Գրքի նպատակն է խոսել Հայաստանի արդիական հարցերի մասին գիտակարգային տեսանկյուններից և աշխարհում ընթացող գործընթացների հետ առնչությունների մեջ։ Այն հոդվածների ժողովածու է, որում ներառված են հանրային բանախոսությունների շարքի հիման վրա ձևավորված հոդվածներ և երկու թարգմանություններ։ Բանախոսությունները կազմակերպվել են Սոցիոսկոպ ՀԿ ջանքերով 2015 թ. մարտ-մայիս ամիսներին «Հասարակագիտական տեսություն և պրակտիկա՝ հանուն քաղաքացիական հասարակության զորացման» ծրագրի շրջանակներում։ Դրանք Հայաստանի արդիական խնդիրներին նվիրված հետազոտությունների ներկայացումներ էին, որոնց նպատակը հետազոտողների և քաղաքացիական-քաղաքական գործընթացներում ներգրավված մարդկանց՝ ակտիվիստների միջև քննարկումների դաշտ բացելն էր։
Ելնելով հոդվածների նախնական նյութից՝ մենք խմբագրելիս պահպանել ենք բանախոսությունների կենդանի խոսքի անմիջականությունը և պարզությունը՝ միաժամանակ պահպանելով տեսաբանական և գործնական հարցերի լուրջ քննարկումը։ Բանախոսները ներկայացնում են իրենց ասելիքի գիտակարգային կամ փորձառական շրջանակը, տալիս գործածած հասկացությունների սահմանումները և անդրադառնում խնդիրների մասին մտածելու իրենց ուղիներին։ Մասնավորապես ներկայացված են քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվ մասնակից Վահրամ Սողոմոնյանի, հետազոտողներ Արփի Մանուսյանի, Նարինե Խաչատրյանի և Սոնա Մանուսյանի հոդվածները։ Թարգմանաբար ներկայացված հոդվածները երկուսն են, որոնք արտաքին հայացք են աշխարհում տարածված գործընթացների հանդեպ՝ Արմինե Իշխանյանի դեպքում անմիջական առնչվելով Հայաստանի ակտիվիստական ալիքների հետազոտմանը, իսկ Իգոր Բլաժևիչի դեպքում նախկին Հարավսլավիայի և Բիրմայի օրինակով արժեքավոր փորձ ներկայացնելով համընդհանուր, ինչպես և Հայաստանում խիստ արդիական խնդրի՝ իշխանական հարաբերություններում ազգայնականության չարաշահման մասին։ Հոդվածները բնագրով՝ անգլերենով, հասանելի են համացանցում, սակայն հայերեն թարգմանությամբ ներկայացվում են առաջին անգամ։
Ժողովածուի հոդվածները տարբերվող՝ ակադեմիական և ակտիվիստական (կամ դրանք համադրող) փորձառությամբ հեղինակների առանձին աշխատանքներ են, սակայն կապվում են թեմատիկ հաջորդականությամբ և գրքի ասելիքի ընդհանուր նպատակով՝ Հայաստանի հիմնախնդիրներին գիտական և գործնական մոտեցումներ ցույց տալու ցանկությամբ։
Ժողովածուն կարող է հետաքրքրել Հայաստանի հանրային կյանքի արդիական հարցերով հետաքրքրված, դրանք լայն համատեքստում և բազմակողմանի դիտարկելու ցանկություն ունեցող, հանրային և քաղաքական կյանքում ակտիվ մարդկանց, սոցիալական և հումանիտար գիտնականներին, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի։
Ժողովածուն հասանելի է այստեղ։