ՆՐԱՆՔ. ՍԱՀՄԱՆԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ԱՊՐՈՂՆԵՐԸ

Զրույցներ սահմանին մերձ

Ի՞նչպես են Հայաստանում և հատկապես սահմանամերձ համայնքներում ապրող մարդիկ մտածում և խոսում պատերազմի, խաղաղության, հարևանների հետ հարաբերությունների մասին։ Որքանով են այդ գաղափարները փոխկապված իրենց կյանքի և իրավունքների, համայնքի ապագայի հետ։ Աշխարհի և Հայաստանի, մենք-ի և նրանք-ի մտապատկերները, որ առկա են այսօր, հանրային կյանքը շարունակելու և փոփոխելու ի՞նչ հնարավոր հուներ են բացում։

 

– Եթե հիմա հնարավորություն լիներ՝ հանդիպեիր Ադրբեջանից քո հասակակցի, ի՞նչ կասեիր նրան։[1]

– Կասեի բարև, ո՞նց ես։ Ոչ այդքան արտասովոր բան, սովորական։

(տղա, մինչև 18 տ., Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

Ղարաբաղյան պատերազմից հետո հայ և ադրբեջանցի երիտասարդները միմյանց հետ ուղիղ շփում չեն ունեցել։ Սահմանամերձ համայնքներում` ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ապրող մարդիկ իրար չեն ճանաչում, բայց միմյանց մասին շատ բան «գիտեն»։ Նրանցից ոմանք նոր գիտելիք են փնտրում։

 

– Ուղղակի հետաքրքիր կլիներ իրենց հետ զրուցել, իմանալ իրենք ինչ են մտածում, որովհետև ինձ թվում է, եթե չլիներ այդ վերևների հետ կապված խնդիրը, ոչինչ չէր լինի, որովհետև իրենք էլ սովորական մարդիկ են…

Ո՞ր մի ծնողը, կապ չունի՝ հայ, թուրք, վրացի, ո՞ր ծնողը կուզենա, որ իր երեխան ինչ-որ մի օր չլինի։ Ո՞նց կլինի, եթե ծնող ես, չես կարող։ Ինչ ազգ էլ՝ լինի, երեխա են չէ՞, 18-20 տարեկան երեխաներ են։ Ինձ չի թվում, որ մարդ այդքան անմարդկային լինի, որ ուզենա ուրիշ երիտասարդի մահը։

Հետաքրքիր է իմանալ իրենց պատկերացումները. իրենք ինչ են մտածում: Հաստատ իրենք էլ են ձգտում խաղաղության։ Իրենք էլ կուզենան, որ հանգիստ ապրենք։ Մի կյանք ենք ապրում՝ միջին տվյալներով 60-65 տարի, ավել չկա ու չգիտես, թե վաղը ինչ կլինի։ Կարելի  է այդ տարիներն ուղղակի վայելել, ոչ թե կռվել։

(կին, 19-35 տ., Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

– Օրինակ`ինձ պատմել են, որ այստեղ առք ու վաճառք է եղել ադրբեջանական գյուղերի հետ։ Մեր տանն էլ նույնիսկ թուրքեր, ադրբեջանցիներ եկել են, գիշերը մնացել են։ Մի անգամ էլ տատիկիս թուրքը փրկել է մահվանից. սարերում բանջար հավաքելուց ընկել է, և թուրքը փրկել է իրեն:

(տղա, մինչև 18 տ., Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

Համեմատաբար տարեցները և միջին տարիքի մարդիկ ապրել, շփվել և ընկերություն են արել ադրբեջանցիների հետ։ Կան հիշողություններ այն մասին, որ կողք-կողքի ապրող հարևաններն իրար տուն են այցելել, դժվար ժամանակ օգնել իրար։

 

– Թող հանգիստ ապրենք, ինչքան Աստված մեզ տվել է, ձգտենք ուրախ ու երջանիկ ապրել։ Իրար օգնենք, որովհետև հարևաններ ենք։ Ոնց է՝ մենք մեր հարևանների հետ միմյանց օգնում ենք, նույն էլ պետությունների դեպքում է։ Հաստատ կարող ենք օգնել, որ ավելի լավ լինի։

(կին, 19-35 տ., Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

– Մենք տարիներ շարունակ ապրել ենք իրանց հետ։ Կոնկրետ այս տունը թուրքի տուն է։ Իրենց հետ ապրել ենք, վատ չենք եղել։ Մի քիչ սիրուն կարող է չհնչի, բայց նշանակում է, որ դավաճանում ես, որ նրանց գովում ես, բայց գովեստի տեղ ունեն։ Իմ ծնողները Գորիսից եկել էին, իմ կողքիս հարևան թուրքը չի սպասել, որ ես դպրոցից գամ, տուն է տարել, հարգել-պատվել որպես ուսուցիչ, հյուրասիրել են մի ահագին մթերքով. սա մարդկային դրսևորում է թուրքի կողմից։

(կին, 50+ տ., Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

– Այն ժամանակ հայը և թուրքը եղբայրների նման էին։ Իրենց առևտուրն ամենից շատ մեր գյուղում էին անում։ Այն ժամանակ միսն էլ էին առնում-տանում այստեղից։ Իրենք էլ իրենց բանջարեղենն էին բերում այստեղ, վաճառում։ Ջերմուկ էլ էին տանում-ծախում, Երևան էլ։ Մեր գծով էին գնում-գալիս։ Ճանապարհը շատ կարճ էր այսպես։ Մենք միշտ այսպես ենք գնացել Երևան։ Գնում էինք, Երասխի մոտից դուրս էինք գալիս։

(կին, 36-50 տ., Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

Մի օր, սակայն, սահմանը փակվել է, և սահմանից այն կողմ ապրող ծանոթները դարձել են նրանք, ուրիշ, թշնամի։

 

 – Դուք ընկերներ ունե՞ք այն կողմում։

– Հիմա` ո՛չ, այն ժամանակ ունեինք։

– Իսկ ինչ-որ ծանոթներ կա՞ն։

– Ո՛չ, այլևս գնալ-գալ չկա։

– Ոչ մեկին չգիտե՞ք անունով։ Ո՞վքեր են այնտեղ ապրում։

– Ո՛չ։

(կին, 50+ տ., Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

Սահմանի երկու կողմերում ապրող մարդկանց կենսաձևերը, թվում է՝ իրարից չեն տարբերվում։ Նրանք հող են մշակում, անասուն պահում, պատերազմի և դրա հանգուցալուծման մասին լուրեր լսում հեռուստացույցով։

 

– Ես իրենց կողմից իմ նմաններին չեմ մեղադրի, որովհետև եղել է՝ 10 մետրի վրա ամեն տարի էլ հանդիպել ենք, նույնիսկ զինված էլ է պատահել, և ոչ մի բան։ Իմ նմաններն իմ նմաններին չեն խփի։ Գյուղացին գյուղացուն չի խփի, որովհետև գիտի, որ եթե խփի, իրան էլ կխփեն։ Ինքն էլ է ինձ նման գյուղացի, անասուն է պահում, հող է վարում-ցանում։ Իրենք էլ ինձ նման գյուղացի մարդ են։ Իրենք էլ մեզանից են վախենում։ Մենք վախենում ենք, իրենք էլ են վախենում։ Մեր և իրենց կառավարությունները պետք է կարգավորեն, թե չէ Ահմեդը, Մահմեդը ինձ ի՞նչ՝ ոչ մի բան։ Հանդիպել ենք իրար, եղել է, որ իրենք զինված են եղել, ես՝ ոչ, բայց ոչ մի բան տեղի չի ունեցել։

Ես ուզում եմ խաղաղ, հանգիստ լինի, հողս հանգիստ վարեմ-ցանեմ։ Ո՛չ իրենք կպնեն, ո՛չ մենք։ Չեմ վախենում ես, պետք չի թունավոր մթնոլորտ ստեղծել։ Մի 200-300 մետր իջի՛, կտեսնես մերոնք իրենց պոստերի մոտ, իրենց զինված զինվորի քթի տակ աշխատում են։

(տղամարդ, 50 տ., Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

Պատերազմի ավարտն ու խաղաղությունը կապվում են երկրի տնտեսական զարգացման, սահմանամերձ համայնքների «շենացման», իրար հետ «հանգիստ ապրելու», իրար «երկիր տեսնելու» և իրար «հասկանալու», «նորմալ հարաբերությունների» հնարավորության հետ՝ «ինչպես մյուս երկրներում է»։

 

– Պետք է խաղաղություն լինի, որ գումարը դնեն, տնտեսություն զարգացնեն, իսկ այսպես ամբողջ գումարը գնում է ռազմական տեխնիկայի, բանակի վրա

(տղամարդ, 36-50 տ.,Նախիջևանին սահմանամերձ համայնք):

 

– Ճանապարհը կբացվի, հարաբերություններ կհաստատվեն, շփումներ, առևտուր կլինի և այլն։ Շատ հարցեր կան։ Նկարներով, որ նայում ես, տեսնում ես, թե ինչպես են շենացրել։ Թող բոլոր տեղերում այդպես լինի, թող կարողանան իրար հետ հանգիստ ապրեն, իրար հասկանան։ Թեկուզ հենց գնան երկիրը տեսնեն, շրջագայեն։ Մենք գնանք, ինչո՞ւ ոչ։ Իրենք էլ գան, թող լինեն նման նորմալ հարաբերություններ, ինչպես մյուս երկրներում է։

(կին, 19-35 տ., Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

Չնայած որոշ մարդկանց հիշողությունների մեջ դեռ մնացել են կոնկրետ հարևանների՝ «մարդկային դեմքի» պատկերների պատառիկներ, սակայն ձգձգվող հակամարտությունն այդ պատկերն աղավաղել է, խճճել, դարձրել կաղապարային տիպար. թշնամին «նենգ է», «արնախում», իսկ հայերը՝ բարի, հանդուրժող և ներող։

 

– Մեր վերաբերմունքն իրենց հանդեպ, այսպես ասած, մաքուր է էլի։ Մենք, որ կանգնենք դիրքերի վրա ինչ-որ շինարարական աշխատանքներ անենք, իրենք կկրակեն, բայց մենք այդպես չենք անում էլի։ Ոնց որ ասած, հասկանում ենք էլի, որ իրենց էլ տանը սպասող կա։ Չեմ կարող ասել` իրենք ինչ տիպի մարդիկ են, ուղղակի, ոնց որ ասած, արնախում են էլի։

(տղա, մինչև 18 տ., Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

Սահմանից այն կողմ ապրող նրանց՝ ադրբեջանցիների կողմից հայերի հանդեպ թշնամանքի մասին կարծրացող պատկերացումները հիմնականում ձևավորվում են հեռուստատեսությամբ և սոցիալական ցանցերով ստացված տեղեկություններով։ Հայերի հանդեպ ադրբեջանցիների հնարավոր թշնամանքը կարծես պարտավորեցնում է նույնությամբ արձագանքել՝ հաճախ նույնիսկ դա չնկատելով։ Արդյունքում ձևավորում է միմյանց հանդեպ թշնամանքի արատավոր մրցավազքը։

 

– Չե՞ք տեսել ինտերնետում իրենք մանկապարտեզի երեխաներին ասում են՝ ո՞վ են մեր թշնամիները, ասում են՝ հայերը։ Նկարել, գցել էին։ Թուրք, ավելի ճիշտ ադրբեջանցի դաստիարակչուհին 3 տարեկան մանկապարտեզի երեխաներին սովորացնում է դա։ Իրենց գրքերը, ինտերնետում բացեք-նայեք, գրքերում գրված է, որ ամեն ադրբեջանցի գոնե մի հայ պետք է սպանի։

– Իսկ մեր դասագրքերո՞ւմ։

– Մեր գրքերում տենց բաներ չկան, մեր երկիրը նորմալ, քաղաքակիրթ, զարգացած երկիր է։ Մեր գրքերում գրած է, որ Ադրբեջանն ունի ընդամենը 100 տարվա պատմություն, որ Բաքուն ժամանակին հայերն են սաքրել, ոտքի կանգնացրել, բոլոր նավթի հանքերը հայերն են սաքրել, հայերից է սկսել։ Բաքվի 40% հայ էր այն ժամանակ, մինչև 90թ.։ Ադրբեջանցիները չեն կարող խելացի լինեն, որովհետև 1918 թ.-ից, կարծեմ, պատմություն ունեն, ընդամենը քանի տարի է լինում՝ 100 տարի։ Այս տարի հենց հարյուրամյակն է։ 100 տարվա ազգը ո՞նց կարող է…

(տղամարդ, 36-50 տ., Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

– Մեր պատմության ուսուցչուհին այնպես ոգևորված է, մի տեսակ ոխ ունի թուրքերի, այլ ազգերի հանդեպ։ Նա շատ հայրենասեր կին է։ Ինքն ամեն տարի ամռանն (ամբողջ տարի աշխատում է դպրոցում) գնում է Արևմտյան Հայաստան։ Երբ որ գալիս է հետ, այնպիսի ոգևորությամբ է պատմում, որ ամբողջ տարվա ընթացքում վերհիշում է այդ դեպքերը։

(աղջիկ, մինչև 18 տ., Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

– Երեխային ինչպես որ դաստիարակես, այդպես էլ կգնա։ Եթե մեր հակառակորդը իրենց երեխեքին այդպես դաստիարակի, երեխաների մեջ սերմանի, որ հայ ազգը վատն է, այդպես էլ կգնա։

(տղամարդ, 36-50 տ., Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

«Թշնամի» ադրբեջանցին և «մարդ» ադրբեջանցին միաժամանակ գոյակցում են մարդկանց պատկերացումներում, երբեմն անգամ միևնույն մարդու մտապատկերի տարբեր շերտերում։ Այն դեպքում, երբ հարակից ադրբեջանական համայնքի ադրբեջանցիներն օտար կամ թշնամի են թվում, «դրսում»` հատկապես Ռուսաստան մեկնածներին միավորում են նույն մարդկային խնդիրները և իրար օգնելու պատրաստակամությունը։

 

– Ես Մոսկվայում ունեցել եմ ադրբեջանցի ընկերներ, նորմալ հարաբերություններ են եղել: Դա մի 4-5 տարվա պատմություն եմ ասում: Դրսում ուրիշ է էլի, ավելի հեշտ է լինում, քան թե այստեղ։ Ով դրսում է, ինքը լավ օրից չի այնտեղ, բոլորն էլ նույն խնդիրներն ունեն, գնացել են դուրս լավ ապրելու, իրենց պետք է լավ ապրել։ Կապ չունի՝ դու Հայաստանում ես, Ռուսաստանում, թե Ամերիկայում, բոլորն էլ ձգտում են, որ լավ ապրեն, հեշտ ապրեն։ Այսինքն՝ այս մեր բարեկեցությունն ինչի՞ համար է. բաղնիք ենք սարքում, ռեմոնտ ենք անում, որ լավ ապրենք, սիրուն ապրենք, հետաքրքիր ապրենք կյանքը։

(տղամարդ, 36-50 տ., Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

– Այդ ազգի մարդիկ դրսում մեր հայերին շատ լավ են վերաբերվում, բայց հենց ոտքերը դնում են իրենց հողին, փոխվում են։ Ինչո՞ւ: Թող չփոխվեն, թող նույնը մնան։ Եղբայրս պատմում էր, որ Ռուսաստանում շատ լավ են վերաբերվել իրենց, օգնել են շատ հարցերում, բայց վախենում են, որ իրենց երկրից ինչ-որ մեկը կամ ավելի պաշտոնով մեկը չիմանա այդ մասին, որովհետև իրենց մոտ դա արդեն դավաճանություն է, բայց ինչո՞ւ:

– Իսկ մեզ մոտ ադրբեջանցիներին օգնելը դավաճանությո՞ւն է։

– Կգտնվեն մարդիկ, որ կհամարեն, որ դավաճանություն է, բայց մարդ ենք բոլորս էլ։

(կին, 19–35 տ., Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

– Թուրքի երեխա է, ես ինչի՞ պետք է իրեն ատեմ, ինքը ի՞նչ է արել ինձ, ի՞նչ վնաս է տվել ինձ կամ մեր ժողովրդին։ Ժողովուրդը մեղավոր չի, ղեկավարությունն է մեղավոր։ Իմ հոգեբանության վրա ազդում է այս վիճակը, քանի որ տեսնում եմ, որ նրանք էլ են մեր պես ժողովուրդ, նրանք էլ են մեր նման զոհեր ունենում, նրանց ծնողներն էլ են տանջվում, լացում։ Ինչո՞ւ պետք է և՛ մենք, և՛ նրանք մարդ կորցնենք ղեկավարների ախորժակի պատճառով։

(տղա, մինչև 18 տ., Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

«Թուրքը մնում է թուրք», իսկ «մարդը մնում է մարդ»։ Եթե առաջին պնդումը հնչեցվում է իբրև բացատրության կարիք չունեցող հանրածանոթ ճշմարտություն, ապա երկրորդը՝ իբրև անհատական հավատամք։

 

– Թշնամին մնում է թշնամի, ես այն ժամանակ էլ չեմ սիրել իրենց։

– Ինչո՞ւ։

– Չգիտեմ։ Դե թուրքը մնում է թուրք։

(տղամարդ 36-50 տ., Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

– Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն ինչպե՞ս կբնութագրես։

– Սառը, ավելի թշնամականի կողմ։

– Դու իրենց որպես թշնամի՞ ես վերաբերվում։

– Ո՛չ։ Որպես մարդ. անկախ ազգությունից, անկախ կրոնից մարդը մնում է մարդ։

(տղա, մինչև 18 տ., Նախիջևանին սահմանամերձ համայնք)

 

 

Պատրաստեց Շահանե Խաչատրյանը

[1] Զրույցները՝ Նախիջևանին սահմանամերձ համայնքների բնակիչների հետ։ Զրուցավարներ՝ Ժաննա Անդրեասյան, Աննա Ժամակոչյան, Մարիամ Խալաթյան, Արփի Մանուսյան։

Comments are closed.

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002,
Սարյան փ. 20, բն. 25

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

Facebook
YouTube

Արխիվ