Նայել, թե չնայել Եվրատեսիլ և որքանով դա կարևորել` ամեն մեկի անձնական գործն է ու ճաշակի հարցը: Ուր էր` թե: Դա ազգային ու ազգանվեր գործ է, ուր բոլորը` սկսած մասնակցից, երկրի պատվիրակությունից մինչև ամեն “բալետ” անող` պարտավոր են համակվել ազգային զգացումներով ու բառապաշարով: Երևի մեկ էլ մեկ-երկու երկիր է այդպես պահում իրեն, բայց այդ երկրների հետ համեմատվել մենք չենք սիրում: Այն, որ Եվրատեսիլին ամեն երգիչ ներկայացնում է իր երկիրը, մեզանում սահուն թարգմանվում է ազգ-էթնոսը, նրա պատմությունն ու սիմվոլիկան ներկայացնելու կարևոր առաքելության: Դրանք չներառելը հագուստի, երաժշտական լադերի կամ գոնե` երգի տեքստի մեջ մեքենայաբար սկսում է լայնորեն քննադատվել որպես հերթական անգամ մեր արժեքը ներկայացնելու ձախողում: Այս հուզական քննադատությունն էլ իր հերթին սկսում է քննադատվել ինտելեկտուալ-հումորային ոճով: Տարազ կրելն, օրինակ, արդեն այնքան ինքնըստինքյան հասկանալի է թվում, որ դրա բացակայությունը շատերին վրդովեցնում է[1]: Երգչուհու տարազ չկրելու մեջ վատ բան չտեսնելը ևս հիմնավորվում է ազգայինի տեսանկյունից. չեզոք կամ անտարբեր լինել հնարավոր չէ: Հայկականի և եվրոպականի քննարկման անիվն այսպիսով գործարկվում է: Եվրատեսիլին մասնակցության պատկերը շատերի մոտ նման է սովետմիության օրոք արվող միջմշակութային միջոցառումներին (օրինակ` դպրոցի տարազներով հանդեսներին, համամիութենական համերգներին և այլն). սա այն քիչ ձևերից առիթներից մեկն էր, որով ազգայինը ցուցադրվում էր ուրիշին: Ուրիշին սեփականը ներկայացնելու այլ կերպ կարծես չի մտածվել:
Եվրատեսիլի այս կիսաեզրափակչին հայ մասնակցի` Ղարաբաղի դրոշը ծածանելու շուրջ աղմուկը և դրան հայկական լսարանի արձագանքները ընդամենը մի քիչ ավելի վառ իլյուստրացիան են այն խորդուբորդությունների, որ կան ազգային ինքնագիտակցության և ուրիշին առնչվելու մեջ առհասարակ: Ամեն տարի մասնակցելու սկզբնական ոգևորությունն ու արդյունքներին հետևող հերթական հիասթափությունը (“մթոմ էդ ինչ երգ էր”, “տեսաք` ով հաղթեց”…) ցույց է տալիս Եվրոպայի (չ)ընկալումը հայաստանյան հասարակությունում: Այն վեր է հանում եվրոպա կոնցեպտի ու տարածքի հանդեպ մեր երկակի վերաբերմունքը և մոտեցում-հեռացում կոնֆլիկտային մոտիվը: Կարող եք նորից նայել կամ մտաբերել, ասենք, վերջին, վեց տարիներին ազգային հեռուստատեսությամբ մրցույթին նախորդող ու հաջորդող թոք-շոուները և ինտերնետային քննարկումները: Սկզբում մենք այս անգամ հաստատ լուրջ հայտ ենք ներկայացնում, ֆավորիտ ենք, կհաղթենք, մենք նրանց ֆորումներում ակտիվ քննարկվում ենք, մեր մասնակցի մասին այսինչը լավ է արտահայտվել: Հետո` բայց ախր սա ինչ մրցույթ ա, ով են իրենք, էդ չի՞ Եվրոպան:
Եվրոպան մեր նշանակալի ուրիշն է (հոգեբանորեն ասված). մեզ համար կարևոր է, որ այն մեզ ընկալի, նկատի, ճանաչի, գնահատի մեր հարուստ մշակույթը կամ լավ` գոնե չշփոթի հարևանների հետ: Բայց եթե մենք չստանանք այն դրվատանքը “Լավ” Եվրոպայից, որին ձգտում ենք, ապա միշտ կա պահեստային տարբերակը. Կվերհիշենք “Վատ” Եվրոպան ու հերթական անգամ կփաստենք, որ մեզ պետք չի գործ ունենալ այդ նախկին վայրենի, փչացած ու “գեյ”-Եվրոպայի մրցույթին: Մի ամբողջ ռեգիոնի սեռական կողմնորոշում կպցնելն, իհարկե, առանձին քննարկելու հարց է, թեև առանձնապես օգտակար չէ քննարկել ուղիղ պրոպագանդայի ուղիղ ազդեցությունը ուղեղի վրա: Կոնկրետ Եվրատեսիլը, սակայն, հենց Եվրոպայում հայտնի է որպես գեյ համայնքին շատ մոտ կանգնած, մի խոսքով` gay-friendly իրադարձություն արդեն տասնյակ տարիներ` Կոնչիտայի “անհավատալի” ու հայերի համար սոսկալի հաղթանակից շատ ավելի առաջ: Կարող եք ինձ չհավատալ ու գուգլին դիմել: Գերմանացի ընկերներիցս մեկը, որ Բաքվում կայանալիք Եվրատեսիլի կազմակերպման օրերին այնտեղ էր իր գործերով, ինձ ժպտալով կիսվում էր, թե ինչքան զավեշտալի է տեսնել այնտեղ Եվրատեսիլի գերկարևորումը` երկրում միասեռականության անհանդուրժողության ու թեմայի բարձր զգայունության ֆոնին, այն դեպքում, երբ իրենց մոտ, օրինակ, հետևող ու հատկապես քվեարկող լսարանը մեծապես ԼԳԲՏ համայնքից է:
Ուրեմն, տարածաշրջանում, նաև` Հայաստանում ոչ միայն չգիտեն Եվրոպայի հետ հաղորդակցության լեզուն. չգիտեն չգրված կանոնները և անգամ գրված կանոնները մի բանի, որին մասնակցել են ցանկանում: Այդ հարցերին ուշադիր չեն, փաստորեն, նաև պաշտոնական պատվիրակության ղեկավարները, այլապես երգչուհին ստիպված չէր լինի դրոշը կրելու համար գեղեցիկ, բայց Եվրատեսիլի համար չաշխատող պատասխան տալ, հետո էլ հնարավոր է` պատժվածի կամ արդարացողի թև չտվող զգացումով դուրս գալ բեմ: Արդյունքում մասնակցությամբ տրված երկխոսության հնարավորությունը դառնում է մենախոսություն` ոչ առաջին անգամ: Ուրեմն, ոչ թե Եվրոպան հերթական անգամ մեզ չհասկացավ, այլ մենք հերթական անգամ չհասկացանք Եվրատեսիլը:
Անկեղծ ասած ու հենց Եվրոպային ասած` ես դեմ չեմ, որ ծածանվի Ղարաբաղի դրոշը, ես ավելի կողմ կլինեի, որ այն ծածանեինք վստահ հանգստությամբ ու խաղաղությամբ, ոչ թե` խաղաղության համար: Առավել ևս կուզենայի, որ այդ հարցը լուծված լիներ այլ հարթակում` մինչև Եվրատեսիլի բեմահարթակը: Բայց քանի որ այն չի լուծվել, այն ճաշը փչացնող կաթիլի պես լցվելու է մեր առօրյա խոսակցություններում, տրամադրության մեջ, երգելու մեջ, կյանքերի մեջ ու միջմշակութային հարաբերություններում: Զարմանալի է ինձ, որ նման կանոնակարգ ունեցող մրցույթը մինչ այժմ չի բացառում այնպիսի երկրների մասնակցությունը, որոնք որևէ ձևով կամ ծավալով պատերազմական դրության մեջ են: Նույնիսկ տնտեսական ցուցանիշները պիտի վերցվեն: Օրինակ, արդյո՞ք պետք է թույլ տալ 75% աղքատություն ունեցող մի երկրի թեկուզ սիմվոլիկ, հպանցիկ մաս կազմել Եվրոպական տարածքի, որի բնութագրերից մեկը հենց սոցիալական հավասարությունն ու ապահովվածությունն է: Բայց Եվրոպան, ցավոք, վաղուց պոստ-ֆակտում հայտարարությունները դարձրել է իր սիրած ու կարծես` միակ գործիքը “ոչ այնքան եվրոպացիների” հետ առնչվելիս: Մենք զարգացող երկրներ ենք` երեխաներ, որոնք իրենց պահել չգիտեն, ճիշտ չեն խաղում, ինչպես ամեն անգամ պարզվում է նրանց` կասկածելի զարմանքով: Սա էլ ուրիշի հետ հաղորդակցվելու Եվրոպական մոդելն է` ոչ անթերի:
Այս ամենից ելնելով` ինչու ուղղակի չգնալ Եվրատեսիլ ու ուղղակի չերգել լավ կամ վատ երգ: Չէ որ սա երգի մրցույթ է` Եվրոպայում: Սա ոչ շատ է, ոչ էլ` քիչ, մասնակցելու, առաջին կամ տասնչորսերորդ տեղ գրավելու համար:
[1] Ի դեպ, ավելորդ չէ ավելի կոնկրետ լինելու համար ասել, որ ազգայինը բառիս բուն իմաստով կրելու, այն է` հագնելու և այդ սահմաններում մնալու պարտավորությունը չի տարածվել մեր տղամարդ ներկայացուցիչների վրա: Ազգային պահպանողականության դերը կնոջ վրա դնելը ևս մեկ հարց է, որ գուցե հետաքրքրի ֆեմինիստ ուսումնասիրողներին:
Հեղինակ՝ Սոնա Մանուսյան