Իսլանդիա-Հայաստան. համեմատել անհամեմատելի՞ն
Համեմատությունը մեզ գիտելիք է տալիս: Մենք մեզ համեմատում ենք այլ երկրների հետ` հասկանալով տարբերություններն ու նմանությունները և դրանով իսկ ճանաչում ենք ոչ միայն ու ոչ այնքան նրանց, որքան ինքներս մեզ: Կան երկրներ, որոնք մենք սովոր ենք համարել մեզ նման։ Օրինակ` հետխորհրդային երկրները, որ խորհրդային գիտափորձի նմանատիպ ժառանգություն ունեն: Այս տեսանկյունից ավելի հետաքրքիր է ուսումնասիրել ակնկալիքների իմաստով հեռու երկրները: Այն երկրները, որոնք մենք երբևէ հակված չենք մեզ նման համարել: Դրանցից մեկը Իսլանդիան է: Ինչո՞վ է այն նման Հայաստանին:
Իսլանդիան միևնույն ժամանակ փակ և բաց հասարակություն է, ինչպես և Հայաստանը։ Այս երկիրն ունի ազգի պահպանման օրենք։ Իսլանդիայի բնակչությունը մոտ 330,000 է ու իսլանդական քաղաքացիություն ստանալը բարդ ու դժվարին գործընթաց է, սակայն միևնույն ժամանակ իսլանդական օրենսդրությունը այլ կարծիքների ընդունման և հանդուրժողականության տեսանկյունից կարող է օրինակելի համարվել։ Այս բացությունը և փակությունը հայաստանյան հասարակության տեսանկյունից այլ կերպ է դրսևորվում: Մեր հասարակության փակության մասին ընդունված է խոսել այն տեսանկյունից, որ մեր միջավայրը չի ընդունում այլազգիների, մենք ունիտար հասարակություն ենք ոչ այնքան ու ոչ միայն ժողովրդագրական կազմով, ինչքան դրա ընկալմամբ: Ասվածի առօրեական վկայությունն է այն, որ կամայական առիթներով պաշտոնական և ոչ պաշտոնական շնորհավորանքներն ուղղվում են հայ մանուկներին ու կանանց, զինվորներին և մյուս «հոբելյարներին»` ինքնըստինքյան անտեսության մատնելով այն բոլոր ոչ հայերին, որոնք մեր հասարակության նույնպիսի անդամ են: Միևնույն ժամանակ մեր հասարակությունը բաց է, որովհետև ունենալով միգրացիայի ավանդույթը և անհրաժեշտություն ունենալով պահպանել ու գործարկել հաղորդակցության շղթաները մեր հարազատների, ընտանիքի անդամների, ընկերների հետ ոչ այնքան որպես հայաստանյան հասարակության ներկայացուցիչ, որքան իրենց բնակության երկրի հասարակության անդամ, հասարակությունը ստիպված է պահպանել բացությունը: Հակառակ պարագայում այս միգրացիոն հոսքերով գոյատևելը մեր հասարակության համար էական խնդիր կարող էր լինել։
Իսլանդական եկեղեցին այս երկրում նույնպես ազգային արժեք է համարվում: Դրա բացառիկ դերը իսլանդական հասարակության համար ամրագրված է սահմանադրությամբ: Նույնքան մեծ կարևորություն տրվում է իսլանդերենին, որն ըստ էության ժամանակի ընթացքում, ըստ փորձագետների հավաստման, շատ քիչ փոփոխություններ է կրել: Միևնույն ժամանակ Իսլանդիան նույնպես լեզվի պետական տեսչությանը համանման մի կառույց ունի, որ արդի երևույթների անվանումները թարգմանում է իսլանդերեն:
Բնակեցված լինելով սկանդինավյան երկրների կողմից 9-րդ դարում` իսլանդացիները հակված են իրենց համարել միակ իսկական վիկինգները: Պնդում են, որ իրենք են հայտնաբերել Ամերիկան և այս պնդումը հիմնված է մի նամակում գտնված այն նախադասության վրա, թե Կոլումբոսը այցելել է Բրիտանիայից հյուսիս գտնվող այս երկիրը և նոր շարունակել ճանապարհը դեպի Ամերիկա: Ըստ իսլանդացիների, Կոլումբոսը հենց իրենցից է իմացել ամերիկյան մայրցամաքի գոյության մասին: Այս ամենը ոչ այնքան հետաքրքիր ու զվարճալի թվացող փաստերի խճանկար է, որքան ուրիշի միջոցով ինքդ քեզ տեսնելու հնարավորություն` իսկական արիացիների, ցեղակրոնների, առաջին քրիստոնյաների և բոլոր մնացած թեմաներով, որոնք հայկական արդի առասպելաբանության ամուր հիմքերն են:
Հասկանալով, որ կարող են լինել և կան բազմաթիվ այլ փաստեր, որոնք վկայում են մեր հասարակությունների տարբերությունների մասին` այնուամենայնիվ ասվածը բավարար համարենք` Իսլանդիայի վրա մեր ուշադրությունը սևեռելու վրա:
Ինչո՞ւ փոխել սահմանադրությունը
Իսլանդիան անկախ պետություն է դարձել 1944 թվականին`մինչ այդ գտնվելով Դանիայի տիրապետության տակ: Իսլանդիայի սահմանադրությունն էլ ընդունվել է Դանիայից անկախություն հռչակվելու հանրաքվեով, որը սակայն գրված լինելով Երկրորդ համաշխարհայինի համատեքստում, նաև շատ բաներով ուղղակի կրկնօրինակում էր դանիական սահմանադրությունը, ինչպես տարբեր հեղինակներ են հավաստում, ուղղակի փոխարինելով թագավոր բառը նախագահով: Հետևաբար, ըստ վերլուծաբանների, չնայած այդ սահմանադրությունը վատը չէր, սակայն այն «չոր էր ու դանիական»: Այս ձևակերպումը խիստ ուշագրավ է, քանի որ դրանով իսկ լուրջ հանրային խնդիր էր դիտարկվում այն հանգամանքը, որ իսլանդական հասարակությունը էմոցիոնալ կապվածություն չուներ այդ փաստաթղթին: Այստեղ հարկ է զուգահեռ անցկացնել այն փաստի հետ, որ մեզանում սահմանադրության հետ որևէ էմոցիոնալ կապվածություն չունենալը ոչ թե դիտարկվում է իբրև խնդիր, այլ օգտագործվում է որպես փաստարկ` դրա փոփոխության գործընթացին չմասնակցելու, այն չկարևորելու տեսանկյունից: Այսինքն` սահմանադրությունը կապ չունի մեր կյանքի հետ, հետևաբար դրա փոփոխություն-չփոփոխությունը մեզ համար էական չի: Իսլանդական հասարակությունը նույն խնդիրը ձևակերպում էր ոչ թե իբրև փաստարկ` փաստաթղթից և դրա հետ կապված գործընթացներից օտարվելու համար, այլ իբրև պատճառ` այն կարևորելով հանդերձ իրենը դարձնելու անհրաժեշտություն:
Այս անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ անընդհատ բախվում էր քաղաքական տարբեր ուժերի հակասող շահերի հետ, ուստի դրա իրացումը մինչև 2000-ականների սկիզբը այդպես էլ տեղի չունեցավ:
Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության խնդիրը նորովի դրվեց և իմաստավորվեց Իսլանդիայում 2008 թվականին տեղի ունեցած ֆինանսական փլուզումից հետ: Խոսքը բանկային համակարգի ճգնաժամի մասին է, որի հիմքերը իսլանդական կառավարության տնտեսական այն քաղաքականությունում էին, որի միջոցով չափազանց հեշտացվել էր բնակչության կողմից վարկերի ստացումը: Այդ իսկ պատճառով իսլանդական բանկերը երկրի տնտեսության համեմատ անհամաչափ մեծացան ու ընդլայնվեցին: Խոսքը հիմնականում Իսլանդական երեք ամենախոշոր բանկերի մասին է, որոնց ներգրավված միջոցների ընդհանուր գումարը ինը անգամ գերազանցում էր Իսլանդիայի ՀՆԱ-ն: Այս բանկերի ղեկավարները զգալի միջոցներ էին ներգրավում նաև իրենց այլ բիզնեսների վարկավորման համար` հաշվի չառնելով բանկի առևտրային շահերը: Բացի դրանից, ֆինանսավորման կարիքների բավարարման համար այս բանկերը նաև շատ մեծ փոխառություններ և վարկեր էին վերցնում արտաքին կրեդիտորներից` գրեթե ամբողջությամբ կախված լինելով կարճաժամկետ հիմունքներով ներգրավված միջոցներից: Կառավարության ֆինանսական վերահսկողություն իրականացնող կառույցը համարժեք վերահսկողություն չէր իրականացնում այս գործընթացի հանդեպ` միջոցների կամ համապատասխան քաղաքական կամքի բացակայության պատճառով, ուստի բանկերի աննախադեպ խոշորացումը չկանխվեց: 2008 թվականի սեպտեմբերի Լեման բրադերզ ընկերության սնանկացումից հետո բոլոր այն փողերի շուկաները, որոնք սնում էին իսլանդական բանկերը, սառեցվեցին: Հետևաբար վերջիններս այլևս չէին կարողանում իրականացնել իրենց ֆինանսական պարտավորությունները: Իսլանդիայի կառավարությունը բախվեց բանկերի ահռելի պարտավորությունների փոխհատուցման խնդրի հետ: Խնդիրը բարդանում էր նաև նրանով, որ իսլանդական բանկերը ներգրավում էին միջոցներ նաև այլ երկրների ավանդատուներից` հիմնականում Մեծ Բրիտանիայի և Հոլանդիայի: Ֆինանսական այս փլուզումից հետո իրականացված հետաքննությունը ցույց տվեց, որ 2007 թվականի նոյեմբերին Իսլանդիայի կենտրոնական բանկի կողմից իրականացվել են սպառնացող ճգնաժամի վերաբերյալ որոշ կանխատեսումներ, որոնք քննարկվել են վարչապետի և կառավարության համապատասխան խորհրդատվական մարմնի հետ: Սակայն այս կառույցներից կամ անձանցից որևէ մեկը համարժեք քայլեր չէր նախաձեռնել: Կենտրոնական բանկը համարել էր, որ խնդիրը իր իրավասություններից դուրս է և լուծումներ չէր առաջարկել, կառավարությունն էլ իր հերթին չէր էլ դիմել կարգավորման առաջարկներ ստանալու համար: Վարչապետը երբևէ բարձրացրած խնդիրը չէր քննարկել կառավարության այլ անդամների հետ: Նրա և ԿԲ նախագահի անձնական մտերմությունն իր հերթին, ըստ տարբեր վերլուծաբանների, կասկածներ էր հարուցում նույնիսկ վերոնշյալ մակարդակում եղած քննարկումների վերաբերյալ` դրանց պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից:
Այս դրությունն ակնառու դարձրեց գործող սահմանադրության այն խնդիրները, որոնք նման իրավիճակներում առավել փակուղային էին դարձնում հետագա քայլերը: Առաջին խնդիրը գործող սահմանադրության` Դանիայի սահմանադրական միապետության կարգին հարմարեցված լինելու պատճառով, գործադիր իշխանության գործառույթների ոչ հստակ բաշխվածությունն էր: Մասնավորապես, չնայած բաշխված էին դերերը նախարարների և նախագահի առումով, սակայն անհասկանալի էին մնում վարչապետի գործառույթները, ով միաժամանակ ուժեղ դիրքեր ուներ ըստ նույն սահմանադրության: Ուստի, վարչապետի անպատասխանատու գործողությունների հետևանքում ստեղծված իրավիճակում սահմանադրագետները բացահայտեցին, որ սահմանադրությամբ վարչապետը որևէ կերպ պատասխանատու չէ իր գործողությունների համար: Երկրորդ հիմնական խնդիրը, որ այս ընթացքում ձևակերպվեց սահմանադրության առնչությամբ, այն էր, որ երկրի բարոյական արժեքները իրացված չեն կառավարման կառուցվածքում և մշակույթում:
Ֆինանսական ճգնաժամին հաջորդեց կառավարության դեմ բողոքի ակցիաների շարքը, որոնց արդյունքում կառավարությունը հրաժարական տվեց և տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ:
Ինչպե՞ս փոխել սահմանադրությունը
Պետք է ասել, որ Իսլանդիան առաջին եվրոպական պետությունն է եղել, որ խորհրդարան է ստեղծել` 930 թվականին։ Այն կոչվում է Ալթինգ: Մինչև հիմա Իսլանդիայում գործում է նույն կառավարման համակարգը և պառլամենտարիզմի ավանդույթը շատ կարևոր է՝ հասկանալու համար այն, թե ինչպես են իրենք հասել այնտեղ, ուր հիմա են։ Ինչ վերաբերում է նախագահին, ապա Իսլանդիայի նախագահը վեցերորդ անգամ էր ընտրվել։ Ընդ որում, երկու անգամ ընտրություններ պարզապես չէին կայացել, քանի որ ոչ ոք չէր ցանկացել նախագահ դառնալ։ Նախագահն ունի հիմնականում խորհրդանշական դիրք և արարողակարգային գործառույթներ, սակայն ունի մի շատ կարևոր հնարավորություն ՝ վետո դնելու իրավունքը։ Եվ այսպես, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված խորհրդարանը և կառավարությունը տեղի տվեցին միջազգային կառույցների ճնշմանը և անցկացրեցին այն որոշումը, ըստ որի Իսլանդիայի ամբողջ բնակչությունը 15 տարի շարունակ պիտի վճարեր մասնավոր բանկերի գործունեության արդյունքում ձևավորված պարտքը: Ամեն իսլանդացի պետք է հետ տար ամսական 100 եվրո այն բանկերի համար, որոնք չգնահատված ռիսկերով միջոցներ էին ներգրավել։ Սակայն նախագահը վետո դրեց այս որոշմանը, այնուհետև` վկայակոչելով գործող սահմանադրության 26-րդ հոդվածը` հանրաքվե հրավիրեց այս հարցի շուրջ։ Հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 98 տոկոսը դեմ քվեարկեց պարտքը վճարելու նախաձեռնությանը: Նույն իրավիճակը կրկնվեց մեկ տարի հետո ևս մեկ անգամ` նույն արդյունքներով` խորհրդարանն անցկացրեց որոշումը, նախագահը վետո դրեց և հանրաքվե անցկացվեց: Դրանից հետո իսլանդացիները, նաև հիմք վերցնելով հանրաքվեների միջոցով հանրային արդունավետ կամարտահայտության հնարավորությունը, որոշեցին իրավիճակը սկզբունքորեն փոխել՝ փոխել սահմանադրությունը:
Սահմանադրական փոփոխությունների գործընթացը որոշվեց իրականացնել երեք փուլով՝ կազմակերպելով ազգային ժողով, ձևավորելով սահմանադրական հանձնաժողով և ընտրելով սահմանադրական ժողով: Առաջին փուլում՝ ազգային ժողովի կազմակերպումը տեղի ունեցավ այսպես. ազգային ընտրացուցակներից պատահականորեն ընտրվեցին հազար հոգի՝ պահպանելով տարբեր տարիքի և տարբեր բնակավայրերից կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությունը: Այնուհետև այս մարդիկ հավաքվեցին 2010 թվականի հոկտեմբերյան մի օր Ռեյկյավիկի մարզական ստադիոնում: Բաժանվեցին 10-12 հոգանոց փոքր խմբերի և սկսեցին քննարկել, թե ինչպիսին են ուզում տեսնել իրենց երկրի սահմանադրությունը: Ազգային ժողովը արեց մի շարք կարևոր եզրահանգումներ, որոնք պետք է հաշվի առնվեին այնուհետև սահմանադրական ժողովի կողմից: Օրինակ, նման եզրակացություն էր այն, որ երկրի բնական ռեսուրսները պետք է լինեն հանրային սեփականության ներքո: Այնուհետև Ալթինգը ձևավորեց սահմանադրական հանձնաժողով, որի կազմի մեջ մտան տարբեր ոլորտների յոթ մասնագետներ, ինչպես իրավագիտության, գրականության, քաղաքական գիտության: Այս հանձնաժողովի գործառույթը տեղեկատվություն հավաքելն էր, այդ տեղեկատվությունը վերլուծելը և գաղափարներ առաջադրելը: Հանձնաժողովի գործունեության արդյունքում ներկայացվեց 700 էջանով մի փաստաթուղթ, որում ներառված էին օրինակ տարբեր սահմանադրություններից հղումներ, համապատասխան գրականության վերլուծություն, ինչպես նաև գործող սահմանադրության հոդված առ ահոդված վերլուծություն՝ հիմնվելով ազգային ժողովի եզրակացությունների վրա: Այնուհետև՝ 2010 թվականի նոյեմբերին տեղի ունեցան սահմանադրական ժողովի ընտրություններ: 25 տեղի համար 523 թեկնածու կար, որոնք իրավաբաններ չէին։ Կային ձկնորսներ, բժիշկներ, ուսուցիչներ, թատրոնների և թանգարանների աշխատակիցներ։ Բոլորը ներկայացված էին որպես անհատներ, որևէ մեկը քաղաքական կուսակցության կամ որևէ միավորման կողմից առաջադրված չէր: Քարոզարշավը պայմանականորեն կարելի է այդպես անվանել, քանի որ թեկնածուների մեծ մասի համար այն սահմանափակվում էր իրենց անվամբ մի քանի հոդվածներ գրելով կամ Ֆեյսբուքի միջոցով տարբեր ստատուսներ գրելով ու հարցերի պատասխանելով: Մենք սովոր ենք ասել, որ ուղիղ դեմոկրատիայի սկզբունքներն իրագործելի չեն մեծ հասարակությունների համար, բայց իսլանդացիները գնացին ու կատարեցին այդ ընտրությունը։ Այն ամենը, ինչ սովոր ենք համարել տեխնիկապես անիրագործելի, իրենք արեցին։ Ընտրված 25 հոգին աշխատում էին երեք խմբով, հանդիպում շաբաթը մեկ, քննարկում արվածը և տեղադրում այն կայքում: Այնուհետև ցանկացած մարդ կարող էր ուղարկել իր առաջարկությունները՝ սոցցանցերով, տեքստային հաղորդագրությամբ, այլ միջոցներով: Սահմանադրության շուրջ քննարկումներն հեռարձակվում էին յութուբով, և ցանկացած մեկը կարող էր մասնակցել գործընթացին։ Այս գործընթացի արդյունքում հավաքվեց ընդհանուր առմամբ 3600 առաջարկ:
2011 թվականի հոկտեմբերին կայացավ հանրաքվեն՝ 66 տոկոս մասնակցությամբ: Հանրաքվեին մասնակցածների 80 տոկոսը հավանություն տվեց սահմանադրության նախագծին։ Իհարկե, հեքիաթներ չեն լինում, նույնիսկ իսլանդական: Հանրային կամարտահայտության արգասիք հանդիսացող սահմանադրության նախագիծը, գործող դառնալու համար պիտի հաղթահարեր նախորդ սահմանադրության վերջին արգելքը, ըստ որի այն պետք է անհրաժեշտ հաստատում ստանար խորհրդարանի կողմից: Ուզում ենք կասեցնե՞լ ինչ-որ գործընթաց, ուրեմն թողնում ենք դա քաղաքական գործիչների հույսին: Քաղաքական գործիչները սովորաբար թաղման բարձրորակ մասնագետներ են և առաձնանում են ամեն ինչ թաղելու մեծ վարպետությամբ: Իսլանդական սահմանադրությունը դեռևս սպասում է հաստատման իր ընթացակարգի վերջին փուլի իրականացմանը: Սակայն այս փորձի կարևորությունը դրանից չի նվազում:
Հանրային սահմանադրության մեջ հատուկ գլուխ է ներառված, որն ամրագրում է պետության պարտավորությունը` իր քաղաքացիներին հավաստի ինֆորմացիա տրամադրելու վերաբերյալ: Իսկ սկսվում է փաստաթուղթը հետևյալ բառերով. մենք ուզում ենք ստեղծել արդար հասարակություն, որտեղ ամեն մարդ կունենա հավասար տեղ սեղանի շուրջ: Իսլանդացիներն ասում են` ձեզ կարող է տարօրինակ թվալ մեր սահմանադրությունը, բայց դա այն ձևն է, որով մենք ապրում ենք ու մեզ համար կարևորը դա է: