«Սեռային խնդրի» խնդիրը

Պատմական հեռավորություն ունեցող տեքստերի վերակենդանացումը հաճախ թվում է անհրաժեշտությո ոչ միայն հասկանալու համար անցյալը, այլև ասելու բաներ, որոնք այսօր դժվարանում ենք ձևակերպել։ Դա մի գայթակղիչ, սակայն նույնքան էլ վտանգավոր նախաձեռնություն է, քանի որ հաճախ բախվում ենք հենց ասելու դժվարության պատմության, ինչպես նաև ասվածի միակողմ ու խնդրահարույց պատմության հետ։ Միաժամանակ ասելու ձևերի փորձի և իրենց ժամանակի ընկալումների վերհանումը ինքնին մեծ արժեք է մեզ համար։ Այս նպատակով է, որ վերահրատարակում ենք 1923թ. Մարտակոչից «Սեռային խնդիր» հոդվածը, որը թեև արտաքուստ տղամարդու ու կնոջ միջև ընտանեկան հարաբերության ներքո սեռային կապի շուրջ է, բայց ունի նրբին իմաստավորումներ, որոնք ստորև ներկայացված իր ուսումնասիրության մեջ ներկայացրել է հետազոտող Իրինա Շախնազարյանը։

Ա.Ժ.       

 

 

«Սեռային խնդրի» խնդիրը

Թիֆլիսի Մարտակոչ թերթի[1] 1923 թվականի 84-րդ համարում հրապարակված Ն. Դ.[2] ստորագրությամբ հոդվածը նշանային կարելի է համարել 1920-ականների առաջին կեսին սեռային խնդրի ձևակերպման, ինչպես և առհասարակ դրա մասին խոսելու անհրաժեշտության տեսակետից:

Թվում է՝ հոդվածի վերնագիրը մի իմաստով ենթադրում է այն ընթերցելու որոշակի անկյուն. վերջինիս ասելիքը վերնագրում արդեն իսկ ձևակերպված է որպես խնդիր՝ «Սեռային խնդիր»: Այդ խնդրի մասին է, ուրեմն, հոդվածը հատկանշական կերպով բարձրաձայնելու հայտ ներկայացնում: Ինչպե՞ս:

Հեղինակի դիրքորոշումը խնդիրը քննելու հարցում հստակ է. չնայած, որ սեռային խնդրին հարյուրավոր էջեր են նվիրել գրականության բոլոր ճյուղերը՝ կրոնականից մինչև բժշկական, «այդ բոլորը կրել ե միայն դատարկ բարոյախոսության, գիտական ուսումնասիրության, հետազոտության ու լուսաբանության լոկ տեսական բնույթ»: Հոդվածագիրը «տեսականին» հակառակ է դիտում բուն կյանքի ընթացքը, որը «շարունակել ե իրը ըստ առաջնույն, տեսականին տրամագծորեն հակառակ ուղղությամբ»: Հեղինակի՝ «տեսականի» ու «բուն կյանքի ընթացքի» միջև այս բաժանումն է հենց հոդվածի հիմքը, ու այս բաժանումից է նաև առհասարակ սեռային խնդրի մասին գրելու առաջացած կարիքը:

Խնդիրը դիտելու ելակետը հոդվածագրի համար առանցքային այն միտքն է, որ «Սեռային խնդիրը իր բնախոսական[3] բնագավառից դուրս, գերազանցապես սոցիալական խնդիր ե»: Վերջինիս սոցիալական բնույթը հեղինակը սահմանում է երկու կետով. սեռային խնդիրը սոցիալական խնդիր է այն չափով, որ չափով այն շոշափում է «տղամարդու և կնոջ փոխադարձ հարաբերությունները», և երկրորդ՝ «հասարակական այն խոր-հիվանդագին յերևույթը, վոր անվանվում ե պրոստիտուցիա»[4]:

Թերևս հատուկ ուշադրության է արժանի այն հնարը, որին հեղինակը դիմում է սեռային խնդրի սոցիալական բնույթը վերհանելու համար. հոդվածը, ըստ էության, այլ բան չէ, քան Ալբերտ Էդվարդսի Ընկեր Իետտա վեպի[5] մի դրվագի վերապատմում: Սակայն հոդվածի առանձնահատկությունը թերևս կարելի է համարել այն, որ բուն վերապատմողական հատվածին նախորդող «նախաբանը», ինչպես և առանձին դեպքերում նկատվող շեշտադրումները, զուտ վերապատմողական տեքստը հնարավոր են դարձնում դիտել հենց հեղինակի մտահոգությունների տեսանկյունից:

«Չնայած իր 24 տարեկան հասակին, Իետտան մինչ ամուսնությունը վոչ միայն պահպանել ե իր կուսական անարատությունը, այլ և կարծում ե թե ամուսնությունն իր վրա վոչ մի պարտավորություն չի դնում ամուսնու հանդեպ, բացի մտերիմ-ընկերական հարաբերությունից և առորյա ընտանեկան խնամատարությունից…»: Այսօր, թվում է, հնարավոր չի լինի խուսափել զարմանքի այն զգացումից, որ ընթերցողի վրա կարող է թողնել մոտ հարյուր տարվա ժամանակային հեռավորություն ունեցող այս տեքստի՝ կուսության և սեռական հարաբերությունների հանդեպ հստակ դիրքորոշումը: Սակայն, կարծում ենք, հաշվի առնել է պետք նաև վերը բերված նախադասության ներքին տրամաբանությունն ու հեղինակի հարցին անդրադառնալու կարիքը, որից ելնելով կուսության հարցը բացվում է ամուսնական պարտականությունների հետ հարաբերության մեջ:

Վեպի վերապատմվող դրվագի առանցքում Իետտայի և Իսիդորի «մտերիմ-ընկերական» ամուսնությունն է, որտեղ բացահայտվում է երիտասարդների իրենց իսկ սեռականությունից անտեղյակ լինելը: Այս խնդրի վերհանումը հեղինակը վերապահում է հանրային կյանքի ներկայացուցչին՝ բժշկին: Վերջինս ընդհանրացնում է խնդիրը. «Դուք բոլորդ ել բավականաչափ զարգացած եք, վորպեսզի հասկանաք բնության մի քանի որենքները, բայց չափազանց թեթևամիտ եք, վորպեսզի հնազանդվեք նրանց»: Այս անկյան տակ դիտված սեռային խնդիրը բացահայտվում է որպես բնության օրենքներին հետևելու կամ դրանք խախտելու հարց. բժիշկն, ըստ էության, այս ընտրությունից ելնելով է հանգում այն «կատարելապես բնականին», «վոր անհրաժեշտորեն կին ե պետք նրան, ինչպես ամեն մի տղամարդու, վորն ուզում ե նորմալ և առողջ լինել»: Հատկանշական է, որ բժիշկը, խոսելով սեռական հարաբերությունների կարևորության մասին, լեզվի մակարդակում հղում է ամուսնությանը. «Պետք ե, վոր նա [Իսիդորը] անպատճառ ամուսնանա: Նա պետք ե ընտանիք և յերեխաներ ունենա…»: Սակայն հարց է՝ արդյո՞ք խոսելով ամուսնության մասին, հեղինակը միաˊյն առաջ է քաշում ընտանիքի՝ որպես կնոջ և տղամարդու հարաբերություններն օրինականացնող ինստիտուտի խնդիրը: Թվում է՝ այդպես կլիներ, եթե ամուսնություն բառը հեղինակի մոտ ինքնին երկիմաստություն չունենար: Ուրեմն, եթե ամուսնությունն ընտանիք կազմելու պարտադրանք չդիտարկենք, ապա ինչպե՞ս է այն ձևակերպվում իբրև սեռական հարաբերություն: Ուշագրավ է, որ բժիշկը, քննադատելով «պարոնների» դեպի կյանքն ունեցած վերաբերմունքը, մատնանշում է անհավասարակշռությունը կյանքի մանր խնդիրներին չափազանց լուրջ կերպով ձեռք զարնելու և ոչ բավարար լրջությամբ մեծ գործին՝ հենց կյանքին վերաբերվելու միջև, ապա մասնավորեցնում, թե Իսիդորը «յերբեք չի պարզում իրեն ̶ և յերբեք ել չի պարզել ̶ վոր մարդուն անհրաժեշտ ե հանգստություն և զվարճություն: Նա գաղափար չունի, ինչ ե նշանակում խաղ»: Այս կերպ հանգիստը, զվարճությունն ու խաղը դիտվում են իբրև կյանքի անբաժանելի և պարտադիր մաս: Պատահական չէ, որ այս շարքում է հայտնվում նաև ամուսնությունը. Իսիդորը «պետք ե ընտանիք և յերեխաներ ունենա, վորպեսզի միայն իր աշխատանքի մասին չմտածի»: Հենց այս կետում է, որ հետաքրքական ձևով ամուսնությունը կապվում կամ նշում է ոչ այլ ինչը, քան խաղը, քանի որ ամուսնանալը ենթադրում է մեկին «վորի հետ [նա] կարող լինի խաղալ ̶ մեկ[ին], վորը հարկավոր դեպքում խփի նրա գլխին, վորպեսզի հեռացնի նրա ուշադրությունն այն ռուտինայից, վորի մեջ խրվել ե նրա ուղեղը»:

Բժշկի ամուսնության և սեռական հարաբերությունների անհրաժեշտության մասին խոսելու հիմքը մարդկության՝ արական և իգական սեռերի միջև բաժանված լինելն է: Հեղինակը կնոջ, նրա մարմնի, «հատուկ նշանակության համար» «ներս[ի] բարդ օրգաններ[ի]» ձևավորման մասին խոսում է նախևառաջ որպես բնության միլիոնավոր տարիների աշխատանքի հետևանք: Ավելին, բնության օրենքների անխաթարության սկզբունքից ելնելով է անբեկանելի դառնում պնդումը, թե «Դուք կենդանի չէիք լինի այս րոպեիս, յեբեք աշխարհ չէիք գա, յեթե այդ կանանցից գեթ մեկն արհամարհեր իր կանացի զբաղումը»: Անշուշտ, նույն բնությունն է, որ պատժելու է այդ զբաղումը մերժողին, ով չի օգտագործում իր հնարավորությունը «կենսական ցեղը շարունակելու համար»:

Հետաքրքրական է, որ չնայած սեռային խնդրի շուրջ ծավալվող քննարկմանը թե՛ մեջբերված հատվածներում և թե՛ հոդվածում առհասարակ նկատելի է սեռայինը բառաձևելու բարդությունը. խնդրի ենթադրվող հանգուցալուծումից՝ սեռական հարաբերություններից հետո, հերոսուհին փորձում է արտահայտել իր զգացածը. «Չեմ ել յերազել յերբեք,-ասում է Իետտան,-թե վորևե մեկը կարող կը լիներ այսքան երջանիկ լինել: Այդ… (նրանց մտերմական բառարանի մեջ շատ բառեր բաց էին թողնված)…այդ այնքան տարբեր եր այն բանից, ինչ վոր ես սպասում եյի»: Մտերմական բառարանի բացակայությունը, «այդ», «այդ բանը», «այդ տեսակ սերը» ձևակերպումներն իրենք սեռային խնդրի մասին խոսելու բարդության նշաններ են:

«Յես վոչինչ չգիտեյի: Ինչո՞ւ: Ինչո՞ւ չգիտեյի այդ մասին». հերոսուհու այս հարցն է, որ ընթերցողին ուղղորդում է դեպի խնդիրն այլ՝ ավելի լայն համատեքստում քննելու անհրաժեշտությունը: Այն, ինչն առաջ է բերում սեռային խնդիրը, ըստ հերոսների, «անգիտությունը» և «սխալ իրազեկությունն» է. դրանց մի բևեռում աղջիկներին «սեռական կյանքի կատարյալ անգիտության» մեջ պահելն է, մյուսում՝ պատանիներին «խնդիրն ուսումնասիրելու համար հասարակաց տներ ուղարկ[ելը]»: Այս կերպ, ուրեմն, կնոջ և տղամարդու հարաբերություների խնդիրների քննարկմամբ և անհրաժեշտորեն դրանց հետ շաղկապված, մարմնավաճառության հարցը թիրախավորվում է որպես սոցիալական խնդիր:

Ինչո՞ւ է, ուրեմն, սեռային խնդիրն անտեսվում կամ անտեսվելով դառնում խնդիր. «Ինչո՞ւ վոչոք քաջություն չի ունենում ասելու ամբողջ ճշմարտությունը»: Թվում է՝ այս հարցն է այն կետը, որտեղ մեկտեղվում են թեˊ վիպագրի, թեˊ հոդվածագրի օրակարգային խնդիրը. «Այստեղ բանը միայն քաջության մեջ չե, այլ և կարողանալու մեջ»,- եզրակացնում է վեպի հերոսը: Ուրեմն և, 1923 թվականին տպագրված այս հոդվածը «ճշմարտությունը» ասել կարողանալու գործնական փորձն է:

Մեր փորձն այս պարագայում մի կողմից նույնանում է հեղինակի ջանքի հետ, մյուս կողմից այն միտված է բացահայտելու իր իսկ ավանդույթը՝ պատմական հեռավորության վրա:

 

Հետազոտող՝ Իրինա Շախնազարյան

 

 

[1] Մարտակոչը 1923-1927 թվականների ընթացքում Թիֆլիսում հրատարակվող Ռուսաստանի կոմկուսի Անդրկովկասյան երկրամասային կոմիտեի օրգանն էր: Թերթի հիմնադրման և խմբագրական աշխատանքներում ներգրավված էին ժամանակի խոշոր հասարակական-քաղաքական գործիչներից Ալեքսանդր Մյասնիկյանը (հիմնադիր, խմբագիր), Հարություն Սուրխաթյանը (խմբագիր), Աշոտ Խումարյանը (խմբագիր), Արամայիս Երզնկյանը (խմբագիր), Սարգիս Խանոյանը (խմբագիր), ինչն անշուշտ պիտի պայմանավորեր թերթի՝ կուսակցության պաշտոնական քաղաքականություններն օրակարգում ունենալն ու դրանց գործադրումը: Հետևաբար «Սեռային խնդրի» հրատարակումը խորհրդային կարգերի ամրապնդմանը և կուսակցական առաջնայնություններին զինվորագրված պաշտոնական քաղաքական-հասարակական օրգանում ինքնին նշանն էր ակնկալվող այն գործնական փոփոխության, որին հավակնում էր հոդվածը՝ տպագրված լինելով հենց Մարտակոչի էջերում:

[2] Ենթադրում ենք, որ Ն. Դ. ծածկանվան տակ հանդես է եկել գրականագետ Նորայր Դաբաղյանը: Մեզ հայտնի քիչ տեղեկությունների համաձայն վերջինս 1920-1930-ական թվականներին գրական կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեցող դեմք է եղել՝ հանդիսանալով Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի անդամ: Նույն շրջանում խմբագրել է ժամանակի կարևոր մի շարք գրական պարբերահանդեսներ (Գրական դիրքերում (1927-1930), Խորհրդային գրականություն (1936-1937), Գրական թերթ (1935-1936)): 1930-ականներին նաև պաշտոնավարել է որպես ՀԿԿ Կենտկոմի կուլտլուսբաժնի վարիչ (1935-1937) և ԵՊՀ ռեկտոր (1937)։

[3] Նույնն է թե ֆիզիոլոգիական:

[4] Հարկ է նշել, որ սեռային խնդիրը, ինչպես և հեղնակի՝ դրա՝ որպես սոցիալական խնդիր դիտարկելը տեղական կամ հատուկ դեպք չպետք է համարել: Սեռային խնդիրը և դրա հետ ուղղակիորեն կապված մարմնավաճառության խնդիրը խորհրդային կարգերի հաստատմամբ պետական մակարդակում քննարկվող համամիութենական հարց էր: Այն, թե նոր հասարակարգի պայմաններում ինչպես էր սահմանվում սեռային խնդիրը, 1920-ականների ընթացքում ըստ էության դեռևս քննարկման առարկա էր: Ուստի, Մարտակոչում տպագրված հոդվածն ինքը կարոտ է ոսումնասիրման ավելի լայն համատեքստում, ինչին մեր տեքստի շրջանակներում մանրամասն անդրադառնալու հնարավորություն չունենք:

[5] Անգլերեն հրատարակությունը տե´ս Albert Edwards, Comrade Yetta (New York: The Macmillan Company, 1913); Ռուսերեն հրատարակությունը տեˊս Алберт Эдвардс, Товарищ Иетта (Петроград: Госиздат, 1920): Որքան մեզ հայտնի է վեպը հայերեն չի թարգմանվել:

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22