Ինչպե՞ս են ըմբռնվում տարբեր պատմական շրջափուլերում բռնի կոնֆլիկտների և պատերազմների միջով անցած տարածաշրջանը[i] և Հայաստանն այդ տարածաշրջանում, ի՞նչ հարաբերություններ ունի Հայաստանը իր տարածաշրջանային հարևանների հետ, և որո՞նք են տարածաշրջանային հարաբերությունների բնույթը պայմանավորող արմատները, իսկ որտե՞ղ է Հայաստանն աշխարհում․ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո հանրային-քաղաքական դաշտում օրակարգային դարձած այս հարցերը, ի թիվս այլ հարցերի, ուսումնասիրել ենք մեր հետազոտության շրջանակում[ii]։
Ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում քաղաքական տարբեր սուբյեկտների հետ հարաբերման տեսանկյունից Հայաստանը հանրային տարբեր շերտերի կողմից մեկնաբանվում է շահագործվածի, լուսանցք մղվածի, մեկուսացածի և ազդեցության հնարավորությունից զրկվածի բնութագրիչներով։ Մեծ աշխարհում Հայաստանը հանրությանը պատկերվում է իր փոքրությամբ․ այլաբանական իմաստով Հայաստանը «գնդակ» է, որին շարունակաբար հարվածում են այս ու այն կողմից, զրկում ինքնիշխանությունից և գործելու կարողությունից։
«Աշխարհի համեմատ Հայաստանը գտնվում է շատ փոքր դիրքում։ Նրա [աշխարհի] հետ կապերը հեղհեղուկ են, ոչ այդքան հստակ են։ Նաև տարածաշրջանային երկրների հետ ինքը փոքրիկ դիրք է գրավում, ով ոնց ուզում, ճնշում է»։
54-71 տարեկան կին, Արտաշատ, Արարատի մարզ
Ներկա Հայաստանի աշխարհաքաղաքական լուսանցքային դրության շուրջ դատողություններին զուգահեռ տիրապետող են նաև երբեմնի «ծովից ծով Հայաստանի», Հայաստանի՝ մշակութային և քաղաքակրթական խաչմերուկի, աշխարհում առանձնահատուկ հարուստ մշակույթ ունեցողի առասպելականացված հավաքական գիտելիքը, որ մի կողմից՝ սնում է ազգային սնափառությունը, մյուս կողմից՝ ներկայի բազմակի խնդիրների հետնախորքում տարամտորեն առաջ է բերում հանրային թերարժեքության բարդույթ, կորսված պատմականի հանդեպ անարդարության զգացում։ Հայաստանի՝ երբեմնի հնագույն քաղաքակրթական օրրանի և խաչմերուկի, մյուս կողմից՝ տարբեր պատերազմների թատերաբեմի, կռվանի և զոհի ընկալումը, ըստ էության, առասպելականացված և պատմական դետերմինիզմով սահմանադրվող միևնույն հավաքական գիտելիքի դրսևորումն է։
«Սա երկրագունդն է, կենտրոնում Հայաստանն է։ Իրականում էդպես էլ կա։ Ամենակարևոր ճանապարհները Հայաստանով են անցնում՝ Եվրոպան Ասիայից բաժանող, հյուսիս-հարավ։ Իրականում ես Հայաստանի դիրքը դիտարկում եմ որպես զարգացման ուժեղ կողմ։ Շատ բարենպաստ է։ Ու միշտ դեմ եմ եղել էն գաղափարին, որ դպրոցում պատմության դասատուներն ասում են՝ մեր դիրքը շատ վատն է, որովհետև մեծ տերությունների բախման կետում ենք։ Մենք ուղղակի չենք գտել մեր ճիշտ դիրքավորումը։ Ճիշտ դիրքավորվեք, թող ձեզնից կախված լինեն»։
18-35 տարեկան տղամարդ, Չարենցավան, Կոտայքի մարզ
«Իմը ավելի շատ ցանկություն է, որ Հայաստանը միշտ լինի աշխարհի կենտրոնում, աշխարհը՝ շրջապատված իրանով»։
36-53 տարեկան տղամարդ, Երևան
«Հայաստանի տեղն ո՞վ գիտի», «կույր է աշխարհը», «աշխարհը բարձրանում է, Հայաստանը՝ իջնում», «կարծես գլոբուսից դուրս լինենք» տարածված հանրային ձևակերպումները երևան են բերում այլ պետությունների համեմատ քաղաքական սուբյեկտությունից զուրկ Հայաստանի ըմբռնումը, որ մշտապես դավաճանված է և անօգնական։ Այլ քաղաքական սուբյեկտների հետ հարաբերություններում Հայաստանը հաճախ ընկալվում է ոչ թե իբրև հարաբերությունների կողմ, այլ մշտական զոհ։
«Հայաստան և աշխարհ․ աշխարհը չունի ականջներ, ունի վառ, գեղեցիկ հայացք՝ ուրիշ կողմ ուղղված։ Հայաստանը օգնության կարիք ունի»։
18-35 տարեկան կին, Մեղրաձոր, Կոտայքի մարզ
Տարածաշրջանում Հայաստանին տեղայնացնելու հանրային փորձերը կարևոր ներիմաստներ ու շերտեր են երևան բերում։
Աշխարհագրորեն տարածաշրջանում լինելու, բայց դրա մասը չզգալու, Հայաստանը տարածաշրջանից դուրս դնելու, դրանից անջատելու և իբրև քաղաքական միավոր չդիտելու մտայնությունը տիրապետող է ո՛չ միայն հայաստանյան հանրության շրջանում․ այս ըմբռնումը պատմական է և բնորոշ է տարածաշրջանային մյուս պետություններին և հասարակություններին ևս՝ զանազան պատմաքաղաքական պատճառների և հանգամանքների բերումով։ Ուրեմն ինչպե՞ս ուսումնասիրել տարածաշրջանը և դրանում փոխհարաբերման եղանակներ գտնելու հարցը այս իրավիճակում։
Ինչպես գրում է Ժիրայր Լիպարիտեանն իր «Հայաստանի երրորդ հանրապետութիւն․ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւն» մեծածավալ հատորում, տարածաշրջանի երեք հանրապետությունները երբևէ իրենք իրենց չեն մտածել և չեն գործել իբրև տարածաշրջանի մաս․ «Լինի տնտեսական զարգացման, թե անվտանգության նկատառումներով՝ Ադրբեջանը, Վրաստանն ու Հայաստանը Սովետական Միության մայրաքաղաք Մոսկվան փոխարինել են Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայով, ԱՄՆ-ով և Եվրոպական միությամբ՝ չնայած տարածաշրջանային համագործակցության համար ներկայացված խոշոր ծրագրերի վերաբերյալ տպավորիչ առաջարկություններին և հրովարտակներին» (Լիպարիտեան, 2022։ 260)։ Միաժամանակ պատմաբանը կարևոր շերտ է առաջ բերում․ իրական տարածաշրջանային մտածողության բացակայությունը դեռևս չի նշանակում, թե երեք հանրապետությունների ապագաները փոխկապված չեն, այդ ապագաները փոխկապված են ինչպես տնտեսական, այնպես էլ անվտանգության առանցքներով։ Սակայն այս պետությունների առճակատումը նվաճողների հետ գերիշխում է նրանց հավաքական հիշողության մեջ՝ անվտանգության մտահոգությունը դարձնելով գերակա հանրային-քաղաքական մտածողության մեջ (Լիպարիտեան, 2022)։
Հարավային Կովկասը, որ շրջապատված է գերտերություն Ռուսաստանով և տարածաշրջանային երկու խոշոր պետություններով՝ Իրանով և Թուրքիայով, պատմականորեն տարբեր քաղաքական շահերի բախման խաչմերուկ և տրանսազգային ենթակառուցվածքների նշանակալի հանգույց է եղել[1]։ Այս հանգամանքն այն դարձնում է գերտերությունների շահերի և ազդեցությունների գոտի, ինչպես նաև արթնացնում անմիջականորեն չսահմանակցող մեծ տերությունների հետաքրքրությունը[2]:
Անկախությունից ի վեր Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը անցել են երկար ճանապարհ և դա արել են միմյանցից տարամետ աշխարհաքաղաքական նախընտրություններով, միմյանց դեմ պատերազմներով, հակասություններով, մրցակցային հարաբերություններով։
Խորհրդային Միությունն այս երեք հանրապետություններին միավորել էր սոցիալիզմի և «ժողովուրդների եղբայրության» գաղափարաբանության ներքո՝ համակեցական որոշակի շրջանակում, որ քողարկում էր քաղաքական սուբյեկտների պատմական հարաբերությունների հակասական և խնդրահարույց էջերը (Խառատյան, Հակոբյան, 2019)։ Ղարաբաղյան կոնֆլիկտը, պատերազմները մոռացության տվեցին ժողովուրդների համակեցության տարիների փորձառությունը։ Հարավային Կովկասի տարածաշրջանում հարևանների հետ բարդ հարաբերությունների, Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների հետնախորքում Իրանի հետ բնականոն հարաբերություններ պահպանելը անկախության տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներից է եղել, որ մեկնաբանվել է նաև Ղարաբաղյան կոնֆլիկտի նկատմամբ Իրանի չեզոք քաղաքականությամբ՝ ի հակադրություն Թուրքիայի, որ դիվանագիտական և քաղաքական առումներով Ադրբեջանի գործընկերն է (Լիպարիտեան, 2022)։
Քաղաքագիտական տեսանկյունից պետության տնտեսական և քաղաքական զարգացումը կապվում է այն տարածաշրջանի հետ, որում գտնվում է տվյալ պետությունը[3]։ Այս համատեքստում հատկապես օրակարգային են դառնում փոխադարձ շահի և կապվածության հարցերը, որոնք իրենց հերթին է՛լ ավելի առարկայական են դարձնում անկախության և ինքնիշխանության հարցը։ Այս առումով նկատում ենք, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո թե՛ հանրային, թե՛ քաղաքական դիսկուրսի դաշտում տիրապետող են դարձել Հայաստանի ինքնիշխանության և անկախության չափի, արտաքին ազդեցությունների և կողմնորոշումների «գրագետ» ընտրության հարցերը՝ միաժամանակ շրջանակելով անվտանգության ապահովման կարողության առանցքը հարևան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատմամբ։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, տարածաշրջանում ստատուս քվոյի և ուժային հարաբերությունների փոխակերպումը դարձան տարածաշրջանը և տարածաշրջանում Հայաստանի տեղը վերամտածելու և վերանայելու նշանակալի առիթ։ Թեև Ղարաբաղյան երկրորդ պատերազմը տարածաշրջանում հարաբերությունների ու դերերի վերամտածման առիթն է, սակայն վերամտածման բարդ գործընթացը տեղի ունի պատմականորեն ձևավորված և բեռնավորված համատեքստում, ուստի կպահանջի ինքնահայեցման երկար ու ձիգ տարիներ։ Չնայած տարածաշրջանում և տարածաշրջանի հետ Հայաստանի հարաբերությունների քաղաքական ու հանրային վերաիմաստավորման փորձերին (տարածաշրջանում Հայաստանի և հարևան պետությունների հարաբերությունները հաճախ համեմատվում և զուգահեռվում են կենցաղում հարևանների հետ շփվելու կարողության հետ)՝ հարևան երկրների հետ հարաբերությունները մեծ մասամբ ընկալվում են իբրև անփոփոխ տրվածություն, որ ենթակա չեն քաղաքական ու պատմական համատեքստերի, գործընթացների փոխակերպումներին։ Հարաբերությունների կարծրության մասին հանրային խոսակցություններն արտահայտվում են «դարերից եկած է», «միշտ է այդպես եղել», «թուրքը մնում է թուրք», «մենք Ցեղասպանություն ենք տեսել», «նրանք Ցեղասպանություն են արել» և նման այլ ձևակերպումներով։
Սակայն հարաբերությունների այս կարծր ու չփոփոխվող բնույթի մեկնաբանման շղթան ընդհատվում է, օրինակ, Իրանի հետ հարաբերությունները պատմական համատեքստում տեղայնացնելու, փոխհարաբերությունների փոփոխությունը ժամանակի և տարածության մեջ որոշարկելու գործընթացում, որտեղ առանցքային ելման կետը կրկին Ղարաբաղյան երկրորդ պատերազմն է։
«Հայաստանի համար խաղաղությունը շատ դժվար է… Տեսեք՝ մենք էսօր ասում ենք՝ Իրանը [օգնի], ձեզ թվում է՝ Իրանը մեզ քիչ է կոտորե՞լ։ Հիմա մենք էն վիճակում ենք, որ էլի գնացել ենք, էդ կոտորողի ձեռքն ենք համբուրում։ Կոտորողի, որովհետև էլի լավը գոնե ինքն է, ճիշտ է, կոտորել է, բայց հիմա լավը դա է։ Մենք պետք է լավ ուժեղ լինենք, ավագ եղբայր ունենանք»։
18-35 տարեկան տղամարդ, Նալբանդյան, Արմավիրի մարզ
Այսպես՝ մենք նկատում ենք, որ տարածաշրջանի, Հայաստանի և հարևան պետությունների հետ հարաբերությունների բնույթի, դրանց փոխակերպումների հանրային ընկալումները մեծապես պայմանավորված են պատմական համատեքստով և հիշողության քաղաքականություններով, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի թարմ հետքով և տրավմայով, տարեց մարդկանց շրջանում խորհրդային անցյալի կենսափորձով, ամենօրյա մեդիա մանիպուլյացիաներով ու քաղաքական տարբեր հետաքրքրություններ ունեցող ուժերի շահարկումներով։
«Ծովից ծով Հայաստանի» իդեոլոգեմը տարածված է ինչպես երիտասարդների, այնպես էլ տարեցների շրջանում։ Սակայն կարևոր է նկատել, որ հանրության համար այն չունի իրականության մեջ գործադրվելու ներուժ, այլ առավելապես դարձել է մշակութային մանթրա, որ սովոր ենք կրկնելու դպրոցներում՝ պատմության դասերին, բարեկամական հավաքներին՝ կենացների տեսքով, թուրք և ադրբեջանցի քաղաքական գործիչների հետ՝ տաղտկալի բանավեճերի ժամանակ։
«Նկարել եմ ծովից ծով Հայաստան ու մտածում եմ, որ կգա ժամանակ, որ մեր սերունդները կհպարտանան նորից մեր հայրենիքը ձեռք բերելու համար, ու մեր սահմանները կսկսվեն Կասպից ծովից ու կավարտվեն մինչև Սև ծով»։
18-35 տարեկան տղամարդ, Գյումրի, Շիրակ
Տարածաշրջանում կամ աշխարհում Հայաստանի դերի և հարաբերությունների հանրային ըմբռնումները կապված են ոչ միայն անցյալի, այլև ապագայի հետ։ Այլ պետությունների հետ հարաբերությունները և սեփական քաղաքական սուբյեկտության սահմանները պայմանավորվում են աշխարհաքաղաքական մակարդակում ապագայի անորոշությամբ ու վատատեսական սցենարներով՝ մասնավորապես շեշտադրելով Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա և դրա առաջ բերած անկայունությունները։
«Պետությունների միջև պայքար է։ Տնտեսապես են կռվում՝ ում փողն ավելի բարձր կլինի։ Միգուցե սպասենք, տեսնենք՝ իրենց [Ռուսաստան, Ուկրաինա] մոտ ո՞նց կխաղաղվի, ո՞վ կհաղթի, հետո երևի մի քիչ կպարզվի մեր վիճակը։ Էս պահին ոչ մի բան [պարզ չէ]։ Հլը որ Ռուսաստանը պատերազմի մեջ է, Եվրոպան, Ամերիկան Ռուսաստանի դեմ են»։
36-53 տարեկան կին, Մալիշկա, Վայոց ձոր
Կարևոր է նաև նշել, որ պատերազմի պարտության, լարվածության ու թշնամության սրված վիճակում մարդիկ երբեմն ցուցադրաբար՝ իբրև բողոքի գործողություն, չէին պատկերում Ադրբեջանը տարածաշրջանում՝ խոսքային մակարդակում նշելով, որ դա անում են նպատակային։ Թղթի վրա Ադրբեջանին չպատկերելու, տարածաշրջանի տեսողական դաշտից Ադրբեջանին «հանելու» այս հատուկենտ գործողությունները նյութականացնում են պատերազմից հետո առաջացած հանրային զայրույթը, վախերը և տագնապները։
Հարևան պետությունների հետ քաղաքական ու տնտեսական հարաբերություններ ունենալուն զուգահեռ հանրությունը առանձնացնում է նաև մարդկային փոխհարաբերությունների շերտը։ Եթե Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում գերակա է փոխադարձ շահի գաղափարը, և այս առումով տնտեսական հարաբերությունները կարգավորելի և շահավետ են թվում, ապա ժողովուրդների հարաբերությունների կարգավորումը, որ ձևակերպվում է իբրև բարեկամություն, հիմնականում հանդիպում է առավել սուր մերժման։
«Շահեր կան միայն. եթե շահերը համընկնում են, դուք բարեկամներ եք, իսկ եթե չէ, չէ։ Եթե շահերը շատ են, ավելի շատ բարեկամներ ենք։ Որովհետև բոլորս ռացիոնալ մարդիկ ենք ու չենք կարա տենց չլինենք, մեր կոմֆորտից դուրս գանք»։
18-35 տարեկան տղամարդ, Երևան
«Դու հարևան ես, ինչքա՞ն կարող ես թուր ու թվանքի միջավայրում գոյատևես։ Դա թունավոր միջավայր է․ կա՛մ դու ես խեղդվելու, եթե թույլ եղար, կա՛մ քեզ ուտելու են։ Հետևաբար դու պետք է հասկանաս, որ դու թույլ ես ու, ուզես-չուզես, ինչ-որ ձևով լեզու գտնես, որովհետև դա են ենթադրում խաղի կանոնները․ չես կարող անընդհատ փակվես, փակվելով չես կարող առաջ գնալ»։
36-53 տարեկան կին, Իջևան, Տավուշի մարզ
«Դե, հիմա, էս պատերազմից հետո չեմ պատկերացնում, որ ինչ-որ մեկը կարող է լսի ու ասի՝ հա՛, եկեք սիրենք իրար»։
18-35 տարեկան կին, Վանաձոր, Լոռու մարզ
Թեև Ղարաբաղյան երկրորդ պատերազմն է՛լ ավելի մեծ սրություն է տվել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններին, այն նաև նոր թափ է հաղորդել Վրաստանի հետ փոխհարաբերությունների հանրային դիրքորոշումներին և քննարկումներին։
Վրաստանն իր աշխարհագրական դիրքի բերումով մշտապես միջնորդ է եղել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ու չի թաքցրել արտաքին քաղաքականության իր արևմտյան կողմնորոշումը[4]։ Խորհրդային անցյալը՝ գաղութատիրական, իսկ ներկան «եվրոպական ընտանիքի» անբաժանելի մաս համարող Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունները թեև ոչ բացահայտ, սակայն դեռևս խորհրդային անցյալից ժառանգված մշակութային և քաղաքական մրցակցության տրամաբանության շրջանակում են։ Եթե ընդհանրացնենք, ապա հայ-վրացական հարաբերությունները երկուստեք մշտապես սահմանվել են որոշակի «վերապահումներով»։ Մենք նկատում ենք, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում Վրաստանի դիրքորոշումների կամ գործողությունների մեդիա ներկայացումները և մեկնաբանությունները էապես ազդել են հանրային շերտերի ըմբռնումների վրա՝ առավել ցայտուն դարձնելով հայ-վրացական հարաբերությունների «անառողջ» բնույթը (Լիպարիտեան, 2022):
Ներկայում Վրաստանի հետ ունեցած հարաբերությունների հանրային ընկալումները և ձևակերպումները եզրագծվում են պատերազմի ժամանակ նրա չցուցաբերած աջակցության բարոյական նարատիվով։ Միաժամանակ պատերազմի զոհի և պարտվածի տեսանկյունից աջակցության տրամադրումը ձևակերպվում է իբրև ինքնըստինքյան ենթադրելի՝ հիմնականում չանդրադառնալով պատերազմին նախորդած տարիներին Հայաստան-Վրաստան հարաբերությունների բնույթին, դրանք սահմանադրող գործոններին։
«Ասենք, Վրաստանի հետ ի՞նչ հարաբերություն պահես, եթե պատերազմի ժամանակ ճանապարհ էր փակել, չէր թողնում, որ Ռուսաստանից զենքը, զինամթերքը, թեկուզ շտապօգնության մեքենաները գային Հայաստան։ Կամ հիմա մեր ծիրանների պահով նորից ճանապարհ փակեցին, ու ամբողջը փչացավ»։
54-71 տարեկան կին, Արտաշատ, Արարատի մարզ
Հայաստանի դերը տարածաշրջանում
Տարածաշրջանի, մասնավորապես՝ Հարավային Կովկասի երկրների մասին խոսելիս պետք է շեշտել, որ չնայած դրանց վարած արտաքին և անվտանգային, ներքին և սոցիալ-տնտեսական քաղաքականությունների տարբերություններին՝ դրանք բարդ և խրթին կապերով միահյուսված են։ Լինելով փոքր պետությունների տարածաշրջան[5]՝ Հարավային Կովկասի երկրները զգայուն են և մեծապես ազդվում են համաշխարհային իրադարձություններից, ազդեցիկ ու խոշոր պետությունների քաղաքականություններից, հեշտությամբ ենթարկվում են ցնցումների (Լիպարիտեան, 2022): Թեև հենց այս պարագայում է՛լ ավելի կենսական է թվում տարածաշրջանային համագործակցությունների անհրաժեշտությունը, մենք նկատում ենք, որ գործ ունենք տարածաշրջանային մտածողության բացակայության կամ այդպիսի մտածողության փխրունության հետ։ Ըստ էության՝ տարածաշրջանին ավելի բնութագրական են առանձին պետությունների միջև երկկողմանի հարաբերությունները, որոնք կարող են լինել նաև հիերարխիկ՝ ի հակադրություն պետությունների միջև փոխհամագործակցային և ավելի լայն՝ տարածաշրջանային հարաբերությունների։
Թեև տարածաշրջանային վերլուծությունները և գնահատականները թողնված են քաղաքագետներին, տեղական ու միջազգային փորձագետներին, որոնք հատկապես Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տիրապետող դիրք ունեն հայաստանյան մեդիայում, մեզ` իբրև սոցիոլոգների, կարևոր է թվում տարածաշրջանի հանրային ըմբռնումների բացահայտումը:
Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ հանրային տարբեր շերտեր տարածաշրջանի շուրջ իրենց դատողություններում հենվում են շահի և ազդեցությունների կատեգորիաների վերլուծության, տարածաշրջանում մասնավորապես Ռուսաստանի դերակատարման և Հայաստանի քաղաքական սուբյեկտության չափի վրա։ Ղարաբաղն ըմբռնվում է իբրև ռուսական շահի և ազդեցության գոտի, իսկ Ռուսաստանին վերագրվում է թե՛ պատերազմը հրահրողի, թե՛ «անխուսափելի» ռազմավարական դաշնակցի դերը, որի հետ թակարդային հարաբերությունների վատթարացումը կարող է Հայաստանի համար կործանարար լինել։ Դժվար չէ նկատել, որ սա ոչ միայն հանրային, այլև գերակա քաղաքական մտայնություն և դիսկուրս է Հայաստանում, որ երևան է բերում հանրայինի և քաղաքականի անմիջական կապը։
Այս տեսանկյունից ամբողջ Հարավային Կովկասը հանրային ընկալումներում խոշորապես ռուսական վերահսկողության տարածք է պատկերվում, որտեղ մեծ դերակատարում ունի նաև Թուրքիան։ Այսպիսով՝ Հայաստանը պատերնալիստական և ենթակայական հարաբերությունների մեջ է Ռուսաստանի, իսկ Ադրբեջանը և Վրաստանը՝ Թուրքիայի հետ։ Այս ենթակայական հարաբերություններից, սակայն, դուրս է Իրանը։
«Հարևան երկիրը Թուրքիան է, որի հետ չունենք հարաբերություն։ Հարևան է Ղարաբաղը՝ չունենք ոչինչ, Վրաստանը մի օր լավ է, մի օր վատ է։ Գերտերություն մնաց Իրանը, էն էլ Աստված գիտի՝ նրա խելքին երբ ինչ կփչի»։
36-53 տարեկան կին, Արմավիր, Արմավիրի մարզ
Տարածաշրջանում ենթակա և քաղաքական սուբյեկտությունից զուրկ ընկալվող Հայաստանը, ըստ հանրային տարբեր շերտերի, ներգրավված չէ առհասարակ և մասնավորապես իրեն վերաբերող որոշումների կայացման գործընթացում, ստորակա դիրքում է տարածաշրջանային մյուս պետությունների հետ հարաբերություններում։
«Իրանի հետ նորմալ է, Վրաստանի հետ էլ կարելի է ասել՝ նորմալ է։ Ադրբեջանն է մեր հիմնական խնդիրը։ Ռուսաստանին գնահատում եմ լավ։ Այսօր իր պաշտպանները չլինեին, ի՞նչ կլիներ Արցախի, Հայաստանի վիճակը։ Բայց իմ կարծիքով սա Ռուսաստանի թեման է, Ռուսաստանը ոնց ասում է, մեր ղեկավարությունը տենց էլ շարժվում է»։
54-71 տարեկան կին, Վարդենիս, Գեղարքունիքի մարզ
«Տարածաշրջանում ո՞վ է Հայաստանի կարծիքը հաշվի առնում… Թելադրում են [Հայաստանին]»։
36-53 տարեկան կին, Արմավիր, Արմավիրի մարզ
Հաշվի առնելով կախյալության հանգամանքը՝ տարածաշրջանում Հայաստանի և Վրաստանի միջև փոփոխական և անկայուն, իրավիճակային հարաբերությունների հիմքում դրվում են արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները։
«Վրաստանի հետ շատ խառն են հարաբերությունները, քանի որ երկու երկրները շատ տարբեր հայացքներ ունեն․ Վրաստանը՝ դեպի ՆԱՏՕ, իսկ Հայաստանը՝ դեպի ՀԱՊԿ, ԱՊՀ։ Դրա համար իրենք միշտ կոնֆլիկտների մեջ են ընկնում, ու այնպես չէ, որ իրենց էս հարաբերությունները իրենցից է կախված․ իրենց թելադրող ուժերից է կախված՝ կոպիտ ասած»։
18-35 տարեկան տղամարդ, Չարենցավան, Կոտայքի մարզ
Հենվելով մեր հետազոտության վրա՝ կարող ենք պնդել, որ հանրային լայն շերտերի շրջանում տիրապետող է Հայաստանի և հայերի՝ իբրև «զոհի», առանց դաշնակիցների և թշնամական միջավայրում գոյատևողների ըմբռնումը։ Առանցքում էսենցիալիստական և պատմական դետերմինիզմի մտածողությունն է, որի ներքո Հայաստանն ըմբռնվում է իբրև «գիշատիչ հարևանների» կողմից մշտապես ճնշումների ենթարկվող պետություն։ Տարածաշրջանային հարաբերություններում շարունակաբար «ճնշվածի» կամ «զոհի» վիճակում լինելը մարդիկ մեկնաբանում են Հայաստանի աշխարհագրական դիրքով, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պարտությամբ և դրանից հետո սահմանային լարվածություններով, տարածքային կրճատումների հետևանքով հնարավոր շրջափակման մեջ հայտնվելու վախերով։
Աշխարհագրական դիրքի պատճառով է նաև, որ Հայաստանն ընկալվում է իբրև պատերազմների թատերաբեմ և գերտերությունների ձեռքում խաղալիք՝ թույլ, փոքր պետություն։ Հակամարտությունների և «պատերազմների խաչմերուկում» գտնվող Հայաստանի դերի ընկալումը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո շրջանակվում է «միջանցք տրամադրողի» քաղաքական նարատիվով։ Այս մի իմաստով անելանելի ընկալվող համատեքստում, սակայն, տարածում ունի նաև ճնշվածի, պարփակվածի դրության հաղթահարման անհրաժեշտության հանրային դիսկուրսը, որ առավելապես կապվում է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու, զարգացման ուղիները բազմազանելու անհրաժեշտության հետ։
«Մենք մնացել ենք խաչմերուկ, բայց մեզ չեն զարգացնում՝ հաշվի առնելով, որ հնարավոր ա՝ մեր տարածաշրջանում անընդհատ փոփոխություններ լինեն։ Նույն խաչմերուկը տարածաշրջանում ենք։ Բոլորս էլ գիտենք՝ Կովկասի հատման տեղում ենք։ Բոլոր ճանապարհները նորից մեր մոտով են անցնում, մեզանով են անցնում, բայց էլի վախենում են՝ մեզ մոտ ինչ-որ առաջ գնացած զարգացում տեսնեն՝ մտածելով, որ կարող ա ինչ-որ բան հետագայում պատահի, և ամբողջ ներդրումը փոշիանա»։
36-53 տարեկան տղամարդ, Թումանյան, Լոռու մարզ
Զոհականացման գերակա մտայնությունը էականորեն սահմանափակում է Հայաստանին՝ այլ քաղաքական սուբյեկտների հետ փոխհարաբերություններում իբրև պատասխանատու կողմի և ոչ թե հարատև զոհի տեղայնացնելու հնարավորությունը՝ շարունակաբար վերարտադրելով արտաքին ուժերից կախյալության, սեփական անզորության ընկալումը։
Արտաքին դերակատարներից կախյալության անելանելիության ընկալումը բյուրեղանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների հանրային վերլուծություններում։ Նկատում ենք, որ առավել տարեց հանրային շերտը Ռուսաստանի հետ հարաբերությունները ձևակերպում է իբրև կեղծ դաշնակցային, անհավասար, կախյալ և անցանկալի, բայց դրանց վատթարացումը դիտում է վերահաս անվտանգային մարտահրավերներով հղի։ Այս կերպ վերարտադրվում և լեգիտիմացվում է Ռուսաստանի՝ ուժի և ենթակայեցման քաղաքականությունը նաև հանրային մակարդակում։ Այս առումով ակներև է, որ տարիներ շարունակ Ղարաբաղի և Հայաստանի անվտանգությունը Ռուսաստանի գերիշխմամբ արդարացնելու հատկապես երկրորդ և երրորդ նախագահների քաղաքականություններն իրենց տեղն են գտել հանրային մտածողության մեջ։ Երիտասարդների շրջանում Ռուսաստանի հանդեպ քննադատությունը շատ ավելի ուղիղ է, իսկ ռուսական ազդեցությունից դուրս գալու հարցը՝ հրատապ՝ իբրև Հայաստանի ինքնիշխանության և անկախության հնարավորություն։ Տարածաշրջանում իբրև Ռուսաստանին հակակշիռ փաստարկվում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն իր հետևանքներով։
«Ռուսաստանն ամեն ինչ անում է՝ իր շահերից ելնելով։ Ոչ մեկիս սիրուն աչքերի, ղարաբաղցու սիրուն աչքերի համար չէ։ Իրան պետք էր իր խաղաղապահ ուժերը դնել Ղարաբաղում, սկսեց պատերազմը, էդքան անմեղ զոհեր [եղան]։ Բայց մեր միակ հույսը էլի Ռուսաստանն ա՝ մեր սպիտակ թշնամին։ Եթե հիմա մենք ուզենանք, ձեռք մեկնենք ուրիշ պետության, կընկնենք Ուկրաինայից վատ վիճակի մեջ»։
54-71 տարեկան կին, Վարդենիս, Գեղարքունիքի մարզ
«Ինձ համար ամենավտանգավոր հարաբերությունները Ռուսաստանի հետ հարաբերություններն են։ Դարեր շարունակ ինչքան որ մեր կողքին են եղել, եղել են մեզ կործանելու, մեզ ծախելու նպատակով։ Ամենամտահոգիչը ռուսն է։ Էս դեպքում ավելի լավ է թուրքի հետ, քան ռուսի»։
18-35 տարեկան կին, Երևան
Հանրային քննարկումներում տարածաշրջանում հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման հարցը աշխարհաքաղաքական ազդեցությունների մակարդակից զատ իմաստավորվում է նաև ներհայաստանյան քաղաքական դաշտի շերտում։ Ներքաղաքական համախմբածությունը[iii] և հանուն պետական շահի գործելը տարածաշրջանում հարևան պետությունների հետ հարաբերությունների կարգավորման նախադրյալներից մեկն է սահմանվում։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո «ներքին դավաճանների» և «հողերը ծախածների» փնտրտուքի առանցքի շուրջը տարամիտված ներքաղաքական դրությունը հանգեցրել է խոր հանրային հոգնածության։ Այս համատեքստում տարածաշրջանային հարևանների հետ լեզու գտնելու կարողությունը հանրությունը բխեցնում է ներքաղաքական հաշտության հասնելու հնարավորությունից։ Այս փուլը հաղթահարելու շնորհիվ հնարավոր է անդրադառնալ երկրից դուրս, տարածաշրջանում այլ հարևան պետությունների հետ հարաբերություններին ու դրանց կարգավորմանը։
ԱԱյս տեսակետին հակառակ՝ գոյություն ունի «ցանկալի» տարածաշրջանի պատկերացումը, որտեղ Հայաստանն է՝ քրիստոնյա պետություններով շրջապատված։ Ի դեպ, կրոնական պատկանելության հարցը երբեմն դառնում է տարածաշրջանային հարաբերությունների բնույթի ձևակերպման մեկնակետ, ըստ որի՝ քրիստոնյա և մուսուլման հասարակությունների միջև անվստահության առաջացումն ավելի հավանական է:
«Մուսուլմանական պետություններով շրջափակված պետություն ենք։ Ներսից պետք է ուժեղանանք»։
36-53 տարեկան տղամարդ, Թումանյան, Լոռու մարզ
Տարածաշրջանային հարաբերությունների շուրջ քննարկումներում հաճախ է առաջ գալիս խորհրդային անցյալի համատեքստը, հատկապես Ադրբեջանի հետ համակեցությունը վերհիշելիս։ Այդուհանդերձ, ինչպես խորհրդային տարիներից ժառանգած, այնպես էլ երբեմնի հաղթանակածի դիրքով շրջանակված վերհուշերում Խորհրդային Միության տարիները հոժարությամբ են դառնում հղման կետ՝ իբրև Ադրբեջանի նկատմամբ գերիշխող դիրք ունենալու Հայաստանի պատմական շրջափուլ, համակեցություն, որ հենված էր մեր մշակութային գերակայության վրա։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի հետ խաղաղ համակեցության հանրային ըմբռնումները հիմնականում արմատացած են, սակայն արմատական-մերժողական տեսակետների կողքին կան նաև նման դիրքորոշումները քննադատող ձայներ՝ ադրբեջանական հասարակությանը ապրումակցելու, երկու հասարակությունների համար պատերազմի ողբերգական հետևանքները զուգահեռելու փորձեր։
«Հիմա էնտեղ [Ադրբեջանում] էլ կան, չէ՞, զոհվածների ծնողներ… Բնականաբար էդ պատերազմը նրանց էլ չէր կարող ձեռք տալ»։
36-53 տարեկան կին, Արմավիր, Արմավիրի մարզ
«Էն անգամ ժողովուրդը [Ադրբեջանում] ասում էր՝ ես ուզո՞ւմ եմ, որ իմ երեխան գնա կռվի, չէ՛, չեմ ուզում։ Դուք ղեկավարությանը կպեք, մեզ հետ գործ չունեք։ Հիմա թե՛ հայի, թե՛ վրացու, թե՛ ադրբեջանցու դեպքում ղեկավարությունն է անում [հրահրում], ժողովուրդը մեղավոր չէ»։
54-71 տարեկան կին, Երազգավորս, Շիրակի մարզ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հանրային ընկալումները
Տարածաշրջանում հարևան երկրների հետ ունեցած հարաբերությունների տեսանկյունից առանձնահատուկ ուշադրության են արժանի հայ-թուրքական հարաբերությունները և դրանց հանրային ընկալումները պատմական զարգացման և Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո սկսված կարգավորման նոր շրջափուլի համատեքստում։
Թեև Թուրքիան առաջին պետություններից էր, որ 1991 թ. ճանաչեց Հայաստանի անկախությունը, սակայն երկու երկրների միջև մինչ օրս դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն[iv]։ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Թուրքիայի պայմաններից մեկը Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դադարեցումն ու 1921 թ․ Կարսի պայմանագրով հայ-թուրքական սահմանի ճանաչումն էր[6]։
Հիշողության քաղաքականությունները կարող են մոռացության տալ նույնիսկ ոչ վաղ անցյալի պատմությունը։ 2008 թ․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ (առավել հայտնի է որպես «ֆուտբոլային դիվանագիտություն»), որի արդյունքում 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները[7]:
2008-ից ձեռնարկված կարգավորման գործընթացը հաջող ավարտ չունեցավ ներքին և արտաքին տարբեր պատճառներով, որոնք, թերևս, քաղաքագետների և պատմաբանների վերլուծության առարկան են։ Այստեղ նշենք, որ այդ շրջանում Ցեղասպանության ճանաչման նախապայմաններից հրաժարվելու հարցը կրկին արդիացել էր հանրային-քաղաքական դիսկուրսում, հայդատականության քաղաքականություններից սնվող դավաճանության և «թուրքացման» դիսկուրսները ևս գերակա էին։ 2014 թ. Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, որի ժամանակ, ըստ էության, հռչակեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձախողումը՝ հայտարարելով, որ Թուրքիայի նախապայմանը «Լեռնային Ղարաբաղը՝ ազատ Արցախը, Ադրբեջանին հանձնելն է», որին մարդկանց (ո՞ր մարդկանց) արձագանքը պարզ է՝ «գրողի ծոցը վավերացնեք»[8]: Արդեն 2018 թ․ մարտի 1-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվեց հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը[9]։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին աջակցությունն ու թուրքական զորքերի, զինվորական հրամանատարական կազմի ներգրավվածության մասին տեղեկությունը հանրային ատելության և բարկության նոր ալիք բերեցին։
Ադրբեջանն ու Թուրքիան, ադրբեջանցուն և թուրքին նույնացնելու տիրապետող քաղաքականությունները է՛լ ավելի մեծ թափ ստացան պատերազմի հետնախորքում՝ ամրապնդելով տարածաշրջանում միայնակ և անդաշնակից լինելու հանրային սենտիմենտը։ Չնայած Ցեղասպանության տրավմային և Թուրքիայի կողմից այն չճանաչելուն՝ Ղարաբաղյան կոնֆլիկտը շարունակում է մնալ Թուրքիան ու Հայաստանը բաժանող, սահմանները փակ պահող հիմնական պատճառը։
«Չի կարելի ադրբեջանցուց առանձնացնել թուրքին։ Նույն ձև ենք տեսնում․ նույն դրոշի, նույն բնույթի տակ ենք տեսնում»։
18-35 տարեկանկին, Մեղրաձոր, Կոտայքի մարզ
Տարիների դադարից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման քաղաքական գործընթացը նոր հուն մտավ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից, մասնավորապես 2021 թ․ հունիսին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից նախագահի տեղակալ ընտրված Ռուբեն Ռուբինյանը այդ պաշտոնում ստանձնեց հայ-թուրքական բանակցությունների հատուկ ներկայացուցչի գործառույթը[10]։ Հարաբերությունների կարգավորման գործընթացի այս նոր փուլը հանրային-քաղաքական քննարկումների և քննադատության ալիք բարձրացրեց։ 2023 թ․ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին, ավերիչ երկրաշարժից հետո հումանիտար աջակցություն տրամադրելու նպատակով առաջին անգամ տևական ընդմիջումից հետո Հայաստանը Թուրքիային կապող ավտոճանապարհը կարճ ժամանակով բացվեց. Մարգարայի կամրջով Հայաստանը հումանիտար աջակցություն ուղարկեց աղետից տուժած Ադիյաման քաղաք, որտեղ աշխատում էր հայ փրկարարների խումբը։ Մնում է սպասել, թե արդյոք քաղաքական, դիվանագիտական և հումանիտար այս քայլը կարո՞ղ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, մասնավորապես սահմանների բացման հարցում շոշափելի նպաստ ունենալ։
Մեր հետազոտությունը երևան է բերում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ հանրային զգուշավորություններ և տագնապներ, որոնք շրջանակված են տնտեսական, քաղաքական և մշակութային ոլորտների «գրավման» վախով, որը երբեմն սնվում է առօրյա դավադրապաշտական տեսություններից։ Միաժամանակ պատմական անցյալը, Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը չճանաչելը, «թուրքը մնում է թուրք» իդեոլոգեմիզացված հանրային մանթրան սահմանափակում են հասարակության հնարավորությունը՝ ժամանակատեղելու հայ-թուրքական հարաբերությունները պատմական ու քաղաքական ներկայում։ Թուրքերի՝ իբրև հավաքականության հանդեպ հանրային դիրքորոշումը երևան է բերում էսենցիալիստական մտակառուցվածքների և հարատև թշնամության գերակայության հիմնախնդիրը՝ «երբե՛ք չի կարգավորվի», «սուտ է ու չի լինի», «Թուրքիայի հետ ի՞նչ հարաբերություններ կարգավորես, եթե մեր թշնամին է»:
Այդուհանդերձ, տարածված է նաև հանրության՝ ներկան անցյալից տարանջատելու փորձը։ Անցյալի նշանակալիությունը մատնանշելով՝ առանցքային է մեկնաբանվում դրա ազդեցության նվազեցման հրամայականը ներկա հարաբերությունների զարգացման և առաջընթացի գործում։
«Սահմանները բացեն, Հայաստան-Թուրքիա ազատ ելք ու մուտք, առևտուր [լինի]։ Ասում ես՝ Ցեղասպանությունը չես ների, չէ՞, ասում ես, պահանջում ես՝ ճանաչի՛, բայց դա հիմիկվա էս բանի հետ չպետք է կապես։ Պետք ա զարգանանք, սերունդը զարգանա, շրջափակման մեջ ենք։ Եթե ասենք՝ մենք էդքան զոհ ունենք, իրանք էլ զոհ ունեն, ավելի շատ զոհ ունեն։ Չպիտի իրար հետ համեմատեն»։
54-71 տարեկան կին, Կապան, Սյունիքի մարզ
Միաժամանակ Թուրքիայում հայկական համայնքի գոյությունը, Թուրքիայի ներսում երկու ժողովուրդների համակեցությունը թեև հազվադեպ, բայց քննարկման շոշափելի հարց է հանրային որոշ շերտերի համար, որ գալիս է նպաստելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորության պատկերացմանը։
«Պատերազմի ընթացքում էնտեղ ապրողներին հարցնում էինք՝ լարվածություն կա՞, ասում էին՝ էն, ինչ կա, ղեկավարների մեջ է, ոչ թե հասարակ ժողովրդի։ Ասում էին՝ մենք ընդհանրապես չենք զգում տարբերություն»։
36-53 տարեկան կին, Արմավիր, Արմավիրի մարզ
Հարաբերությունների կարգավորման մերժողականությունը նվազում է, երբ կարգավորման հարցը շրջանակվում է ժողովրդի և պետության տնտեսական դրության բարելավմամբ, տնտեսական կապերի աշխուժացմամբ։ Հանրության համար հաճախ ընդունելի և նույնիսկ կարևոր է տարածաշրջանում և աշխարհում տնտեսապես հզոր երկրի հետ հարաբերությունների կարգավորումը։
«Լարսը կմոռանանք [ապաշրջափակման արդյունքում]… Պարտք կանեմ, վիզ կդնեմ, 5-10 հեկտար կարտոֆիլ կցանեմ։ Աշունը 80-100 տոննա կքանդեմ, կբերեմ մեր տուն, կկապեմ, կդնեմ ֆուռի մեջ, կքշեմ, կհասնեմ Պարսկաստան, Նախիջևանով կմտնեմ Թուրքիա, կվաճառեմ, կգամ»։
36-53 տարեկան տղամարդ, Լճաշեն, Գեղարքունիքի մարզ
Այս համատեքստում հանրության համար է՛լ ավելի գերակա է դառնում իշխանությունների դիվանագիտական կարողությունների հարցը։ Այս առումով հանրային վրդովմունքի առարկա են հատկապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչների անփորձությունն ու տարիքը՝ ի հակադրություն թուրք փորձառու դիվանագետների։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տնտեսական ասպեկտը թեև առավել իրատեսական է հանրության համար, միաժամանակ ազգային վախերի ու մտահոգությունների հերթական շերտն է բացահայտում․ սահմանի բացման հետևանքով Հայաստանի փխրուն տնտեսության ոչնչացումը դիտվում է իբրև հնարավոր սցենար։ Միաժամանակ տնտեսական հարաբերությունների կարգավորումից չի բխեցվում հաշտությունը կամ հարևանական համակեցությունը․ թուրքի հետ զգուշավորության մտայնությունը տիրապետող է։
Տարածաշրջանում հարևան երկրների հետ հարաբերությունների ողջ գունապնակը հաշվի առնելով՝ հանրային դիսկուրսը կառուցվում է իրապաշտականության գերակա տեսակետի շուրջ, որ, անկախ բարեկամական, դաշնակցային կամ ոչ այդքան համագործակցային հարաբերություններից, յուրաքանչյուր երկիր առաջնորդվում է սեփական շահով և այդ հարաբերություններից ունեցած օգուտով։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ հանրային որոշ խմբեր սկզբունքային են համարում Հայաստանի արտաքին քաղաքականության բազմազանեցումը։ Հատկապես երիտասարդները, որոնք մտածում են, որ տարածաշրջանային փակ սահմաններն անհեռանկարային են, կարևորում են Հայաստանի՝ տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Իհարկե, տարածված են նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ ցանկացած բնույթի հարաբերություն մերժելու հանրային տրամադրությունները։
«Պետք է դիվանագիտական հարաբերություններ ստեղծել և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ՝ հա՛մ պատերազմից խուսափելու համար, հա՛մ էլ ուղղակի խաղաղության մեջ ապրելու»։
18-35 տարեկան տղամարդ, Չարենցավան, Կոտայքի մարզ
Մարդկանց փորձից ու նաև տարիքից կախված՝ գոյություն ունի նաև այն հստակ դիրքորոշումը, որ տարածաշրջանում հարևանների հետ հարաբերություններ կառուցելը անխուսափելի է, իսկ դրա մերժումը՝ ոչ տրամաբանական։ Պատմական անցյալը ներկայի վրա արտապատկերելը սահմանափակում է տարածաշրջանային հարաբերությունների կարգավորման ուղիներ փնտրելու և զարգանալու հնարավորությունները։
«Գերմանիան ստրատեգիական գործընկեր չի, Ամերիկայի հետ աշխարհագրական շփման գիծ չունենք, կետ չունենք։ Դու, ուզես-չուզես, քո մոտակա հարևանների հետ պետք է լեզու գտնես, դե մեր հարևաններն էլ այնպես է ստացվել, որ իրենք են։ Մեզ դիվանագետներ են պետք»։
36-53 տարեկան կին, Իջևան, Տավուշի մարզ
Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման և վերաբացման հարցերը
Ապագայում տարածաշրջանային հարևանների հետ հաղորդակցությունների ապաշրջափակման և վերաբացման հարցերը հանրությունը շրջանակում է օգուտի և վնասի կատեգորիաներով։ Եթե Թուրքիայի և Ադրբեջանի շուրջ առավել ընդհանուր դատողությունների մակարդակում տիրապետող են թշնամության, զոհականության և ճակատագրապաշտության առանցքները, ապա սահմանների վերաբացման և հետևապես ժողովրդի սոցիալ-տնտեսական դրության բարելավման հեռանկարը իրական և շոշափելի է դարձնում հարևանության հնարավորությունը, դարձնում է այն գործնականում դրական և նյութական։ Թեև հարևանների հետ տնտեսական հարաբերությունների կառուցումն ընդհանուր առմամբ հանրության համար ընդունելի է, բայց անհրաժեշտաբար չի ենթադրում պատմականորեն բեռնավորված հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մոտալուտ հաշտեցում։
«Բարեկամացում միանշանակ չի լինելու, որովհետև էն սերունդը, որը տեսել է ներկայիս քաղաքական իրավիճակը, միանշանակ դեմ է լինելու։ Դա շատ պարզ բան ա։ Բայց պետությունն էս պահին փորձում է Հայաստանը դեպի մի վիճակի տանել, որ էս ամեն ինչի մեջ մի միջանկյալ լուծում լինի։ Այսինքն՝ եթե պետությունը փորձում է ճանապարհ բացել կամ հասնել դիվանագիտական հարաբերությունների, ժողովրդի կողմից դա միանշանակ դիտվելու ա բացասական, համարվելու է բարեկամացման փորձ»։
18-35 տարեկան տղամարդ, Շինուհայր, Սյունիքի մարզ
Այսպիսով՝ ապաշրջափակման և սահմանները բացելու հարցը հանրային դիսկուրսում առավելապես պրագմատիկ ձևակերպում ունի․ այն դիտվում է որպես վերահաս պատերազմ[ներ]ը կանխելու, դրանցից խուսափելու եղանակ։ Տնտեսական շրջափակումից ազատագրումը, ըստ հանրային դիրքորոշումների, կվերադարձնի Հայաստանին տարածաշրջանում կապող օղակի երբեմնի դերը՝ հանգեցնելով նաև անվտանգության բարելավմանը։ Մի կողմից` նվազ զիջումների գնով տարածաշրջանում սահմանների վերաբացումը ձևակերպվում է որպես Հայաստանում կայունություն հաստատելու պայման, մյուս կողմից՝ զիջումները պատմաքաղաքական տարբեր իրադարձությունների համատեքստում դիտվում են իբրև Հայաստանի ներկա խեղճացած դրության հիմնական պատճառ։
«Թեպետ մի սանտիմետր հողն էլ շատ մեծ նշանակություն ունի, սահմանագծում են ուզում անցկացնել, մենք հստակ պատկերացնում ենք, որ դրա արդյունքում կորցնելու ենք ինչ-որ բան, բայց գոնե ձեռք ենք բերելու կայունություն, որի հիմքի վրա էլ կարող ենք ինչ-որ բաների հասնել»։
18-35 տարեկան կին, Մեղրաձոր, Կոտայքի մարզ
Չնայած որոշ բացառությունների՝ ապաշրջափակման ու հասարակությունների հարաբերությունների հաստատման հարցերն ավելի հեշտպատկերացնելի են սահմանամերձ համայնքներում ապրող մարդկանց համար։ Սա, իհարկե, չի նշանակում, թե նրանք չունեն անհանգստություններ և տագնապներ՝ ապաշրջափակումից բխող փոփոխություններով և անորոշություններով պայմանավորված։ Սակայն սահմանամերձ համայնքներում հարևան ժողովուրդների հետ մարդկանց նախկին համակեցության փորձառությունը, փոխկապված կյանքի պատմությունները հանրություններին ավելի են մոտեցնում, իսկ երբեմնի հարաբերությունների վերականգնումը առավել իրական է դառնում։ Ավելին՝ սահմանամերձ համայնքների բնակիչներն իրենց ամենօրյա կենսապայմանների և սոցիալ-տնտեսական անհավասարության ու անարդարության խորքից են ձևակերպում փակված սահմանների բացասական հետևանքները։ Ապաշրջափակումը սատարող հանրային դիրքորոշումները մասնավորապես հիմնավորվում են առևտրաշրջանառության աճով, ինչը կարող է բարելավել Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը և նպաստել տարածաշրջանի՝ իրապես քաղաքական սուբյեկտ դառնալուն։
«Կոմունիկացիաները որ բացվեն, ամեն ինչ նորմալ կլինի։ Թեկուզ առևտրային շարժը, տրանսպորտով շարժը, ուզի-չուզի, ժողովրդին կկապի իրար։ Որպեսզի քո մեքենան չանցնի այս ճանապարհով, ու ինչ-որ մի բան պատահի, Հայաստանում չառգրավեն [մեքենան], ուզի-չուզի, մի պետությունը մյուսի հետ պետք է բարեկամանա, թեկուզ տակից, ոնց մենք ենք ասում, ու ամեն ինչ նորմալ կլինի, մենակ կոմունիկացիաները բացվեն, լավ կլինի»։
36-53 տարեկան կին, Իջևան, Տավուշի մարզ
«Ճանապարհներ պետք է լինեն, որովհետև եթե մենք չբարիշենք, չհամաձայնենք, էս թշնամությունն անվերջ գնա, երեխեքին էլ կկոտորեն, մեր գերիներին էլ էնտեղ կվերացնեն»։
54-71 տարեկան կին, Վարդենիս, Գեղարքունիքի մարզ
Միաժամանակ հանրության շրջանում տարածված է նաև հայաստանյան և ղարաբաղյան քաղաքական և ռազմական կլանների մշակած և այլևայլ միջոցներով հասարակության շրջանում ամրապնդած մտայնությունը, համաձայն որի՝ Հայաստանը շրջափակման մեջ չէ, և երկրի սոցիալ-տնտեսական ու քաղաքական զարգացման համար բավարար են Վրաստանի և Իրանի հետ բաց սահմանները։ Այսպիսով՝ տարիներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների վերաբացմանը հայաստանյան և ղարաբաղյան քաղաքական ու ռազմական վերնախավերը հակադրել են թուրքի նկատմամբ վախը։ Թուրքի նկատմամբ վախով է նաև լեգիտիմացվել Ռուսաստանի՝ իբրև Հայաստանի միակ հնարավոր պաշտպանի դերը։ Միաժամանակ սահմանների վերաբացումը հանրության այս շերտի կողմից շրջանակվում է իբրև Ադրբեջանի «ցանկություն» կամ պարտադրանք՝ լայն իմաստով ուժի գործադրում պարտվածի վրա։
«Մենք շրջափակված չենք, մենք ունենք Իրանի հետ սահման, մենք ունենք Վրաստանի հետ սահման, կարող ենք դա օգտագործել, դա ավելի անվտանգ է ու կոլապսի չի տանում։ Դրա համար պետք է լինեն փակ ճանապարհներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, պետք է լինեն բաց ճանապարհներ Վրաստանի, Իրանի հետ, ավելի զարգանա այդ ուղղությամբ, որովհետև եթե մենք չունենք առաջարկելու բան, մենք կոլապսի ենք գնում»։
18-35 տարեկան տղամարդ, Գյումրի, Շիրակի մարզ
Սահմանների բացման առնչությամբ հանրային մտահոգությունների մեկ այլ շերտ է սոցիալական արդարության խնդիրը․ մարդիկ մտահոգ են, որ ապաշրջափակումը ոչ թե կբարելավի հասարակ ժողովրդի, բանվոր դասակարգի սոցիալ-տնտեսական դրությունը, այլ կհանգեցնի օլիգարխների և բիզնեսմենների առաջխաղացմանը, հարստացմանը, նրանց ձեռքում խոշոր կապիտալի կուտակման ընդարձակ հնարավորություններ կստեղծի։
Հանրային այս բոլոր մտահոգությունները Ղարաբաղյան երկրորդ պատերազմի տրավմայի, սպառնացող պատերազմ[ներ]ի ու էսկալացիաների վտանգի, ուժ և սպառնալիքներ գործադրող Ադրբեջանի քաղաքականությունների հետևանքն են նաև․ քաղաքական մեծ գործընթացները տեղի ունեն հանրային անհանգստություններին ու վախերին զուգահեռ՝ ընդհանուր առմամբ թուլացած ու փխրուն վստահության հենարանների հետնախորքում։
«Քանի դեռ մեր սահմաններում չակերտավոր խաղաղությունը չկա, այսինքն՝ մարդկանց մեջ դեռ վախ կա, որ ամեն րոպե նորից կսկսվի [պատերազմ]… Մարդկանց մեջ այդ խաղաղությունը պետք է լինի, որ հանգստանան, բայց ժամանակ առ ժամանակ կրակոցներ կամ ինչ-որ դեպքեր են լինում, և մարդկանց մոտ փոթորկում է [պատերազմի] վախը… Եթե հիմա չկա խաղաղություն, բաց սահմանները ո՞նց կարող են ապահովել։ Մենք հնարավորություն ենք տալիս մեր հակառակորդին, որ ավելի հեշտությամբ ներխուժի մեր սահմանները»։
36-53 տարեկան կին, Իջևան, Տավուշի մարզ
Վստահությունն ընդհանուր առմամբ խոցելի է ինչպես ներքաղաքական մակարդակում, այնպես էլ տարածաշրջանային հարևանների առնչությամբ։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը թարմացրել է տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ անվստահությունը և սրել անվտանգային հարցերը։ Սակայն զուգահեռաբար ավելի օրհասական է դարձել նաև տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման հարցը՝ որպես տնտեսական զարգացման նախապայման։
«Բարդ խնդիր է։ Անվտանգության երաշխիք ենք ուզում, ես հասկանում եմ, որ երկաթգծի բացելը բոլորին անհանգստացնում է, այնպես չէ, որ ինձ չի անհանգստացնում, այդ անվտանգության երաշխիքը բոլորն էլ ուզում են, բայց նաև դրա մեջ ինչ-որ դրական բան էլ պետք է տեսնենք, ինչ-որ տնտեսական կապերի ակտիվացում վերջապես։ Այդ երկաթգիծը գա-գնա, ինչ-որ աշխատատեղեր են, ապրանքի փոխանակություն և այլն, ինչ-որ դրական բան կա սրա մեջ, եթե կարողանանք անվտանգության հարցը ճիշտ կազմակերպել»։
36-53 տարեկան, կին, Իջևան, Տավուշի մարզ
Վերլուծության հեղինակ՝ Մարիամ Խալաթյան
Խմբագիր՝ Արփի Մանուսյան
Քարտեզը և պատկերների կոնցեպտուալ մշակումը՝ Հարություն Թումաղյանի
Գրականություն
1․ Լիպարիտեան, Ժ․ (2022). Հայաստանի երրորդ հանրապետութիւն, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն. Նիւթեր պատմութեան համար․ Անտարես։
2․ Խառատյան, Լ․, Հակոբյան, Ա․ (խմբ․)․ (2019). Դրվագներ Հայաստանի խորհրդային անցյալից․ հայ-ադրբեջանական համակեցության հետքերով. ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ:
[1] Հովհաննիսյան, Դ․ (2017, դեկտեմբեր 20). Հայ-վրացական հարաբերություններ. կայուն զարգացման արդիականությունը. վերցվել է՝ https://cutt.ly/f4X2HZe
[3]Բուն TV. Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն | Աննա Գևորգյան | Աննա Օհանյան. վերցվել է՝ https://www.youtube.com/watch?v=icWoLTFEbVY
[4] Բուն TV. Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն | Աննա Գևորգյան | Աննա Օհանյան. վերցվել է՝ https://www.youtube.com/watch?v=icWoLTFEbVY
[5] Հովհաննիսյան, Ս․ (2014, օգոստոս 23)․ Հարավային Կովկաս. տարամետ տարածաշրջան․ civilnet.am. վերցվել է՝ https://bit.ly/3ldlwoE
[6] Հակոբյան, Թ․ (2017, հուլիս 10)․Հայաստան-Թուրքիա՝ հարյուրամյա դիվանագիտական հարաբերություններ․ civilnet.am.վերցվել է՝ https://cutt.ly/n85QOrt
[7] ՀՀ արտաքին գործերի նախարարություն․ Երկկողմ հարաբերություններ․Թուրքիա․ mfa.am․ վերցվել է՝ https://www.mfa.am/hy/bilateral-relations/tr
[8] Ասլանյան, Կ․ (2014, սեպտեմբեր 24)․Երևանը քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից ետ կանչելու հարցը․ azatutyun.am. վերցվել է՝ https://www.azatutyun.am/a/26604643.html
[9] ՀՀ արտաքին գործերի նախարարություն․ Երկկողմ հարաբերություններ․ mfa.am․վերցվել է՝ https://www.mfa.am/hy/bilateral-relations/tr
[10] azatutyun.am․ (2021, դեկտեմբեր). Թուրքիայի հետ երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի Ռուբեն Ռուբինյանը. վերցվել է՝ https://www.azatutyun.am/a/31615529.html
[i] Նեղ իմաստով տարածաշրջան ասելով՝ մենք՝ իբրև հետազոտողներ, նկատի ունենք Հարավային Կովկասը՝ էթնիկական, լեզվաբանական, կրոնական և աշխարհագրական բազմազանությամբ, ինչպես նաև պատմականորեն բռնի կոնֆլիկտներով, պատերազմներով և հանրային-քաղաքական տրավմաներով հարուստ քաղաքական սուբյեկտը, որ միավորում է Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին։ Չնայած պատմականորեն բարդ և կոնֆլիկտային հարաբերություններին՝ երեք պետությունները սկզբում Ռուսական կայսրության, այնուհետև՝ Խորհրդային Միության մաս լինելու համատեղ պատմություն ունեն։ Սակայն լայն իմաստով տարածաշրջան ասելով՝ մենք նկատի ունենք նաև հարավում և արևմուտքում Հայաստանին սահմանակից Իրանին և Թուրքիային, որոնց հետ հարաբերությունները ևս ունեն պատմական առանձնահատկություններ և բարդություններ։
Հետազոտության ժամանակ մենք չենք ուղղորդել մարդկանց մեր պատկերացումներով, խնդրել ենք նկարագրել և պատկերել տարածաշրջանն այնպես, ինչպես իրենք են պատկերացնում։
Չենք կարող չնշել, որ Հարավային Կովկասը, իբրև ձևակերպում և աշխարհաքաղաքական տարածաշրջան, ռուսական գաղութատիրության և ծավալապաշտական քաղաքականության նախագիծ է, որ սկիզբ է առել դեռևս 18-րդ դարում։ Հատկապես հայաստանյան հանրային-քաղաքական և պատմական մտածողության մեջ մուսուլման նվաճողներից՝ Պարսկաստանից և Օսմանյան կայսրությունից «ազատագրման» դիսկուրսը խորապես կապված է Ռուսական կայսրության, Ռուսաստանի ազդեցության ինդոկտրինացիայի և հիշողության քաղաքականությունների հետ։
[ii] Երեք փուլից բաղկացած խորքային սոցիոլոգիական ուսումնասիրությունն իրականացրել ենք 2022 թվականին։ Այն միտված էր վեր հանելու խաղաղության, տարածաշրջանի և Հայաստանի քաղաքական սուբյեկտության շուրջ գերիշխող քաղաքական դիսկուրսները և փորձագիտական մոտեցումները, ինչպես նաև խորապես քննելու հետպատերազմական իրադրության պայմաններում հասարակական մտահոգությունների բազմազանությունը, որ ընդգրկում է սոցիալ-տնտեսականի և ներքաղաքականի ոլորտները, ինչպես նաև հանրային պատկերացումները և դիրքորոշումները տարածաշրջանի, տարածաշրջանում հարևանների հետ հարաբերությունների, խաղաղության և ապագայի շուրջ։ Իրականացրել ենք 14 փորձագիտական հարցազրույց, քաղաքական ուժերի դիսկուրսների վերլուծություն և 23 ֆոկուս խմբային քննարկում Հայաստանի բոլոր մարզերում։
Ամբողջական վերլուծությունը հասանելի կլինի շուտով։
[iii] Ներքաղաքական համախմբվածության հարցի մանրամասն քննառությունը տեղ է գտել վերլուծության այլ՝ դեռևս չհրապարակված բաժիններում։
[iv] Չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը և ցամաքային սահմանների՝ տարիներ շարունակ փակ լինելուն՝ 1980-ականներից կանոնավոր կերպով իրականացվել են Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքները «Հայկական ավիաուղիներ» ընկերության կողմից։ Ցամաքային սահմանով 1992 թ․ սեպտեմբերին Թուրքիայից Հայաստան է բերվել 58 հազար տոննա հացահատիկ։ Սրան զուգահեռ՝ 1992-1993 թթ. հայ և թուրք դիվանագետները աշխատում էին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրության վրա, սակայն արձանագրությունը կիսատ մնաց այն բանից հետո, երբ 1993 թ․ հայկական ուժերը ներխուժեցին Քելբաջար, որին ի պատասխան Թուրքիան փակեց Հայաստանի հետ երկու սահմանները, չեղարկվեցին նաև չվերթերը։ Տե՛ս Հովհաննիսյան, Հ․ (2022, փետրվար 4)․ Թուրքիա-Հայաստան չվերթների պատմությունը. ե՞րբ է եղել առաջին թռիչքը․ civilnet.am. վերցվել է՝ https://cutt.ly/X85Qfpf; Հակոբյան, Թ․ (2017, հուլիս, 10). Հայաստան-Թուրքիա՝ հարյուրամյա դիվանագիտական հարաբերություններ․ civilnet. am. վերցվել է՝ https://cutt.ly/n85QOrt: