունն ըմբռնվում էր իբրև մի քաղաքական իրադարձություն, որ շրջադարձորեն պիտի փոխեր թե՛ դրանից առաջ գոյություն ունեցող քաղաքական համակարգը, թե՛ նոր բովանդակությամբ լցներ հանրային-մշակութային փոխհարաբերությունները։
Քաղաքական փոփոխությունը հանրության համար նախ և առաջ ձևակերպվում էր Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի և Ղարաբաղի զարգացմանն ուղղված կոչերով և հայտարարություններով՝ հեղափոխությունը դիտարկվելով որպես նոր հնարավորությունների սկզբնակետ՝ ժողովրդի հաղթանակի, հպարտության, երջանիկ Հայաստանի գաղափարների շեշտադրումներով և նշանակալի տեղ հատկացնելով «Մեծ հայրենադարձության», Սփյուռքի և Ղարաբաղի հայերին միավորելու նպատակներին։ Համազգային համախմբվածության և միասնականության գաղափարները երևան էին գալիս ինչպես  հեղափոխության հաջողման քաղաքական հայտարարություններում, այնպես էլ ապագայի հաջողությունների և «հաղթանակների» նախագծման շրջանակներում՝ որպես «Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի» կերտելու հեղափոխական կառավարության ծրագիր[1]։

Հեղափոխության խաղաղ և անարյուն բնույթը մի կողմից ձևակերպում էր իբրև կարևոր ժողովրդական արժանիք, մյուս կողմից՝ ստանում գովազդային փաթեթավորում՝ Հայաստանի միջազգային հեղինակությունը կամ «իմիջը» բարձրացնելու և օտարերկրյա ներդրողներին ներգրավելու համար։ Իշխանության ոչ բռնի փոփոխությունը, հետհեղափոխական քաղաքական դիսկուրսում, թվում է, այն հիմնարար քաղաքական իրադարձությունն էր, որ ոչ միայն տանելու էր դեպի Հայաստանի ժողովրդավարացում, այլև կերպափոխելու էր Սփյուռքի, միջազգային կառույցների ու գործընկերների  վերաբերմունքը Հայաստանի հանդեպ։

Այս համատեքստում իր ուրույն տեղն ուներ նաև ղարաբաղյան կոնֆլիկտը, որ ձևակերպվում էր ոչ բռնի հեղափոխության հաջողության և հաղթանակի տրամաբանության շրջանակներում։ Հեղափոխության հաղթանակը գրեթե նույնացնելով Ղարաբաղյան առաջին պատերազմին, սահմանելով դրան գրեթե համարժեք՝ Փաշինյանի քաղաքական հռետորաբանությունը ձևավորում էր այնպիսի տեսակետ, թե, ի վերջո, հեղափոխությունը և հեղափոխությամբ իշխանության եկած կառավարությունը ստանձնում է ղարաբաղյան կոնֆլիկտի  հանգուցալուծումը։

Սա համազգային և համաժողովրդական զարթոնքի բացառիկ ժամ է, և ինչպես 1988 թվականի համազգային շարժումը հանգեցրեց Արցախի դե ֆակտո ինքնորոշմանը, հայկական հեղափոխության արդյունքն ի վերջո լինելու է Արցախի ինքնորոշման իրավունքի դե յուրե միջազգային ճանաչումը[2]:

Նիկոլ Փաշինյանի՝ Սփյուռքին, հատկապես սփյուռքահայ համայնքի հայտնի ներկայացուցիչներին՝ Քիմ Քարդաշյանին, Սերժ Թանկյանին ուղղված ներդրումների կոչերի հետնախորքին հատկանշական է նաև Արայիկ Հարությունյանի մոտեցումը։ Հարցազրույցներից մեկում Սփյուռքի կողմից ներդրումային և բարեգործական ծրագրերը որակելով որպես «ամենամեծ մեր պոտենցիալ, որը կարող ենք օգտագործել»՝ նա նույնպես համոզմունք էր արտահայտում, որ վերջինիս վերաբերմունքը կփոխվի Հայաստանի և Ղարաբաղի հանդեպ, քանի որ նոր իշխանությունները վստահություն վայելելու ավելի մեծ ներուժ ունեն[3]։

Ընդ որում, դիտարկելով միասնականությունը որպես հեղափոխության հաջողման հիմնական գործոն՝ դրա գաղափարը կարևորվում էր նաև Հայաստան-Սփյուռք-Ղարաբաղ «եռամիասնության» համատեքստում։ Դեռևս 2018 թ․ սեպտեմբերին Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշում է․

Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերություններին պետք է վերաբերվենք որպես մեկ միասնական օրգանիզմ[4]։

Ավելին, «Մեծ հայրենադարձության», հայակենտրոն գործունեության գաղափարների հռչակումից շատ չանցած, և հատկապես 2019 թ․ ելույթներում վերջիններս իրենց ընդհանուր ձևակերպումն են գտնում «համահայկականության» գաղափարի ներքո։ Հեղափոխությունը և դրա բերած արժեքներն ու սկզբունքները հռչակվում էին որպես համահայկական, որպես ձեռքբերված «միասնականության» դրսևորում․

Ըստ այդմ, համահայկական հեղափոխության ամենաառանցքային արդյունքը պետք է լինի այն, որ մեր իրականության մեջ երկար տարիներ գերիշխած հատվածականությունը պետք է փոխարինվի համահայկականությամբ[5]։

Այդ գաղափարի շարունակական գործածության բյուրեղացումը, թերևս, 2019 թ․ օգոստոսին արված աղմկահարույց «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունն էր՝ զուգորդված «Մի-ա-ցում» կոչով։ Սրան հաջորդեց նրա մեկ այլ հայտարարություն, որ հռչակում էր նոր կառավարության նպատակը՝ ջնջելու և վերացնելու Սփյուռքի, Հայաստանի և Արցախի միջև սահմանները[6], որ չնայած իր բովանդակային ծանրաբեռնվածությանը, նույնչափ հանրային ուշադրության չարժանացավ։

Ղարաբաղը Հայաստան հռչակելու հայտարարությունը «համահայկականության» գաղափարի բարձրակետն էր, ինչպես նաև ղարաբաղյան կոնֆլիկտի և դրա հանգուցալուծման` Փաշինյանի քաղաքական պատկերացումների նախերգանքը։ Միաժամանակ, դրա հռչակումը տեղի ունեցավ հանրային դիրքորոշումները մանիպուլացնող և նեղ քաղաքական շահեր առաջ մղող արատավոր քաղաքական զարգացումների հետնախորքին։

Հեղափոխությունից շատ չանցած՝ նախկին իշխանությունները և դրանց մերձ կանգնած, իրենց ընդդիմադիր դիրքավորող խմբավորումները, քաղաքական և քվազի քաղաքական ուժերը, հանրային-քաղաքական օրակարգ էին նետել Փաշինյանի՝  «հողերը ծախելու», «հողերը տալու» իբրև թե նպատակադրությունը՝ որպես ղարաբաղյան հարցին վերջինիս անհավատարմության մեղադրանք։ Ներքաղաքական օրակարգ նետված այս մեղադրական թեզը դարձավ այն առանցքը, որի շուրջ կառուցվեց Ղարաբաղյան կոնֆլիկտի նախապատերազմական և հետպատերազմական գրեթե ողջ հռետորաբանությունը՝ մեղադրանքներ-արդարացումներ երկբևեռությունով։ Այս տեսանկյունից Արցախի՝ Հայաստան հռչակումը կարող էր հանրությանը և ընդդիմադիր խմբերին ուղղված «խրոխտ» ուղերձ լինել՝ հանրային համակրանք, ոգևորություն և վստահություն ձեռք բերելու համար։ Արդեն պատերազմի պարտությունից հետո այս հռետորաբանությունը քննադատվեց նաև դրա երբեմնի համակիրների կողմից՝ ցույց տալով պատերազմի լեզվով հանրային համակրանք ձեռք բերելու, հանրահաճո պոպուլիզմի և իրական կարողությունները թերագնահատելու խնդրահարույց քաղաքականությունը[7]։ Սեփական համբավն ու ժողովրդականությունը գերադասող այս  հայտարարությունը, սակայն, արհամարհում էր և զանցառում ղարաբաղյան կոնֆլիկտի՝ միջազգային գործընկերների հետ տարիներ շարունակ բանակցվող շրջանակը։

Ղարաբաղի սուբյեկտայնության բարձրացման ակնկալիքը

Լուսանկարը՝ Նվարդ Մարգարյանի․ Ասկերան, հոկտեմբեր 2019

ԱԺ ելույթում՝ դեռևս վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ առաջ է քաշում Ղարաբաղի կառավարության՝ բանակցությունների գործընթացում ներգրավելու հարցը, ինչը հաջորդ օրը՝ 2018 թ․ մայիսի 9-ին որպես ՀՀ վարչապետ Ղարաբաղ կատարած իր առաջին այցի ժամանակ վերահաստատում է՝ պարզաբանելով․

․․․Քանի որ Արցախը հրավիրված չէ բանակցային սեղանի շուրջ, ահա սա է պատճառներից մեկը, որ բանակցությունները կոնկրետ արդյունքներ չեն բերում, որովհետև ինչպես կարող են երկու սուբյեկտ քննարկել երրորդ սուբյեկտի ճակատագրին վերաբերվող հարց երրորդ սուբյեկտի բացակայության պայմաններում[8]։

Այս մոտեցմամբ, ըստ էության փորձ է արվում վերադարձնել Ղարաբաղին բանակցությունների սեղան, հաղթահարել բանակցությունների փակուղային համարվող դրությունը։ Բանակցությունների գործընթացում Ղարաբաղի սուբյեկտայնության բարձրացումը, դրա՝ որպես լիարժեք կողմի ներգրավումը հետագայում էլ կարմիր թելի նման անցնում է վարչապետի գալիք ելույթներում՝ դառնալով հարցի կարգավորման վերաբերյալ նրա դիրքորոշման հիմնական դրույթներից մեկը։ Այն առաջ է բերում իրարամերժ հայտարարություններ և դիրքորոշումներ՝ ի սկզբանե դրական գնահատվելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի[9], ինչպես նաև Ղարաբաղի՝ այն ժամանակ դեռևս պետնախարար Արայիկ Հարությունյանի կողմից (չնայած վերջինիս կասկածներին, որ նման հաջողություն մոտ ապագայում չի լինի)[10]՝ միաժամանակ քննադատվելով ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ու նրանց հետ փոխկապակցված քաղաքական ուժերի կողմից։  

Ղարաբաղը բանակցությունների սեղանին վերադարձնելը  ուղերձ էր ոչ միայն և ոչ այնքան հանրությանը, այլև արտաքին դերակատարներին․ այն ուղղակիորեն առնչվում էր ոչ միայն Հայաստանին և Ղարաբաղին, այլև Ադրբեջանին և բանակցությունների գործընթացում ներգրավված միջազգային գործընկերներին։ Ղարաբաղի՝ իբրև լիիրավ սուբյեկտի վերադարձը բանակցային սեղան, մի կողմից փորձ էր ընդգծելու Ղարաբաղի բնակիչների շահերի պաշտպանության անհրաժեշտությունը սեփական իշխանությունների միջոցով, մյուս կողմից առաջ բերեց տպավորություն, թե հետհեղափոխական իշխանությունները միտված են երկարաձգելու առանց այդ էլ առկախված ղարաբաղյան կոնֆլիկտը՝ հրաժարվելով բանակցային սեղանին դրված փաստաթղթերից և դրա հանգուցալուծման քաղաքական պատասխանատվությունից։ Հետագայում այս հանգամանքը դառնալու էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վերջինիս հետ փոխկապված հայաստանյան և ղարաբաղյան քաղաքական և քաղտեխնոլոգիական շրջանակների՝ ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ այլևայլ շահարկումների առանցքային հարցերից մեկը։ Քոչարյանը, ում քաղաքականության արդյունքում Ղարաբաղը վերջնականապես հեռացրել էր բանակցությունների սեղանից, մեղադրեց Փաշինյանին Ղարաբաղի հարցն իրենից հեռացնելու մեջ[11]։

Ղարաբաղյան կոնֆլիկտի [վերա]ներկայացումը միջազգային հանրությանը

Լուսանկարը՝ Նվարդ Մարգարյանի․ Մարտակերտ, հոկտեմբեր 2019

Ղարաբաղյան կոնֆլիկտի հետհեղափոխական հռետորաբանությունը միջազգային հանրության համար շեշտադրում էր Ղարաբաղի ժողովրդի կյանքի և ֆիզիկական անվտանգության հարցը՝ հղելով Ադրբեջանի կազմում վերջինիս վտանգվածությանը։ Այս հռետորաբանության շրջանակներում հաճախ կարող ենք հանդիպել «լիակատար բնաջնջում»[12], «հայ ժողովրդի նոր ցեղասպանություն»[13], «ֆիզիկական գոյության սպառնալիք»[14] ձևակերպումները, որոնք լայնորեն կիրառվում էին նաև 44-օրյա պատերազմի ընթացքում։

Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետևաբար Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն[15]։

Ելույթներում այս ձևակերպումներն ուղղակիորեն կապվում էին ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հետ։ Միաժամանակ որոշ քաղաքական ուժեր պնդում էին[16], թե այս քաղաքականությունը շեղվում էր հարցի կարգավորման հիմնական ճանապարհից։

21-րդ դարում բացարձակապես անընդունելի է, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կիրառելու ցանկությունը կարող է վերածվել կենսաբանական սպառնալիքի[17]։

Ավելին, Ղարաբաղյան հարցը հաճախ ներկայացվում էր մարդու իրավունքների համատեքստում՝ կարևորելով նաև Ղարաբաղի ժողովրդի մասնակցությունը որոշումների կայացմանը։ Ժողովրդավարությունը, քաղաքացիների ներգրավումը քաղաքական գործընթացներում նոր կառավարության կողմից ներկայացվող գլխավոր սկզբունքներից էին։ Այդ համատեքստում հատկանշական է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստի շրջանակներում Փաշինյանի քննադատությունը առ այն, որ Ղարաբաղում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ բավականաչափ ջանքեր չեն գործադրվում․

Այս կազմակերպությունը, որ նախանձախնդիր է Եվրոպայում մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար, զրո ուշադրություն է դարձնում Լեռնային Ղարաբաղում գործող հասարակական կազմակերպություններին աջակցելու խնդրին:
ԵԽԽՎ-ն բնավ որևէ միջոց չի ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիական հասարակության կայացման համար[18]:

Նման բովանդակությամբ հայտարարություն է նա հնչեցնում նաև հետագայում՝ արդեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին։ Չնայած տոնայնության  մեղմությանը՝ այդուհանդերձ, նա կրկին կոչ էր անում Ղարաբաղում զարգացման ծրագրեր ներդնել։

Հարցը մարդու իրավունքների  շրջանակներում ներկայացնելը փոխառնչված էր նաև Փաշինյանի այլ հայտարարությունների հետ, որտեղ ընդգծվում էր Ղարաբաղի՝ զուտ տարածքային խնդիր չլինելը, այլ Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հարցը․

Այս հակամարտությունը տարածքային վեճ չէ, ինչպես ոմանք փորձում են այն ներկայացնել պարզեցված ձևով: Խոսքն ինքնորոշման իրավունքի, մարդու իրավունքների և այնտեղ ապրող մարդկանց ֆիզիկական անվտանգության մասին է[19]:

Սրան պարբերաբար հակադրվում էր Ադրբեջանի կողմից տարածքներին, կամ ավելի հստակ՝ տարածքներին առանց ժողովրդի կարևորություն տալը[20]՝ միաժամանակ միջազգային  քաղաքական դերակատարներին կոչ անելով Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ։ Զուգահեռաբար, միջազգային հանրությունը քննադատվում էր իբրև թե խնդրի էությունը լիարժեքորեն չհասկանալու տեսանկյունից։ Քննադատությունը հնչում էր իբրև մեղադրանք՝ ղարաբաղյան կոնֆլիկտը գլխավորապես տարածքային հակամարտությունների տրամաբանության ներքո դիտարկելու համար։

Կարծում եմ՝ առաջիկա շրջանի համար մեր մեծագույն խնդիրը հետևյալն է՝ միջազգային հանրության շրջանում բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հարցի էության վերաբերյալ տեղեկացվածությունը, որովհետև ցավոք, այնուամենայնիվ, միշտ չէ և ամենուր չէ, որ մենք հանդիպում ենք այդպիսի տեղեկացվածության[21]:

Այս խոսքերից մեկ տարի անց, Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին, Փաշինյանը հայտարարում է, որ ինչպես միջազգային շրջանակներում, այնպես էլ անգամ «ինքներս մեզ համար» կորում է կոնֆլիկտի ծագման պատճառների տրամաբանության ընկալումը, մի երևույթ, որը նկատելի է երբեմն ընդհուպ մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներ[22]։ Կոնֆլիկտի բովանդակության կորստի մասին արձանագրումը, որ կարող էր նախանշել դրա շուրջ հանրային-քաղաքական երկխոսության սկիզբ, այդպես էլ մնաց հռչակման մակարդակում մի կողմից, իսկ մյուս կողմից՝ հնչեց իբրև հոխորտանք միջազգային դերակատարներին և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ կոնֆլիկտի կարգավորումը միջնորդող կառույցին։

Փոխզիջման մասին՝ առանց բովանդակության

Լուսանկարը՝ Նվարդ Մարգարյանի․ Հադրութ, հոկտեմբեր 2019

Պարբերաբար ընդգծելով կոնֆլիկտի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ Փաշինյանն, այդուհանդերձ, Ղարաբաղ կատարած առաջին այցի ժամանակ խոսում է փոխզիջումների անիմաստության մասին։ Փոխզիջումներն, ըստ նրա, անիմաստ էին այնքան ժամանակ, որքան Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարությունները[23]։ Սեփական քաղաքական  դիրքորոշումը պայմանավորելով այլ կողմի դիրքորոշումով՝ ըստ էության, քննարկումից դուրս են թողնվում առանցքային հարցեր․ ի՞նչ է կոնֆլիկտի խաղաղ կարգավորումը, ի՞նչ է փոխզիջումը, ո՞րն է դրա բովանդակությունը, ինչո՞ւ է այն անհրաժեշտ։ Այս կերպ թե՛ ղարաբաղյան, թե՛ հայաստանյան հասարակությունների դիրքորոշումներում ամրապնդվում էր փոխզիջման անընդունելիության, կամ, ինչպես Փաշինյանն էր ասում՝ անիմաստության ըմբռնումը։ Գործնականում փոխզիջման քաղաքականության հանրային աղոտ ըմբռնումները և դրանց հանդեպ դիմադրությունը երևան են բերում այն հանգամանքը, որ տարիներ շարունակ ղարաբաղյան կոնֆլիկտի բովանդակությունը, հատկապես դրա բանակցային ասպեկտը, հասու չի եղել հանրության լայն շերտերին։ Լայն իմաստով՝ Ղարաբաղյան կոնֆլիկտն իր պատմական, քաղաքական և սոցիալ-տնտեսական հետնախորքերով և ազդեցություններով քաղաքական «էլիտաների» սեփականությունն է եղել։ Այս համատեքստում, որքան էլ փոխզիջումների մասին խոսակցությունները տարիներ ի վեր ֆորմալ քաղաքական դիսկուրսի մաս են եղել, անգամ 2018 թ․ հեղափոխությունից հետո չեն վերաճել հանրային քննարկումների և գիտելիքի՝ իրական բովանդակությամբ[24]։

Ընդ որում, կարևոր է ընդգծել, որ Ղարաբաղում փոխզիջումների անիմաստության մասին հնչեցված այդ խոսքերը կառավարման սկզբնական շրջանում առաջին հայացքից ուղղված են եղել գլխավորապես ներքին լսարանին։ Միաժամանակ, փոխզիջումների վերաբերյալ հայտարարությունները ավելի մեղմ երանգավորում են ձեռք բերում հետագայում՝  միջազգային հանրությանն ուղղված կոչերում։

Ամփոփելով` թույլ տվեք վերահաստատել. հակամարտությունը կարող է և պետք է կարգավորվի միայն կողմերի փոխադարձ զիջումների միջոցով` խաղաղության և ոչ թե պատերազմի մթնոլորտում[25]:

Նույն հարցի վերաբերյալ նրա դիրքորոշումը փոքր-ինչ կտրուկ է մոտ մեկ ամիս անց Լիբանանի[26], այնուհետև՝ Գերմանիայի[27] հայ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ։ Հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանը համոզմունք է հայտնում, որ փոխզիջումների մասին  հարցին Հայաստանը չէ, որ պետք է առաջինը պատասխանի՝ շեշտադրելով, թե այդ հարցը մշտապես հղվում է  Հայաստանին և ոչ Ադրբեջանին։

Whataboutism-ի (whataboutery)[28] ոճով այս հռետորաբանությամբ Փաշինյանը շարունակաբար խուսափել է բարդ հարցերին պատասխանելուց։ Սառը պատերազմի շրջանին բնորոշ այս գործիքը ռուսական և ամերիկյան քարոզչամեքենաները հաճախ էին օգտագործում՝ սեփական երկրի խնդիրները՝ մյուսում առկա խնդիրներով քողարկելու, դրանց մասին խոսակցություններից խուսանավելու համար։ Այս փակուղային հռետորաբանությունը տարիներ շարունակ տիրապետող է եղել հայաստանյան հանրային-քաղաքական դաշտում, իսկ դրա դրսևորումները հատկապես սրվել են հեղափոխությունից հետո՝ ղարաբաղյան կոնֆլիկտի առնչությամբ։ 

2019 թ․ մարտին ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում փոխզիջումն ավելի մեղմ երանգավորում է ստանում․

Երկխոսության, հանդուրժողականության եւ փոխզիջման մշակույթը պետք է գերակայի Հարավային Կովկասում առկա բոլոր տարաձայնությունների նկատմամբ[29]։

Այս հայտարարությունների քննությունը դուրս է բերում դրանց անհետևողականությունը և հակասականությունը։ Ըստ ամենայնի,  դրանք կարող են պայմանավորված լինել գլխավորապես միջավայրով, կամ ավելի ճիշտ՝ դրան հարմարվելով և տվյալ իրավիճակում լսարանի «պահանջարկը» ենթադրված առաջարկով լրացնելով։ Մյուս կողմից էլ, դրանք նախանշում են փոխզիջման քաղաքական նշանակությունն իր կոնկրետության մեջ բացահայտելու անկարողությունը՝ թողնելով այն իբրև վերացական մի հասկացություն՝  առանց գործանական բովանդակության։

Չպարզաբանելով հայաստանյան կողմի համար փոխզիջման էությունը, ընդունելի փոխզիջումների ճանապարհային քարտեզը՝ հանրային դիրքորոշումներում տարիներ շարունակ ամրապնդվում էր միայն Ադրբեջանի կողմից Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ընդունելու պայմանը։ Իսկ ի՞նչ պիտի զիջեր Հայաստանը, ո՞վ և ինչպե՞ս էր գծելու զիջման ընդունելիության և անընդունելիության սահմանը։ Չնայած թափանցիկության խրախուսմանը և այն՝ հետհեղափոխական շրջանի կարևորագույն ձեռքբերումներից մեկը համարելուն, այս  հարցը իբրև թե ներկայացվում էր հանրությանը՝ առանց դրա բովանդակային պարզաբանման, հաճախ ուղեկցվելով ներհակություններով և անհետևողականություններով։  Այս տեսակետից, կարևոր է հիշատակել նաև Արայիկ Հարությունյանի՝ պետնախարարի պաշտոնում եղած ժամանակ փոխզիջումների մասին «Ուժն է ծնում իրավունքը»[30] դատողությունը, որին նախորդում էր նրա համոզմունքը, թե Ղարաբաղի ինքնորոշման հարցի կարգավորումից հետո միայն կարելի է անդրադառնալ փոխզիջումներին․

․․․ամեն մի հայ իր կարծիքը պետք է արտահայտի, մանավանդ արցախցիներս և Հայաստանի ժողովուրդը պետք է իմանանք փոխզիջում անում ենք, թե չէ, և այդ փոխզիջման առավելագույն չափը որն է[31]։

Այս հաղորդագրությունում, թերևս մի քանի կարևոր կետ կա, որոնց արժի անդրադառնալ։ Նախևառաջ, փոխզիջումների ընկալումն է, որ արտահայտվում է բացառապես Հայաստանին և Ղարաբաղին ձեռնտու դիրքորոշումների տեսանկյունից։ Փոխզիջումների գնալը ոչ միայն կապվում է միայն մի կողմի որոշման հետ, այլև ներկայացվում է որպես առավել շահեկան կարգավիճակում գտնվող (տվյալ դեպքում՝ պատերազմում «հաղթած») կողմի արտոնություն։ Ներկայացվելով որպես ընդամենը ընտրություններից կամ տարբերակներից հերթական մեկը՝ փոխզիջումն ըմբռնվում է իբրև այնպիսի գործողություն, որը կողմերից մեկը կարող է օգտագործել հօգուտ իր շահերի։ Ըստ էության, ներկայացվում է, որ փոխզիջումը տեղի կունենա այն ժամանակ, երբ Հայաստանը և Ղարաբաղը «ուզեն»՝ ընդ որում՝ ուզածի չափով։ Փոխզիջման քաղաքական նշանակության և տրամաբանության շրջանակներում տարածաշրջանային և գլոբալ քաղաքական գործոնները և իրողությունները՝ Ադրբեջանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների դիրքորոշումներն ու շահերը, ըստ էության արհամարհված են։ Այս համատեքստում Ադրբեջանը չի ներկայացվում որպես փոխզիջումների վերաբերյալ որոշում կայացնող սուբյեկտ։ Իզուր չէ, որ պատերազմից հետո BBC-ին տված իր հարցազրույցում Ժիրայր Լիպարիտյանը խոսում է իրականությունը ցանկություններից տարանջատելու քաղաքական անկարողության մասին։ Ձեռնտու կամ արդար լուծում համարվող տարբերակները, ըստ Լիպարիտյանի, դեռևս չեն նշանակում, որ դրանք «հնարավոր լուծումներն» են՝ ընգծելով այլ պետությունները և նրանց շահերը հաշվի առնելու կարևորությունը։

Մենք սնում ենք իրականությունն ընդունելու մեր դժկամությունը, իրականությունը մերժելու մեթոդները և փոխարինում ենք այն մեր երազանքներով[32]։

Կարևոր է ոչ միայն այն, որ փոխզիջումները հանրությանը մատուցվում են որպես գլխավորապես հայկական կողմի որոշման առարկա, այլև շեշտադրվում է ժողովրդի՝ որոշում կայացնելու իրավասությունը։ Հասարակությանը որոշում կայացնողի դերում ներկայացնելը, որքան էլ հանրահաճո էր, սակայն չստացավ որևէ գործնական կերպարանք։ Փաշինյանը, իսկ հետո Հարությունյանը շարունակաբար պնդում էին, թե որպես պետության ղեկավար ոչ միայն միայնակ չեն որոշում կայացնելու, այլև այն կայացնելու է «ժողովուրդը»՝ առանց անդրադառնալու այն հարցին, թե ինչպես, ինչ մեխանիզմներով է գործնականում ժողովուրդը մասնակից դառնալու երեսնամյա առկախված հարցի կարգավորմանը։

Ժողովուրդը՝ «հարց լուծող»

Լուսանկարը՝ Նվարդ Մարգարյանի․ Մարտակերտ, հոկտեմբեր 2019

«Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, և ես ուզում եմ ասել հետևյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհատավամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ։ Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա»[33]։

Հանրապետության հրապարակում Կառավարության 100 օրվա գործունեության ամփոփմանը նվիրված հավաքին Նիկոլ Փաշինյանի  ելույթի՝ Ղարաբաղի հարցին նվիրված այս հատվածը, հետագայում՝ 44-օրյա պատերազմի պարտությունից հետո, դառնալու էր վերջինիս պոպուլիստական հռետորաբանության և վարած քաղաքականության քննադատության առանցքներից մեկը[34]։ Քննադատություններին հաջորդելու էին արդարացումներ, որոնք, ըստ էության, մեկնաբանում էին խոստումն իրագործելու անհնարինությունը։ Լինելով առկախված պատերազմի հետևանքների անմիջական կրողը՝ ժողովուրդը ոչ միայն չդարձավ դրա լուծողը, այլև չստացավ կարևորագույն հարցերից մեկի պատասխանը․ ի վերջո ո՞րն է ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումը[35]։ Տարբեր ձևաչափերով ընթացող գրեթե երեսնամյա բանակցությունները մարդկանց ճակատագրերի մասին այդպես էլ չդարձան հանրային գիտելիք, իսկ հանրային-քաղաքական դիսկուրսները մնացին «հողեր հանձնել-չհանձնելու», «դավաճանի» և «իրական հայրենասերի» արատավոր և դոգմատիկ շրջանի մեջ[36]։
Ժողովրդի՝ իբրև թե որոշում կայացնողի, պատասխանատուի, իսկ հաճախ էլ՝ մեղավորի մասին վարչապետի հայտարարությունները բխում են հանրայինի և մասնավորի, հավաքականի և անհատականի՝ հետհեղափոխական իշխանությունների խնդրահարույց ըմբռնումներից և քաղաքականություններից՝ դրսևորվելով ամենատարբեր քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային հարցերի առնչությամբ։
Մի կողմ թողնելով վարչապետի հայտարարությունների՝ հետագայում՝ իրականության համապատասխանությունը, այլ հարց է առաջանում․ որքանո՞վ էին դրանք իրատեսական և իրականանալի։ Դեռևս 2018 թ․ «Մեծ Հայրենադարձության»[37], ինչպես նաև  2019 թ․ ամռանը մինչև 2050 թվականի ռազմավարական նպատակները ներկայացնելիս Հայաստանի բնակչությունը առնվազն 5 միլիոնի հասցնելու, ՀՀ-ն արդյունաբերական երկիր դարձնելու, ՀՆԱ-ն 15-ապատկելու, բանակի մարտունակությամբ աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում հայտնվելու և այլ գաղափարները[38], որքան էլ ականջահաճո կարող էին լինել հանրային որոշ շերտերում, հավակնոտ «տեսիլքի» քաղաքականության[39] լավագույն արտացոլումն էին։ Այս հավակնոտ նախագիծն իր հիմքում չուներ ո՛չ գաղափարական, ո՛չ հետազոտական չափումներ, իսկ դրանց հռչակումն ըմբռնվում էր իբրև ինքնին քաղաքական գործողություն։ Այս համատեքստում հանրությունը կրկին վերածվում էր սոսկ հանդիսատեսի, որն անհաղորդ էր մնում մեծ ռազմավարությունների տրամաբանության շրջանակին։ Առկախված պատերազմի երկրում ինչպե՞ս և ի՞նչ քայլերով էր հնարավոր ընդամենը 30 տարում հասնել նման արդյունքների․ այս հարցերը մնում էին անպատասխան, մինչդեռ ցանկալին որպես նպատակ ներկայացնելը միտում ուներ ստեղծելու հանրային ընկալում, թե կա պետական տեսլական՝ ավելին, որ դրան հասնելու ճանապարհին յուրաքանչյուրն իր դերն ու ներդրումն ունի։ Կառավարման երկրորդ տարվա ելույթներից մեկում անդրադառնալով այն հարցին, թե  Ղարաբաղի հարցի շուրջ չկա հանրային դիսկուրս, նա նշում է․

Սեփականատերը Ղարաբաղի հարցի ամբողջ հայ ժողովուրդն է, և ամբողջ հայ ժողովուրդը պետք է հստակ ձևակերպի՝ ինքն ինչպե՞ս է պատկերացնում՝ այդ հարցի հետ ի՞նչ պետք է լինի[40]։

Չնայած այն համոզմունքին, որ նախկինում այս հարցի մասին լռելը նախընտրական քննարկումներում և բանավեճերում այն ներկայացնելու փոխարեն սխալ է եղել[41], այդուհանդերձ, Փաշինյանը Ղարաբաղյան կոնֆլիկտը հանրության համար բովանդակությամբ լցնելու որևէ ռազմավարություն չի ներկայացնում։ Ինչպե՞ս կարող է «ժողովուրդը» հստակությամբ ձևակերպել հարցի կարգավորման ցանկալի կամ ակնկալվող տարբերակը, երբ հարցի բնույթն այդպես էլ ամբողջությամբ չհանրայնացվեց, շարունակեց մնալ կա՛մ առասպելականացված, կա՛մ առօրյա զրույցների չափումներում։ Նախորդ իշխանություններից ժառանգված status quo-ն իր բոլոր հետևանքներով, հանրային սակավ՝ հաճախ առասպելականացված գիտելիքը խնդրի շուրջ, հեղափոխությունից հետո դարձավ դավադրապաշտական տեսությունների առաջմղման, քաղաքական և քվազի քաղաքական որոշ ուժերի կողմից դրանց շահարկման, հանրության կողմից երբեմն դրանց  վերարտադրության պարարտ առարկա։  Քննադատելով ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ հանրային դիսկուրսի բացակայությունը՝ Փաշինյանն, այդուհանդերձ, շարունակում էր նույն քաղաքականությունը՝ չպարզաբանելով ու հանրությանը չներկայացնելով հարցի էությունը՝ միաժամանակ նրանից ակնկալելով դրա վերաբերյալ ոչ միայն հստակ դիրքորոշումներ, այլև՝ դիսկուրս, որը, ենթադրաբար, պետք է բովանդակեր հարցի կարգավորման ժողովրդի համար ընդունելի տեսլականը։ Առաջ է գալիս նաև դիսկուրսի ձևակերպման եղանակի և հնարավորության հարցը․ ի՞նչ հարթակով, ի՞նչ ձևաչափով, ի՞նչ միջոցներով կարող է ժողովուրդը ձևակերպել իր ասելիքը և ազդել քաղաքականության վրա։ Ըստ էության, հետհեղափոխական կառավարության կողմից շարունակաբար առաջարկվող որոշումների կայացման ներքևից վերև մոդելը գործնականում չէր հաղթահարում կոչ-հորդորի սահմանագիծը։

Միաժամանակ, հետաքրքիր է, որ չնայած ռազմավարական գործողությունների բացակայությանը՝ կոչերը ներկայացվում էին որպես հստակ քայլեր, որոնք կառավարությունն իրականացրել է։ Այս տեսակետից հատկանշական է 2018 թ․ աշունը, երբ Փաշինյանն առաջ քաշեց իր կառավարման օրոք Ղարաբաղի հարցի վերաբերյալ մյուս կարևոր թեզը, որ հակամարտության ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի՝ և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի, և՛ Ադրբեջանի ժողովուրդների համար։ Հետագայում հայտարարությունը որակելով որպես «աննախադեպ»[42], իսկ իրեն որպես «միակ առաջնորդ»[43], ով նման հայտարարություն է արել՝ նա կրկին կոչը ներկայացնում էր որպես գործողություն։ 2019 թ․ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկման ընթացքում ներկաների հարցերին պատասխանելով՝ Փաշինյանն անդրադառնում է միկրո կամ մինի հեղափոխություններին, որոնց թվում ներառում է այդ առաջ քաշած սկզբունքը, այնուհետև՝ հիշատակում հետագայում արված կոչը, որ ադրբեջանցի և հայ երիտասարդները չօգտագործեն սոցիալական ցանցերը միմյանց վիրավորելու համար[44]։ Չնայած ազգամիջյան թշնամանքն ու առցանց ատելության խոսքը  նվազեցնելու կարևոր նպատակադրությանը, դրա շուրջ զրույցները մնացին հատուկենտ և լուսանցքային։

Կոչերի եղանակով հանրության հետ հաղորդակցվելու տեսակետից կարևոր են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու շուրջ հայտարարությունները՝ ուղղված ինչպես հասարակություններին, այնպես էլ միջազգային հանրությանը․

Մեր առաջարկը խաղաղությունն է, մենք չենք սպառնում որևէ մեկին տարածաշրջանում, մենք ուզում ենք պատրաստել մեր հասարակությանը խաղաղության համար[45]։

Ընդհանուր առմամբ, հասարակություններին խաղաղության նախապատրաստելու հռետորաբանությունը թիրախավորում էր նաև Ադրբեջանի նախագահին՝ ակնարկելով համարժեք հայտարարության կարևորությունը։ Սրան հաջորդեց Փաշինյանի հավակնությունը՝ դիմելու Ադրբեջանի հասարակությանը մինչպատերազմական շրջանի առավել լարված ժամանակահատվածում՝ 2020 թ․ հուլիսյան բախումներից անմիջապես առաջ՝ հունիս ամսին, երբ նա հայտարարեց, որ իշխանությունների հետ երկխոսությունում հաջողության չհասնելու պարագայում չի բացառում Ադրբեջանի ժողովրդին դիմելը, ինչից երբեք չի խուսափել[46]։ Այս տեսակետից կարևոր է, թե ինչպես էր Փաշինյանը ներկայացնում իր դերակատարումը ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի համար․

Սա իմ ներդրումն էր ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործում[47]։

Պարբերաբար ընդգծելով կոնֆլիկտի՝ տարածաշրջանում ապակայունացնող գործոն լինելը՝ Հայաստանի՝ խաղաղություն հաստատելուն ուղղված, այսպես կոչված, քայլերը ներկայացվում են նաև որպես ընդհանուր առմամբ տարածաշրջանի կայունությանն ուղղված գործողություններ․

Երկրորդ, մեր հակառակորդի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար լրացուցիչ դժվարություններ է առաջացնում: Այսօր Հայաստանն իր սակավ ռեսուրսների մեծ մասը պարտավոր է օգտագործել տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար: Հայաստանն է, որ իրականում կրում է գոյություն ունեցող հավասարակշռությունը պահելու տնտեսական բեռը եւ կանխարգելում նոր ռազմական գործողությունների սանձազերծումը[48]:

Այսպիսով, Ադրբեջանի կառավարությանը և վարած ներքին քաղաքականությանն ուղղված քննադատությունները, Ադրբեջանի ժողովրդին դիմելու ցանկությունը՝ հայաստանյան հասարակության հետ զգայուն (և ոչ միայն) հանրային-քաղաքական հարցերի հաղորդակցության մի շարք ձախողումների համատեքստում, թվում են ոչ միայն հավակնոտ, այլև անպատեհ։ Հեղափոխությունը Ադրբեջան և տարածաշրջան արտահանելու վարչապետի միսիոներական-փրկչական հռետորաբանությունը, խաղաղությանն ուղղված քայլեր ձեռնարկող միակ քաղաքական գործչի դերի ինքնահռչակումներն այդպես էլ մնացին ընտրողական և խոսքային մակարդակում։

Պարտադրելով խաղաղություն

Լուսանկարը՝ Նվարդ Մարգարյանի․ Հադրութ, հոկտեմբեր 2019

Լեգիտիմ իշխանություն չունենալը, ռազմատենչ հռետորաբանությունը, սպառազինությունների մրցավազքը, կամ ժողովրդի հանդեպ ոչ բավարար հոգատարությունը այն երևույթներն էին, որոնց համար Ադրբեջանի կառավարությունը հաճախ քննադատվում էր Փաշինյանի խոսքերում։ Չնայած նրան, որ վարչապետը կառավարման հենց սկզբնական շրջանից էլ ՀՀ անունից խոսել է հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտության և ռազմական լուծման բացառման մասին, այդուհանդերձ, հաճախ, նրա խոսքերում կան հակասություններ։ Կառավարման սկզբնական շրջանում՝ առաջին շուրջ կես տարվա ընթացքում նրա դիրքորոշումներում գերակայում էին զսպվածության և զգուշավորության որոշակի չափաբաժնով խաղաղության անհրաժեշտությանն ուղղված հայտարարությունները։ Դրանք հաճախ ուղղորդվում էին Ալիևի դեմոնիզացված կերպարը մարդկայնացնելու խոսքերով, ինչպիսին էր օրինակ՝ վերջինիս՝ «կրթված մարդու տպավորություն թողնելու»[49] մասին Փաշինյանի հայտարարությունը, որն իր հերթին բազմաթիվ քաղաքական շահարկումների առարկա դարձավ։ Այնուամենայնիվ, չնայած պարբերաբար կարևորվում էր հարցի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացառումը, այդ կոչերին հաճախ հաջորդում էին «բայց»-երը․

Ընդգծեմ նաև, որ որպես ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում, ժողովրդական հեղափոխության արդյունքում երկրի ղեկը ստանձնած կառավարության ներկայացուցիչ, համոզված ասում եմ, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, բայց ուզում եմ նաև ընդգծել, որ հակառակորդի յուրաքանչյուր արկածախնդրություն կհանդիպի մեր զինված ուժերի և ողջ հայ ժողովրդի ջախջախիչ հակահարվածին[50]։

Համապատասխան արձագանք տալու տրամաբանության շրջանակներում էին նաև պաշտպանվելուն պատրաստ լինելու, պատերազմից և դրա սպառնալիքից չվախենալու վերաբերյալ վարչապետի հայտարարությունները։ Մի կողմից՝ նա խրախուսում էր խաղաղությունը՝ բացառելով հարցի որևէ ռազմական լուծում, մյուս կողմից՝ շարունակաբար կրկնում էր, որ անհրաժեշտության դեպքում, կամ Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի պարագայում հայկական կողմը կկարողանա համարժեք պատասխան տալ․

Մենք կողմնակից ենք մեր տարածաշրջանում տևական և կայուն խաղաղություն հաստատելու գործում: Բայց եթե կլինեն ուժեր, որ մեր այս մղումը կփորձեն մեկնաբանել որպես թուլության դրսևորում, ահա այդ բոլոր ուժերը կստանան մեր հավաքական կամքի, մեր հավաքական ուժի վճռական հարվածը, վճռական հակահարվածը[51]։

2018 թ․ աշնանից սկսած և հատկապես 2019 թ․ ընթացքում Փաշինյանի ելույթներում գլխավորապես շեշտադրվում էր խաղաղության կարևորությունը։ Միաժամանակ,  հատկապես 2019 թ․ գարնանը, երբ խաղաղության մասին հայտարարություններն ամենաշատն էին, երևան եկավ  «խաղաղություն պարտադրելու» ձևակերպումը․

Սպառնալիքով ժողովուրդների հետ չեն խոսում: Եվ ընդհանրապես, մեզ հետ պետք չէ խոսել սպառնալիքի լեզվով: Մեզ պետք չէ ընդհանրապես սպառնալ պատերազմով: Պատերազմի սպառնալիքին մենք պատասխանելու ենք խաղաղության օրակարգով, անհրաժեշտության դեպքում` խաղաղությունը պարտադրելու օրակարգով[52]։

Պարտադրված պատերազմի կամ խաղաղության հաստատման համար պատերազմից հրաժարվելու անելանելիության այս մտայնությունն է, ահա, որ տարիներ շարունակ գերակա տեղ է զբաղեցրել հայաստանյան քաղաքական խմորումներում՝ սնելով, այսպես կոչված, արդարացված պատերազմի մասին հասարակական ընկալումները։ Մինչդեռ, հանրային-քաղաքական քննարկումներից և խմորումներից սպրդել են մի շարք կարևոր հարցեր․ ո՞րն է, ի վերջո, Ղարաբաղյան կոնֆլիկտի էությունը, ի՞նչ հարցերի շուրջ են խմորվել բանակցությունները, ո՞րն է պարտադրված պատերազմի և հարկադրած խաղաղության գինը, և, ի վերջո, ովքե՞ր են վճարելու այդ գինը[53]։ Ըստ էության, այս մոտեցմամբ խաղաղությունը սահմանվում է իբրև նպատակ կամ արդյունք, որին հասնելու ընթացքը ստորակա է վերջնանպատակից։  Արդարացված պատերազմի քաղաքական դիսկուրսները և դրանց հանրային ընկալումները սերտորեն փոխառնչված են և վերարտադրում են միմյանց արատավոր շրջանում․ «Չնայած խաղաղությունը մտածելու բարդություններին՝ մարդիկ փորձում են այն սահմանել և երազել, ուրվագծել դրան հասնելու հնարավոր եղանակներ: Որքան էլ հեգնական է հնչում, այնուամենայնիվ, այդ եղանակներից մեկը կրկին պատերազմելն է՝ պատերազմով խաղաղության համար պայքարելը․․․»[54]:

Խաղաղություն պարտադրելու սկզբունքն առավելապես ուղղված էր ղարաբաղյան և հայաստանյան հասարակություններին։ Մինչդեռ միջազգային հարթակներում և զրույցներում խաղաղությունն առաջ էր քաշվում իբրև հակամարտության կարգավորման միակ ընդունելի տարբերակ՝ հղելով խաղաղությանը թե՛ իբրև հակամարտության հանգուցալուծման վերջնարդյունք, թե՛ դրան հասնելու եղանակ։

Այդուհանդերձ, խաղաղության, խաղաղություն պարտադրելու, պատերազմի և ուժի ցուցադրման միաժամանակյա և ներհակ, անհետևողական տեքստերն այդպես էլ չէին հաղթահարում դրանց հռչակագրային բնույթը։ Սակայն այս բարդ հարցերի մտածումը, դրանց՝ հանրային հաղորդակցումը պահանջում է ավելին, քան խոսքն է՝ հատկապես, երբ այդ խոսքը հաճախ մնում է աղմուկով լի ֆեյսբուքյան հարթակում՝ դիտարկվելով իբրև բավարար քաղաքական գործողություն կամ ջանք։

Չնայած Ադրբեջանի իշխանություններին սպառազինությունների մրցավազքի մեջ մեղադրելուն՝ Փաշինյանն ինքը պարբերաբար անդրադառնում էր ռազմարդյունաբերական ոլորտի ձեռքբերումներին, հանրայնորեն հայտարարում ձեռք բերված զենքերի մասին և այլն․

2019 թվականին վերջին տարիների համար աննախադեպ քանակի զենք եւ զինամթերք ենք ձեռքբերել, որոնք կամ հենց 2019 թվականի արտադրության են, կամ բոլորովին չօգտագործված: Սա աննախադեպ իրավիճակ է մեր բանակի պատմության մեջ: Հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ գերժամանակակից այս զենքերը մեզ անհրաժեշտ են խաղաղության եւ ոչ պատերազմի համար[55]:

Զենքով խաղաղության հաստատման նարատիվը 2019 թ․ վերջին ու 2020 թ․ սկզբին ուղեկցվում էր կոնֆլիկտի երեք կողմերի՝ Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի հանգուցալուծման գաղափարով` զուգահեռաբար խաղաղությունը և զենքը մեկտեղելով նույն տեքստում։   

Այս իրադարձությունների և հակասականությունների հետնախորքին, կարևոր է  հիշատակել հատկապես նախկին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ մարտի 30-ին արած  հայտարարությունը․

Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը ես այսօր վերաձևակերպում եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց[56]։

Այս հայտարարության ռազմատենչությունն իր ողջ հակասականությամբ ակներև է դառնում մասնավորապես այն համատեքստում, որում արվել է․ հայտարարությունից մեկ օր առաջ՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հովանու ներքո տեղի ունեցած առաջին Փաշինյան-Ալիև հանդիպումը վարչապետի կողմից դրական էր գնահատվել։  Օրակարգերի ու պատկերացումների վերաբերյալ երկխոսության մեկնարկը, ինչպես նաև երկու կողմի քաղաքացիների և հարցի հումանիտար ասպեկտների վերաբերյալ քննարկման մեկնարկը թույլ էր տալիս ակնկալել, որ կա որոշակի համագործակցային մթնոլորտ: Այս համատեքստում Տոնոյանի հայտարարությունը ինչպես տեղում, այնպես էլ այլ երկրների կողմից առաջ բերեց տարակուսանք և քննադատություն՝ դառնալով հանրային-քաղաքական քննարկման առարկա նաև Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պարտությունից հետո։ Քաղաքական դաշտ նետված նման անպատասխանատու հայտարարությունը քննադատություններից բացի դարձավ կառավարող թիմի և վարչապետի արդարացումների, մեկնաբանությունների առարկան ևս[57]։
Հետագայում պատերազմի հիմնական կարգախոս դարձած «Հաղթելու ենք»-ի «հաղթելը» նախապատերազմական և հետհեղափոխական սկզբնական շրջանում իրապես հարցականի տակ էր դրվում՝ իբրև կոնցեպտ՝ բարձրաձայնելով պատերազմներում հաղթանակների և պարտությունների նշանակությունն ու գինը։ 2018 թվականի նոյեմբերին Փարիզի խաղաղության համաժողովի իր ելույթի ժամանակ վարչապետը նշել էր․

Կա համոզմունք, որ աշխարհաքաղաքական և ռազմական տեսանկյունից պատերազմներում միշտ լինում են հաղթողներ և պարտվողներ: Սակայն, մարդկային տեսանկյունից, ոչ ոք չի հաղթում: Պատերազմները բերում են միմիայն կորուստ, տառապանք և ավերածություններ[58]:

Չնայած բանակցությունների գործընթացում հաղթել-պարտվել տրամաբանության մերժմանը՝ «հաղթանակը» հաճախ գործածվում էր ինչպես Ղարաբաղյան առաջին պատերազմին անդրադառնալիս, այնպես էլ համընդհանուր հաջողությունների համատեքստում՝ հատկապես հեղափոխության կամ դրա որևէ կողմի (օրինակ՝ տնտեսական հեղափոխության) հաջողելուն անդրադառնալիս։

2019 թ․ երկրորդ կեսից սկսած՝ ելույթներում ռազմատենչ հայտարարությունների ավելացմանը զուգահեռ, «հաղթանակը» Փաշինյանի կողմից սկսեց գործածվել երբեմն նաև ռազմական համատեքստում ապագա հաղթանակներին անդրադառնալիս․

․․․ մենք այսօր նստած ենք Մատաղիսում` որպես հաղթած ժողովրդի ներկայացուցիչներ և մենք իրար աչքերի մեջ նայում ենք և տեսնում ենք այդ հաղթանակի կամքը, որը դաստիարակվել է մեր անցյալ հաղթանակներով և որը մեզ մոտ դաստիարակում է ապագա հաղթանակների վճռականություն[59]:

Ընդ որում, ոչ միշտ էր հաղթանակի մասին խոսվում ուղղակիորեն՝ պատերազմի կամ ռազմական գործողություններին անդրադառնալով․ ինչպես այլ հարցերի առնչությամբ, այնպես էլ այս պարագայում այն առասպելականացվում և պատմականացվում էր՝ հղելով «հաղթելու արվեստին»[60], հայերի «անպարտելի»[61] լինելուն կամ «մեր ժողովրդի հազարամյա հաղթական երթին»[62]։ Արդեն 2020 թ․՝ Վազգեն Սարգսյանի ծննդյանը նվիրված միջոցառման շրջանակներում, Փաշինյանը երկրապահի առաքելությունը կամ անելիքը սահմանեց «հաղթանակի ոգին յուրաքանչյուր քաղաքացուն ներարկելը, նրա սեփականությունը դարձնելը»[63]։ Դրանով հանդերձ չէին դադարում խաղաղության ձգտման մասին պնդումները, որոնք էլ ավելի էին սնում հակասականությունների շղթան։

Այսպիսով, հեղափոխությունից հետո բանակի, զինված ուժերի, ընդհանուր առմամբ անվտանգային քաղաքականությունների զարգացումը ձևակերպվում էին որպես առաջնահերթություն՝ ուղղակիորեն կապվելով Ղարաբաղյան հարցի հետ։ Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության կարևորությունը շեշտադրող ելույթները, ատելության խոսքի բացառման հորդորները, հակամարտության երեք կողմերի համար կոնֆլիկտի հանգուցալուծման ընդունելիության սկզբունքի հռչակումը մնացին կոչ-հորդորի մակարդակում՝ պարբերաբար համեմվելով ռազմատենչ հայտարարություններով, առաջացնելով ոչ միայն հասարակության, այլև՝ միջազգային քաղաքական դերակատարների հետ հաղորդակցություններում հակասականություններ և խզումներ։
Չնայած հակամարտության և բանակցությունների բովանդակության որոշ ասպեկտներ և հարցեր ներկայացվեցին հասարակությանն արդեն 44-օրյա պատերազմից հետո՝ դրանք ունեցան ընդամենը հետահայաց նշանակություն հանրային գիտելիքի և հանրային քննարկման առարկա դառնալու տեսանկյունից։
Դիրքավորելով ժողովրդին իբրև թե որոշում կայացնողի և Ղարաբաղի հարցը լուծողի դերում՝ կոնֆլիկտի շուրջ հետհեղափոխական հռետորաբանությունը այդպես էլ ներուժ չունեցավ կոչերը տեղափոխել քաղաքական գործողությունների չափում։ Հանրահաճո և հաճախ հավակնոտ ուղերձներին մեծամասամբ չհաջորդեցին իրական հանրային գիտելիք ձևավորող բացատրություններ և քննարկումներ․ հարատև խաղաղությունը ցանկալի էր և հանրային-քաղաքական զրույցների առանցքում, սակայն դրան հասնելու ուղիները աղոտ և երբեմն՝ առասպելականացված։
Խաղաղությանը փոխկապակցված փոխզիջումների գաղափարը, կրկին պատշաճ բովանդակությամբ չլցվեց,  չհստակեցվեցին դրա ընդունելիության և անընդունելիության սահմանները, չբարձրաձայնվեց  քաղաքական ճանապարհով դրա իրագործման հնարավորությունը՝ հետպատերազմական շրջանում դառնալով թե՛ հանրային, թե՛ քաղաքական քննադատության առարկա։ Այս համատեքստում, որքան էլ փոխզիջումների մասին խոսակցությունները տարիներ շարունակ ֆորմալ քաղաքականության մաս են կազմել, անգամ 2018 թ․ հեղափոխությունից հետո չեն վերաճել հանրային քննարկումների՝ իրական բովանդակությամբ։
Անհետևողական, թերի և խզումներով լի քաղաքական հայտարարությունները ելնում էին իբրև թե հանրային պահանջարկից կամ իրերի դրությանն առերեսվելու անպատրաստությունից։ Ժողովրդականությունը հասարակության հետ ցավոտ հարցերի շուրջ ուղիղ երկխոսության մեկնակետ դարձնելու փոխարեն՝ հետհեղափոխական քաղաքականությունները սկսեցին վերարտադրել պաթետիկ ռազմահայրենասիրական հրապարակախոսությունը ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ։ Մի կողմից կառուցողական ու քննադատական երկխոսության հարթակի բացակայությունը, մյուս կողմից՝ ռազմավարությունների ու դրանց հաղորդակցման պակասը Ղարաբաղի հարցի իրական վիճակը  շարունակեցին պահել ստվերում։ Ժողովրդի՝ որոշում կայացնողի մասին հռչակումները մնացին խոսքային հնարքներ։
Փոխզիջումները՝ իբրև գլխավորապես Ադրբեջանի կողմից զիջումներ ներկայացնելը և ընկալելը, պատերազմի գինը և խաղաղության արժեքը գործնականում չսահմանելը, բանակցությունների առանցքային կետերի շուրջ լռությունը հետպատերազմական շրջանում սնելու էին հանրային արդարացի զայրույթը և պահանջելու մի շարք հարցերի պատասխաններ՝ «ինչո՞ւ հնարավոր չեղավ կանխել պատերազմը», «ինչո՞ւ նախկինում չէր ներկայացվում իրերի դրությունը» և այլն։
Անհետևողական և ներհակ հաղորդակցությունները հետպատերազմական համատեքստում է՛լ ավելի բյուրեղացան և սրեցին հանրային անվստահությունը և բևեռացումը՝ միաժամանակ հայտնվելով թե՛ հանրային, թե՛ մտավորական շերտերի քննադատության առանցքում։ Այս համատեքստում հետհեղափոխական իշխանությունների խոսքային նավարկումները բացահայտեցին գործանական քաղաքականության հետ թույլ կապը և ցավոտ քաղաքական հարցերի հանրայնացումից խուսափելու արատավոր քաղաքականությունները։

Շուշան Աբրահամյան
Արփի Մանուսյան


[1] Հայաստանի Հանրապետության Կառավարություն․ (2018, հունիս 1)․ Հայաստանի Հանրապետության կառավարությա որոշում․ gov.am. Վերցվել է՝ https://www.gov.am/files/docs/2782.pdf։  

[2] Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն․ (2018, մայիս 8). Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում՝ տեքստ և տեսանյութ. Aniarc.am. Վերցվել է՝ https://www.aniarc.am/2018/05/08/nikol-pashinyan-8-may-2018/։ 

[3] Artsakh Government/ Արցախի Կառավարություն․ (2018, մայիս 15). Արայիկ Հարությունյանի հարցազրույցը 1in.am-ին. Արցախի քաղաքական ապագան վիճարկման ենթակա չէ. Youtube. Վերցվել է՝ https://www.youtube.com/watch?v=_ATMTy8wDsk։

[4] Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2018, սեպտեմբեր 24). Նիկոլ Փաշինյանի ելույթը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը. Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2018/09/24/Nikol-Pashinyan-meeting-New-York-Armenian-community/։

[5] Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2019, օգոստոս 5). Հեղափոխության արժեքները համահայկական արժեքներ են, և համահայկական հեղափոխության արդյունքում մեր իրականության մեջ երկար տարիներ գերիշխած հատվածականությունը պետք է փոխարինվի համահայկականությամբ. Վարչապետը ելույթ է ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում. Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2019/08/05/Rally/#photos[pp_gal_1]/0/։

[6] Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2019, օգոստոս 27). «Ժողովրդավարությունը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության թիվ 1 այցեքարտը». վարչապետը մասնակցել է ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը. Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2019/08/27/Nikol-Pashinyan-meeting-ambassadors/։

[7]Խալաթյան, Մ., Մանուսյան, Ա․ (խմբ․)․ (2021). Հետահայաց․ ձայներ պատերազմի և խաղաղության մասին․ Չհրատարակված ուսումնասիրություն․ Սոցիոսկոպ ՀԿ։

[8] CIVILNET. (2018, մայիս 9)․ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ. Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Ստեփանակերտում. Youtube. Վերցվել է՝ https://www.youtube.com/watch?v=m-byrK9oZFo

[9] Ազատություն․ (2018, մայիս 14)․ «Փաշինյանը միանգամայն ճիշտ է, Վիգեն Սարգսյանը՝ բացարձակ անգետ». Լևոն Տեր-Պետրոսյան. ILur.am․ Youtube. Վերցվել է՝ https://www.youtube.com/watch?v=KnogbNKCbN4

[10] Artsakh Government/ Արցախի Կառավարություն․ (2018, մայիս 15). Արայիկ Հարությունյանի հարցազրույցը 1in.am-ին. Արցախի քաղաքական ապագան վիճարկման ենթակա չէ. Youtube. Վերցվել է՝ https://www.youtube.com/watch?v=_ATMTy8wDsk

[11] 5 TV Channel. (2020, հուլիս 29). ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը հայկական երեք հեռուստաընկերություններին. Youtube. Վերցվել է՝ https://www.youtube.com/watch?v=_dhzvuohhXU

[12] Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2018, սեպտեմբեր 26). Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդես է եկել ելույթով. Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2018/09/26/Nikol-Pashinyan-speech/

[13] Նույն տեղում

[14] Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2018, նոյեմբեր 11). Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացման ժամանակ. Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2018/10/11/Nikol-Pashinyan-speech-at-the-17th-Francophone-Summit/

[15] Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2018, սեպտեմբեր 26).  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդես է եկել ելույթով. Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2018/09/26/Nikol-Pashinyan-speech/

[16] 5 TV Channel. (2020, հուլիս 29). ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը հայկական երեք հեռուստաընկերություններին. Youtube. Վերցվել է՝ https://www.youtube.com/watch?v=_dhzvuohhXU

[17] Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2018, նոյեմբեր 11). «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին». Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2018/11/11/Nikol-Pashinyan-speech-Paris-Peace-Conference/#photos[pp_gal_1]/13/

[18] Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2019, ապրիլ 4). «Ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, անկախ դատական համակարգի կայացումը, հակակոռուպցիոն ինստիտուտների հիմնադրումն ու ուժեղացումն այն առանցքային ոլորտներն են, որտեղ մենք Եվրոպայի խորհրդի աջակցության կարիքն ունենք». Վարչապետը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստում․  Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2019/04/11/Nikol-Pashinyan-Speech-PACE-Session/։

[19] Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2019, նոյեմբեր 20). «Հնարավոր չէ լուծել Լեռնային Ղարաբաղի հարցն առանց ծանր ու հետևողական ջանքերի, առանց փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության». վարչապետը ելույթ է ունեցել Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում․ Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2019/11/20/Nikol-Pashinyan-ISPI/։

[20] Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2019, սեպտեմբեր 9). Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում․ Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2019/09/26/Nikol-Pashinyan-74th-session-of-UN-General-Assembly/։

[21]Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2018, դեկտեմբեր 25). Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարության ընդունելությանը․ Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2018/12/25/Nikol-Pashinyan-New-Year-Event-Ministry-of-Foreign-Affairs/

[22] Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2019, օգոստոսի 27)․ «Ժողովրդավարությունը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության թիվ 1 այցեքարտը». վարչապետը մասնակցել է ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը․ Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2019/08/27/Nikol-Pashinyan-meeting-ambassadors/։

[23] CIVILNET. (2018, մայիս 9)․ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ. Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Ստեփանակերտում. Youtube. Վերցվել է՝ https://www.youtube.com/watch?v=m-byrK9oZFo

[24] Խալաթյան, Մ., Մանուսյան, Ա․ (խմբ․)․ (2021). Հետահայաց․ ձայներ պատերազմի և խաղաղության մասին․ Չհրատարակված ուսումնասիրություն․ Սոցիոսկոպ ՀԿ։

[25] Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2018, սեպտեմբեր 26). Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդես է եկել ելույթով. Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2018/09/26/Nikol-Pashinyan-speech/։

[26] Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2018, հոկտեմբեր 21). «Պետք է կարողանանք համախմբել մեր համազգային ներուժը համահայկական օրակարգի շուրջ և յուրաքանչուրս մեր տեղում, մեր չափով մեր ջանքը բերենք այդ օրակարգի իրագործմանը». Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ․ Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2018/10/21/Nikol-Pashinyan-Armenian-community/#photos[pp_gal_1]/0/։

[27] Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2018, հոկտեմբեր 21). «Պետք է կարողանանք համախմբել մեր համազգային ներուժը համահայկական օրակարգի շուրջ և յուրաքանչուրս մեր տեղում, մեր չափով մեր ջանքը բերենք այդ օրակարգի իրագործմանը». Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ․ Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2018/10/21/Nikol-Pashinyan-Armenian-community/#photos[pp_gal_1]/0/։

[28] Whataboutism-ը հռետորական հնարք է, որ օգտագործվում է քաղաքական գործիչների կողմից՝ խուսափելու իրենց ուղղված հարցերից՝ քննադատության կամ պատասխանատվության սլաքը տեղափոխելով այլ դաշտ։ Վերջին տարիներին վերլուծաբանները հաճախ են անդրադառնում քարոզչական այս գործիքին՝ հատկապես թափ առնող աջական-պոպուլիստական քաղաքականությունների համատեքստում։

[29] Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2019, մարտ 4). «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հսկայական նշանակություն ունի մեր բարեփոխումների հաջողության համար». Վարչապետը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում. Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2019/03/04/Nikol-Pashinyan-Speech/։

[30]  Artsakh Government/ Արցախի Կառավարություն․ (2018, մայիս 15). Արայիկ Հարությունյանի հարցազրույցը 1in.am-ին. Արցախի քաղաքական ապագան վիճարկման ենթակա չէ. Youtube. Վերցվել է՝ https://www.youtube.com/watch?v=_ATMTy8wDsk

[31] Նույն տեղում։

[32] CIVILNET. (2020, դեկտեմբեր 1)․  Մենք ժողովրդին մղում ենք ազգայնականության՝ պետականության փոխարեն․ Ժիրայր Լիպարիտյան․ Civilnet.am. Վերցված է՝ https://bit.ly/2YZoEpn։

[33] Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2018, օգոստոս 17). Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին․ Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2018/08/17/Nikol-Pashinyan-100-day-rally/։  

[34] Խալաթյան, Մ., Մանուսյան, Ա․ (խմբ․)․ (2021). Հետահայաց․ ձայներ պատերազմի և խաղաղության մասին․ Չհրատարակված ուսումնասիրություն․ Սոցիոսկոպ ՀԿ։

[35] Նույն տեղում։

[36] Նույն տեղում։

[37] Հայկական Ուսումնասիրությունների Անի կենտրոն․ (2018, մայիս 8). Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում՝ տեքստ և տեսանյութ. 8 մայիսի, 2018թ. Aniarc.am. Վերցվել է՝ https://www.aniarc.am/2018/05/08/nikol-pashinyan-8-may-2018/։ 

[38] Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2019, օգոստոս 5). Հեղափոխության արժեքները համահայկական արժեքներ են, և համահայկական հեղափոխության արդյունքում մեր իրականության մեջ երկար տարիներ գերիշխած հատվածականությունը պետք է փոխարինվի համահայկականությամբ. Վարչապետը ելույթ է ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում. Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2019/08/05/Rally/#photos[pp_gal_1]/0/

[39]Ալիք Մեդիա․ (2021, փետրվար 10)․ Երազանքի ու երազողների մասին․ aliqmedia.am․ վերցվել է՝ https://www.aliqmedia.am/2021/02/10/6035/

[40]Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2019, ապրիլ 22). Վարչապետը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը. Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2019/04/22/Nikol-Pashinyan-Nagorno-Karabakh-conflict/

[41] Նույն տեղում։

[42] Ազատություն. (2020, սեպտեմբեր 25). Փաշինյան. «Եթե սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ Ադրբեջանի ներքաղաքական վիճակն ապակայունանա». Azatutyun.am. Վերցվել է՝ https://www.azatutyun.am/a/30857626.html։

[43] Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2020, փետրվար 15).Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պատրաստ են իրական ջանք գործադրել կոնֆլիկտի լուծման ուղղությամբ. Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցել է ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը. Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2020/02/15/Nikol-Pashinyan-Ilham-Aliyev/։

[44] Նույն տեղում։

[45] Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2019, նոյեմբեր 12). Եթե ստանձնել ենք պատասխանատվություն, ապա պետք է ջանքեր գործադրենք տարածաշրջանում հասնելու իրական փոփոխությունների. Վարչապետի ելույթը Խաղաղության համաժողովում․ Primeminister.am. Վերցվել է՝https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2019/11/12/Nikol-Pashinyan-Speech-Peace-Conference/

[46] Հայկական ժամանակ․ (2020, հունիս 17)․ Եթե Ադրբեջանի վերանախավի հետ երկխոսությունը չստացվի, կարելի է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ պարզ, բաց՝ անկեղծ․ վարչապետ․ armtimes.com. Վերցվել է՝ https://armtimes.com/hy/article/190455

[47] Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2019, մարտ 12). Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ․ Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2019/03/12/Nikol-Pashinyan-meeting-Security-Council/

[48] Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2019, մարտ 4). «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հսկայական նշանակություն ունի մեր բարեփոխումների հաջողության համար». Վարչապետը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում. Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2019/03/04/Nikol-Pashinyan-Speech/։  

[49] Առաջին Լրատվական (2018, սեպտեմբեր 30)․ Կրթված մարդու տպավորություն թողեց. Նիկոլ Փաշինյանը` Ալիևի մասին․ 1in.am. Վերցվել է՝ https://www.1in.am/2434813.html

[50] Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2018, հունիս 7). Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս․ Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2018/06/07/Nikol-Pashinyan-Speech-National-Assembly/։

[51] Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2019, հունիս 21). «Մեր ձեռքը չի դողա, մեր կամքը չի սասանվի նրանց հետ հարաբերություններում, ովքեր կփորձեն ՀՀ-ում վերածնել բռնության գործելակերպը». Վարչապետ. Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2019/06/21/Nikol-Pashinyan-meeting-Police/։  

[52] Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2019 ապրիլ 7)․ «Մեր մեծագույն խնդիրն է՝ չարժեզրկել մեր հերոսների հավաքական զոհողությունները, այլ դարձնել մի հզոր անկյունաքար, որի վրա պետք է կառուցվի և որի վրա արդեն կառուցվում է ազատ և երջանիկ Հայաստանը». վարչապետը մասնակցել է ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարին․ Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2019/04/07/Erkrapah/։

[53] Խալաթյան, Մ., Մանուսյան, Ա․ (խմբ․)․ (2021). Հետահայաց․ ձայներ պատերազմի և խաղաղության մասին․ Չհրատարակված ուսումնասիրություն․ Սոցիոսկոպ ՀԿ։

[54] Մանուսյան, Ա․ Պատերազմներ և խաղաղություններ․ առկախված անորոշություն․ socioscope.am․ Վերցվել է՝ https://socioscope.am/archives/1900։  

[55] Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2019, դեկտեմբեր 31). Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ․ Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2019/12/31/Nikol-Pashinyan-New-Year-Message/։ 

[56] Infocom․ (2019, մարտ 30)․ «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց». Դավիթ Տոնոյանը վերաձևակերպել է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը․ Infocom.am. Վերցվել է՝ https://bit.ly/2OcXKrW։

[57] Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2019, ապրիլ 8). Մեզ պարտադրված պատերազմի դեպքում մենք պարտադրելու ենք խաղաղություն. Նիկոլ Փաշինյան․ Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2019/04/08/Nikol-Pashinyan-Nagorno-Karabakh-conflict/։ 

[58] Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2018, նոյեմբեր 11). «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին». Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2018/11/11/Nikol-Pashinyan-speech-Paris-Peace-Conference/#photos[pp_gal_1]/13/։

[59] Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2019, նոյեմբեր 30).Անվտանգությունը, բանակը բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունն է. վարչապետ Փաշինյանն այցելել է ՊԲ հյուսիսային հատվածի սահմանապահ դիրքեր. Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2019/11/30/Nikol-Pashinyan-visit-Artsakh/։

[60] Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2019, հուլիս 19). Հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակը. Վարչապետը ծանոթացել է զինծառայողների նոր սննդակարգին․ Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2019/07/19/Nikol-Pashinyan-visit-to-military-unit/։

[61] Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2019, օգոստոս 6). «Մենք հավաքվել ենք Արցախում՝ վայելելու մեր միասնության ուժը, հասկանալու, որ մենք անպարտելի ենք, երբ միասնական ենք». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացմանը. Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2019/08/06/Opening-of-7th-Pan-Armenian-Summer-Games/։

[62] Նույն տեղում։

[63] Հայաստանի Հանրապետության վարչապետ․ (2020, մարտ 5). Մարդիկ պետք է հավատան իրենք իրենց, իրենց ստեղծարար տաղանդին, աշխարհը և ապագան փոխելու իրենց ուժին. Վարչապետը մասնակցել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյակին նվիրված միջոցառմանը․ Primeminister.am. Վերցվել է՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2020/03/05/Nikol-Pashinyan-Vazgen-Sargsyan-61/։  

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22